Զարթուցիչ

Երեխաներ, որ փոխել են աշխարհը․ Զարթուցիչ 

Քանի որ երեկ՝ հունիսի 1-ին, նշվում էր երեխաների պաշտպանության օրը, առաջարկում ենք ծանոթանալ մի քանի հայտնի երեխաների հետ, որոնք 18 տարին չլրացած, կարողացել են փոփոխություններ բերել աշխարհում։

Առաջինը մեր ցանկում Խաղաղության Նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդ, կլիմայի փոփոխության 17-ամյա շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգն է։ Նա  միայնակ դասադուլ սկսեց Շվեդիայի խորհրդարանի առաջ՝ բարձրաձայնելով կլիմայի փոփոխության խնդիրների մասին և, ի վերջո,  ոգեշնչեց միլիոնավոր մարդկանց ցույցերի դուրս գալ ամբողջ աշխարհում:

Երբևէ լսե՞լ եք Ջահկիլ Ջեքսոնի մասին։ Ընդամենը 8 տարեկանում  նա իր մորաքրոջ հետ սկսեց ուտելիք բաժանել Չիկագոյի հարավային մասի անօթևաններին և ստեղծեց «ես եմ» նախագիծը։ Դրա շնորհիվ հավաքում էր պայուսակներ, որոնք պարունակում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Ջեքսոնն այժմ 15 տարեկան է ու իր գործունեության ընթացքում կարողացել է օգնել ավելի քան 100 հազար կարիքավոր մարդկանց։  

Խոսել հայտնի երեխաներից և չխոսել Մալալա Յուսուֆզայինից անհնար է։ Երբ թալիբները վերահսկողության տակ առան Պակիստանի նրա գյուղը, աղջիկը զրկվեց դպրոց գնալու իրավունքից։ Այդ ժամանակ նա 11 տարեկան էր և կեղծանվան տակ սկսեց բլոգ վարել BBC–ի Urdu–ում, որտեղ նա մանրամասն նկարագրում էր իր առօրյան և կյանքը թալիբների իշխանության գալուց հետո։ 15 տարեկանում թալիբները կրակեցին Մալալային՝ իր գործունեության համար, սակայն աղջիկը ողջ մնաց։  Ծանր վնասվածքից բուժվելուց հետո, նա բացեց «Մալալա» հիմնադրամը և դարձավ աղջիկների իրավունքների պաշտպանն ամբողջ աշխարհում։ Նա նաև նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրն է։

Հաջորդը մեր ցանկում Ռայան Հիքմանն է։ Երբ 3 տարեկանում այցելեց Կալիֆոռնիայի վերամշակման գործարան, նա ոգեշնչվեց և սկսեց հավաքել աղբը և տեսակավորել։ 2012 թվականին իր ծնողների օգնությամբ տղան հիմնեց «Ռայանի Վերամշակման ընկերությունը» և փորձեց ամեն կերպ հեռու պահել պլաստիկը օվկիանոսից։ Այս տարիների ընթացքում Ռայանին հաջողվել  է ավելի քան 83 տոննա ապակյա տարա վերամշակել։  

Եվ վերջինը մեր ցանկում Մելատի և Իզաբել Վայսեններն են։ Ինդոնեզացի քույրերի առաքելությունն է կանխել պլաստիկի թափոնների հայտնվելը օվկիանոսում։ 2013 թվականին 10 և 12 տարեկան երեխաները ոգեշնչվելով Մահաթմա Գանդիի և  Նելսոն Մանդելայի մասին դասերից, սկսեցին ստորագրահավաք անել, որպեսզի կառավարությունը միջոցներ ձեռնարկի պլաստիկ թափոնների դեմ։ Աղջիկները  սեփական նախաձեռնությամբ սկսեցին լողափերի մաքրման աշխատանքներ կատարել, և նույնիսկ որոշեցին հացադուլ անել, ինչպես Գանդին է արել։ Ի վերջո նրանք հնարավորություն ունեցան հանդիպել տեղի մարզպետի հետ։ Մի քանի տարի աշխատանքներ իրականացնելուց հետո, քույրերը հասան իրենց նպատակին՝ կառավարությունը որոշում ընդունեց արգելել մեկանգամյա պլաստիկ տոպրակների օգտագործումը։

Ցուցադրել ավելի
Back to top button