Մեկ տարվա դադարից հետո, այս տարի, ‹‹Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան: Նա մրցույթին պետք է մասնակցեր անցած 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Հայաստանի մասնակցությունը չեղարկվեց։ Այս տարի «Մանկական Եվրատեսիլ-2021-ը» տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Փարիզի «La Seine Musicale» համերգային համալիրում։ Մալենան հանդես կգա ‹‹Քամի, քամի›› երգով։
Հայաստանում ստեղծված և արհեստական բանականությամբ օժտված ‹‹Ռոբին›› ռոբոտին ‹‹Թայմ›› պարբերականը ճանաչել է տարվա լավագույն գյուտ։ Expper Technologies թիմի կողմից ստեղծված երկաթե մարդուկի առաքելությունը բուժման մեջ գտնվող երեխաներին օգնելն է, նաև, մեծերին՝ հաղթահարել սթրեսն ու ավելի թեթև անցկացնել բուժման ընթացքը։ Պարբերականը բարձր է գնահատել Ռոբինի դերը հիվանդների կյանքի և առողջության վրա դրական ազդեցության գործում։ Ռոբինի հնարավորություններն արդեն օգտագործվում են աշխարհի 12 բուժհաստատություններում և առաջիկա ամիսներին նախատեսվում է նրա ներկայությունն ապահովել ԱՄՆ ևս 100 բուժհիմնարկներում։
‹‹Զարթուցիչ››-ի հյուրասրահում էլ այսօր մի հետաքրքիր աղջկա հետ ենք ծանոթանալու` Կատրինի։ Նա շատ համեղ ու փխրուն զեֆիրներ է պատրաստում ու վաճառում։ Ամեն ինչ սկսվեց համաճարակի ժամանակ։ Թերթելով համացանցի խոհարարական էջերը, Կատրինը կանգ առավ զեֆիրների բաղադրատոմսի վրա և որոշեց պատրաստել։ Առաջինը փորձեց տատիկը ու մի քանի շտկումներից հետո ստացվեցին համեղ ու փխրուն զեֆիրներ։ Հետո Կատրինի հարազատներն առաջարկեցին բացել Little Sweet Chef ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը և զեֆիրներ առաջարկել գնորդներին։ Մյուս մանրամասները՝ զրույցի ընթացքում։