Ռադիոլաբ

«Shazam.Ինչպե՞ս հեռախոսը սովորեց ճանաչել երաժշտությունը»

Վստահ ենք շատերիդ հեռախոսներում կա Shazam հավելվածը՝ մելոմանների փրկիչը: Այս թողարկմանը կիմանանք ե՞րբ և ինչպե՞ս է ստեղծվել այն ու ամենակարևորը՝ ինչպե՞ս է աշխատում:

Այսօր, երբ մի երգ ենք լսում սրճարանում, մեքենայում կամ պարզապես ինչ-որ մեկի հեռախոսից, մենք այլևս չենք հարցնում՝ «Ի՞նչ երգ է սա»։ Մենք պարզապես հանում ենք հեռախոսը, բացում Shazam-ը, մի քանի վայրկյան սպասում… և ստանում պատասխանը։

Հիմա սա շատ սովորական է դարձել, բայց եկեք մի պահ կանգ առնենք ու հարցնենք ինքներս մեզ. «Իսկ ինչպե՞ս հնարավոր դարձավ այս գործառույթը, որ մի փոքրիկ հավելված կարողանա ճանաչել երաժշտությունը աղմուկի, բարձր ձայների ու նույնիսկ վատ որակով ձայնի դեպքում»։

Shazam-ը պարզապես հավելված չէ։ Դա մի գաղափար է, որը ծնվել է այն ժամանակ, երբ սմարթֆոններ դեռ չկային։

Shazam-ի պատմությունն սկսվում է 1999 թվականից, Մեծ Բրիտանիայում։ Այդ ժամանակ ոչ iPhone կար, ոչ Android, ոչ էլ սովորական դարձած հավելվածները: Գաղափարի հեղինակներից մեկը Քրիս Բարթոնն էր՝ ինժեներ, որը հետաքրքրված էր ազդանշանների մշակմամբ։ Նրա հետ  նախագծի վրա աշխատում էին Ֆիլիպ Ինգելբրեշտը, Էյվերի Վանգն ու Դիրաջ Մուքըրջին:

Թեև նրանց գաղափարը պարզ էր ձևակերպված, սակայն չափազանց բարդ էր իրականացնելու համար. հեռախոսը պետք է կարողանար լսել երաժշտությունը և ընկալեր, թե կոնկրետ որ ստեղծագործությունն է դա։ Այդ տարիների համար սա ֆանտաստիկայի ժանրից էր։

Հիմա կհարցնեք՝ եթե սմարթֆոններ չկային, ո՞նց էր աշխատում այս հրաշքը: Բանն այն է, որ սկզբում Shazam-ը հավելված չէր։ Դա ծառայություն էր, որն աշխատում էր SMS-ի և հեռախոսազանգի միջոցով։ Դու զանգում էիր հատուկ համարի, հեռախոսը լսում էր երաժշտությունը, և մի քանի վայրկյան անց քեզ SMS էր գալիս՝ երգի անվանումով։

Պատկերացրեք՝ 2002 թվականն է, դուք կանգնած եք ակումբում, հնչում է բարձր երաժշտություն, ուզում եք իմանալ՝ ո՞ր երգն է։ Զանգահարում եք այդ համարին, պահում հեռախոսը բարձրախոսի մոտ ու ստանում հաղորդագրությունը։ Այդ ժամանակ դա իսկապես հրաշք էր։

Սակայն բոլորը չէ, որ հավատում էին այս գաղափարին… Շատ ներդրողներ չէին հասկանում, թե ում է պետք սա և ի պատասխան հիմնադիրների ասում․ «Մարդիկ միշտ էլ կարող են պարզապես հարցնել, թե ի՞նչ երգ է հնչում»։ Բայց Shazam-ի ստեղծողները գիտեին մի կարևոր բան՝մարդիկ չեն սիրում հարցնել, նրանք սիրում են պատասխանն ստանալ անմիջապես։

Բացի այդ, Շազամի գաղափարն առաջացել էր մի ժամանակաշրջանում, երբ հաշվարկային համակարգերի հզորությունները սահմանափակ էին, ինտերնետը՝ դանդաղ, իսկ սերվերները՝ չափազանց թանկ։

 Լավ, իսկ ինչպե՞ս է աշխատում Shazam-ը՝ պարզ լեզվով… Shazam-ը չի «լսում» երգն այնպես, ինչպես մենք։ Այն չի ճանաչում բառերը, մեղեդին կամ ռիթմը մեր պատկերացրած ձևով. այն ստեղծում է «ձայնային մատնահետք»։

Մանրամասնենք․․․երբ միացնում եք Shazam-ը, հավելվածը վերցնում է մի քանի վայրկյան ձայն և այն վերածում թվային գրաֆիկի։ Այդ գրաֆիկում առանձնացվում են ամենաուժեղ հաճախականությունները,այսպես ասած «ձայնային «գագաթները»։ Այդ գագաթների համադրությունը դառնում է յուրահատուկ կոդ՝ ճիշտ այնպես, ինչպես մարդու մատնահետքը։ Այդ կոդը համեմատվում է Shazam-ի հսկայական բազայի հետ, որտեղ պահված են միլիոնավոր երգերի մատնահետքեր։ Եթե կա համընկնում, համակարգը ճանաչում է երգը՝ անկախ նրանից, թե որքան աղմոտ է միջավայրը: Սա է Shazam-ի իրական կախարդանքը։

Հավելվածի ալգորիթմը նախագծված է այնպես, որ գործիքն անտեսի երկրորդական աղմուկը։ Խոսակցությունները կամ մեքենաների ձայները Շազամի համար խոչընդոտ չեն. այն կենտրոնանում է միայն այն հաճախականությունների վրա, որոնք բնորոշ են հենց տվյալ երգին։

Երբ հայտնվեցին iPhone-ներն ու Android սմարթֆոնները, Shazam-ը նոր թափ հավաքեց։ Այն դարձավ հավելված, և դրա օգտագործումը դարձավ անհամեմատ պարզ: Միլիոնավոր մարդիկ սկսեցին ամեն օր օգտագործել այն՝ ոչ միայն երգեր ճանաչելու, այլ նաև նոր երաժշտություն բացահայտելու համար։ Այդ իմաստով Shazam-ը դարձավ տվյալների իսկական «ոսկու հանք»:

Ժամանակի ընթացքում այն դարձավ կարևոր գործիք նաև երաժշտական ինդուստրիայի համար։ Եթե մի երգ շատ է որոնվում Shazam-ում, նշանակում է՝ մարդիկ հետաքրքրված են դրանով։ Սա պրոֆեսիոնալների համար ազդանշան է, որ երգը շուտով կարող է հիթ դառնալ։ Եվ երաժշտական լեյբլներն սկսեցին հետևել Shazam-ի վիճակագրությանը, որպեսզի հասկանան՝ ով է լինելու հաջորդ համաշխարհային աստղը։

2018 թվականին Apple-ը գնեց Shazam-ը մոտ 400 միլիոն դոլարով։ Եվ սա պատահական գնում չէր։ Apple-ը հասկանում էր, որ երաժշտությունը ոչ միայն բովանդակություն է, այլև տվյալներ ու վարքագիծ։ Այսօր Shazam-ն ամբողջովին  ինտեգրված է iOS համակարգում, ու երբեմն դուք նույնիսկ չեք էլ նկատում, որ այն աշխատում է։

Shazam-ի պատմությունը ցույց է տալիս, որ մեծ տեխնոլոգիաները միշտ չէ, որ սկսվում են ճանաչված ու հզոր հարթակներից: Երբեմն դրանք սկսվում են շատ պարզ մի հարցից. «Ի՞նչ երգ է սա»։ Եվ երբ գտնում ես այդ հարցի ճիշտ պատասխանը, դու փոխում ես ոչ միայն տեխնոլոգիան, այլ նաև մարդկանց սովորությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button