Ռադիոլաբ

Ի՞նչ խաղեր են ստեղծել GGJ-ի մասնակիցները 48 ժամում․ Ռադիոլաբ

Եթե լսել եք մեր նախորդ թողարկումը, ուրեմն հիշում եք, որ գնացել էի խաղերի զարգացման ամենամյա GCON 2023 կոնֆերանսին ու ներկայացնում էի զրույցներ խաղային ինդուստրիայով զբաղվող մասնագետների հետ: Այսօր կշարունակենք մեր հանդիպումները , իսկ հաղորդման երկրորդ հատվածում կիմանանք, թե ինչպես անցավ  Global Game Jam Armenia հաքաթոնը:

GCON 2023-ին ելույթով հանդես եկավ նաև «Նուռ գեյմս» ընկերության հիմնադիր Նարեկ Աղեկյանը, որը խոսում էր խաղերի ստեղծման մեջ տվյալագիտության դերի մասին: Խոսեցինք նաև «ArmNomads Games» ընկերության համահիմնադիր, նկարիչ Նարեկ Սամվելյանի հետ։ Ընկերությունն արդեն 7 տարի է ինչ գործում է, թողարկում է փոքր խաղեր, որոնք մեծ հաջողություն են ունենում:

Ելույթներից մեկը վերնագրված էր այսպես. «Հոգեբանությունը վիդեո և մոբայլ խաղերում»: Թեմայի շուրջ խոսեցինք խաղերի նախագծող Մելինե Սահակյանի հետ։

Հաճելի էր տեսնել, որ խաղերի ստեղման ինդուստրիայով զբաղվող ոչ մեծաթիվ հայկական ընկերությունները համախմբվել են նույն հարթակում:

Փետրվարի 3-ից 5-ը «Նուռ գեյմսի» ու Թումո լաբերի նախաձեռնությամբ անցկացվեց Global Game Jam-ը: Խաղերի ստեղծման ամենակրեատիվ հաքաթոնի ընթացքում մասնակիցները 48 ժամում պետք է ստեղծեին նոր խաղ:

«Նուռ գեյմս» ընկերության տեխնիկական տնօրեն Տիգրան Մինասյանի խոսքով՝ ուրախությամբ են նկատել, որ շատերը երկրորդ կամ երրորդ անգամ են մասնակցում ջեմին: Կային նաև նոր դեմքեր: Միջոցառմանը ներկա էին նաև մենթորներ՝ ոլորտի փորձառու մասնագետներ, ովքեր իրենց խորհուրդներով ու միջամտություններով օգնում էին թիմերին:

Խաղերի գաղափարի համար առաջարկվող թեման Արմատներն էր: Դրանով էր պայմանավորված նաև, որ թիմերը ստեղծել էին հայկական մոտիվներով խաղեր: Դրանցից մեկում, օրինակ, պետք էր կռահել թե որ հանրահայտ հայի մասին է խոսքը: Թիմեր էլ կային, որոնք «Արմատներ» թեման ներկայացրել էին մաթեմատիկական գործողության տեսքով կամ էլ օգտագործել էին այն որպես ծառի արմատ, որին պետք է ջրել։

Global Game Jam Armenia 2023 հաքաթոնի նպատակներից է այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ մարդիկ կփորձեն խաղ ստեղծել, կսովորեն իրարից ու կսովորեցնեն իրար: Դժվար է պատկերացնել մեկ այլ հարթակ, որտեղ կարող ես հանդիպել պրոֆեսիոնալ խաղ նախագծողների, ներկայացնես քո գաղափարներն ու նախկինում փորձ չունենալով՝ իրականություն դարձնես այն:

Ցուցադրել ավելի
Back to top button