Այս թողարկմանը միասին ամփոփելու ենք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 2024 թվականի գործունեությունը և խոսելու ենք այս տարվա ծրագրերի մասին:
Վայոց ձորի հարյուրավոր պատանիների համար Թումոն օր առաջ հասանելի դարձնելու նպատակով 2024-ին գործարկվեց Եղեգնաձորի Թումոն՝ 6 տուփերից բաղկացած ժամանակավոր կենտրոնի միջոցով: Այսպիսով Վայոց ձորը դարձավ երրորդ մարզը, որտեղ Թումոն հասանելի է մարզի բոլոր պատանիների համար:
Ներդրվում է նոր կրթական ծրագիր՝ Արհեստական բանականության (ԱԲ) հմտություններ:
2025-ի գլխավոր նպատակը Թումո Վանաձորն է: Առաջին քայլերն արդեն արված են: Սպայի տան գեղեցիկ պատմական շենքն արդեն սպասում է իր վերածննդին որպես Թումո կենտրոն, իսկ վերակառուցման աշխատանքները սկսելու նպատակով մեկնարկել է դրամահավաք:
Այս տարվա մարտի 2-ին պաշտոնապես իր դռները կբացի Կապանի Թումո կենտրոնը: Տեղի է ունենալու մեծ հանրային միջոցառում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Իսկ արդեն մարտի 15-ին կմեկնարկի համաշխարհային մեծ կոնֆերանս՝ «ԱԲ-ն պատանիների համար — Ai for teens»: Այն 20-24 ժամ առանց դադարի ուղիղ հեռարձակման միջոցով տեղի է ունենալու աշխարհի 15 կետերից (Հայաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Գերմանիա և այլն): Հիմնական խոսնակները լինելու են հենց պատանիները: Պատանիները կխոսեն պատանիների հետ, պատանիների համար՝ արհեստական բանականության մասին:
Ռադիոլաբում հյուրընկալել ենք Թումո կենտրոնի հանրային կապերի, միջոցառումների և հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանին:





