Այսօր խոսելու ենք Spotify երաժշտության հոսքային հավելվածի մասին: Ի դեպ, Ռադիո Արևիկի հաղորդումները նույնպես կարող եք լսել այս հարթակում:
Պատկերացրեք 2006 թվականն է: Երաժշտություն լսելու համար պետք է կամ սկավառակ գնել կամ ներբեռնել այն ինտերնետից՝ բնականաբար հիմնականում ոչ օրինական ճանապարհով։ Երաժիշտները դժգոհ են, լեյբլները՝ կատաղած, դե իսկ մարդիկ էլ սովոր են լսել անվճար երաժշտություն։ Եվ հենց այդ քաոսի մեջ մի շվեդ ծրագրավորող ասում է․«Եթե մարդիկ ուզում են անվճար երաժշտություն, եկեք դա դարձնենք օրինական ու հարմար»։
Խոսքը Դանիել Էկի մասին է: Նա ծնվել ու մեծացել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում՝ սովորական ընտանիքում: 14 տարեկանում նա արդեն վեբկայքեր էր ստեղծում, 16-ում վաստակում էր սեփական եկամուտը, իսկ արդեն 20 տարեկանում ղեկավարում էր սեփական IT ընկերությունը:
Դանիելն ընդունվեց համալսարան, բայց ուսումն այդպես էլ չավարտեց՝ դուրս եկավ հենց առաջին կուրսից: Ոչ թե այն պատճառով, որ չէր կարողանում սովորել, այլ որովհետև նախընտրում էր աշխատանքը: Բայց եկեք չմոռանանք, որ խոսքն այստեղ միայն համալսարանական կամ, այսպես ասած, ֆորմալ կրթության մասին է: Իրականում շվեդ ծրագրավորողը երբեք չէր դադարում զբաղվել ինքնակրթությամբ․ անդադար պրպտելով, նոր նախագծեր ստեղծելով ու աշխատելով՝ նա կուտակում էր մեծ փորձ ու հմտություններ:
Ինչևէ, 2000-ականների կեսերին նա նկատեց մի կարևոր բան․ մարդիկ իրականում չեն ուզում զբաղվել երաժշտության «գողությամբ»: Նրանք պարզապես ուզում են հեշտ ու հարմար տարբերակ՝ իրենց սիրելի ստեղծագործությունները լսելու համար: Դանիել Էկի գաղափարը պարզ էր․բոլոր երգերը՝ մեկ հարթակում։ Ուզու՞մ ես անվճար լսել, խնդրեմ, բայց ստիպված ես երբեմն էլ գովազդ լսել: Խանգարու՞մ են այդ գովազդները քո ականջներին, ուրեմն՝ գնիր բաժանորդագրություն:
Երաժշտական լեյբլները պնդում էին՝ «Սա կսպանի մեր բիզնեսը»։ Նրանց համար Spotify-ի հայտնվելը սպառնալիք էր։ Մինչդեռ իրականում վտանգն արդեն կար՝ պիրատությունը, կամ, հայերեն ասած՝ ձայնահենությունը:
Էկն ամիսներ շարունակ բանակցում էր։ Նա համոզում էր ոչ թե թվերով, այլ տրամաբանությամբ․ «Կամ դուք վերահսկում եք ապագան, կամ այն պարզապես ոտնատակ կտա ձեզ»։ Գուցե կոպիտ ու մի քիչ էլ կտրուկ ձևակերպում էր, բայց լիովին արտացոլում էր իրականությունը:
Գործարկման հենց սկզբից Spotify-ն ուներ մի առավելություն, որը մինչ այդ ոչ ոք չուներ՝ արագությունը: Երգը սկսում էր հնչել գրեթե անմիջապես՝ առանց երկար բեռնելու։ Հարթակն օգտագործում էր peer-to-peer տեխնոլոգիա՝ հիշեցնելով հին ու ավանդական «տոռենտները», բայց, բնականաբար, օրինական ճանապարհով: Սա հեղափոխություն էր։ Մարդիկ մոռանում էին, որ օգտվում են սթրիմինգային ծառայությունից. նրանք պարզապես երաժշտություն էին լսում։
Ժամանակի ընթացքում Spotify-ը հասկացավ, որ պարզապես երաժշտություն տրամադրելը բավարար չէ։ Այդպես ծնվեց Discover Weekly-ը՝ նոր երգեր հենց ձեզ համար: Դրանք նոր էին, բայց ոչ պատահական ընտրությամբ։ Spotify-ն սկսեց ուսումնասիրել ոչ միայն այն, թե ինչ ենք լսում, այլև՝ ինչպես ու երբ ենք լսում՝ առավոտյա՞ն, մարզասրահո՞ւմ, թե՞ գիշերը։ Եվ մարդիկ զգացին, որ ինչ-որ մեկն իրենց ճաշակն իսկապես հասկանում է։
Այսօր Spotify-ն ունի հարյուր միլիոնավոր օգտատերեր,բայց դժգոհություններն էլ քիչ չեն: Երաժիշտները բողոքում են, որ հեղինակային իրավունքի դիմաց վճարները չնչին են։ Իսկ Դանիել Էկը այս և այլ քննադատություններին պատասխանում է․ «Մենք չենք սպանել երաժշտությունը։ Մենք այն փրկել ենք»։
2011 թվականին աշխարհում երաժշտական սթրիմինգի տարեկան եկամուտը կազմում էր ընդամենը 600 միլիոն դոլար. սա չնչին թիվ էր, որը գրեթե չէր ծածկում ոլորտի ծախսերը: Դրան զուգահեռ՝ ֆիզիկական ալբոմների վաճառքը գնալով անկում էր ապրում: Սակայն 2020-ին պատկերն արդեն կտրուկ փոխվեց. սթրիմինգն ապահովում էր համաշխարհային երաժշտական եկամտի 62%-ը: Սա նշանակում է, որ Spotify-ը ոչ միայն տեխնոլոգիական խնդիր լուծեց, այլև հեղափոխություն կատարեց ամբողջ երաժշտական ոլորտում:
Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ մարդկանց հետաքրքրում են ոչ միայն 3 րոպեանոց երգերը, այլ նաև աուդիոբովանդակությունն առհասարակ: Այդպես Spotify-ում հայտնվեցին փոդքասթները: Ընկերությունը մեծ ներդրումներ արեց՝ գնելով ստեղծագործական տարբեր ընկերություններ (Gimlet Media, Parcast, Anchor): Այս քայլով Spotify-ը դարձավ ոչ միայն լսելու հարմար հարթակ, այլև հնարավորություն տվեց յուրաքանչյուրին՝ ստեղծելու սեփական աուդիոբովանդակությունը։
Հարթակը վերածվեց աուդիո-էկոհամակարգի: Այսօր, երաժշտությունից ու փոդքասթից բացի, օգտատերերը կարող են լսել աուդիոգրքեր և նույնիսկ մասնակցել քննարկումների՝ Spotify Live-ի միջոցով: Սա է պատճառը, որ Spotify-ը գնալով սկսում է նմանվել Instagram-ին կամ TikTok-ին՝ դառնալով սոցիալական հարթակ։ Բայց կա մեկ կարևոր տարբերություն՝ այստեղ ամեն ինչ հիմնված է ձայնի վրա:
Դանիել Էկը պնդում է՝ սխալ է կարծել, թե ապագան պատկանում է միայն վիդեոյին: Ձայնը հզոր գործիք է՝ լինի դա երաժշտություն, պատմություն, թե կրթություն: Այսօր Spotify-ը մի վայր է, որտեղ երաժշտությունն ու ձայնային պատմությունները միասին դառնում են նոր մշակույթ։
Մենք «Ռադիոլաբում» կարևորում ենք նման պատմությունները՝ խոսելով ոչ թե իդեալական հերոսների, այլ համարձակ որոշումների մասին,որոնք փոխում են աշխարհն ու մեզ:





