Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի ունեցավ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակմանը նվիրված ամենամեծ միջոցառումներից մեկը՝ «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը: Սա մի յուրօրինակ հարթակ է, որտեղ մարդիկ՝ փոքրից մեծ, գալիս են ոչ թե պարզապես տեսնելու, այլ՝ հարցնելու, սովորելու, մտածելու, հասկանալու և միասին Հայաստանը գիտությամբ ու տեխնոլոգիաներով զարգացնելու առաքելությամբ վառվելու։
Արդեն երկրորդ համահայկական «Գիտության շաբաթ»-ն այս տարի անցկացվեց «Զարգացնել գիտությամբ» խորագրով։ Վեց օր շարունակ Երևանի սիրտը՝ Ազատության հրապարակը, վերածվեց բաց լաբորատորիայի, որտեղ երեխաներն ու մեծահասակները բացահայտում էին գաղափարների, գիտափորձերի, ճարտարագիտության, հայտնագործությունների ու երևակայության անսահման աշխարհը։
Նշենք, որ միջոցառումն իրականացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Ռադիոլաբում հյուրընկալել ենք «Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանին, որի հետ էլ ամփոփել ենք «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը:





