Արդեն ավանդույթ է դարձել, որ Ռադիոլաբի գրեթե բոլոր թողարկումների ընթացքում անդրադառնում ենք արհեստական բանականությանը: Դե, փոփոխվող աշխարհում էլ ինչ նորարարություն առանց արհեստական բանականության: Ուզում ենք Ձեզ ներկայացնել այս թեմայով մեր հերթական էջը: Եվ այսպես՝ «Ամենաառաջադեմ AI մոդելները․ ի՞նչ են անում եւ ինչպե՞ս օգտագործել դրանք»:
Նոր AI մոդելները ստեղծվում են աներեւակայելի արագությամբ և վերջին մոդելներին հետեւելն ու դրանց հետ ծանոթությունը հաճախ կարող է շփոթեցնող լինել։
Դժվար է հասկանալ, թե մարդիկ եւ ընկերություններն ինչպես են օգտագործում դրանք։ Սա պարզեցնելու համար ներկայացնում ենք 2025 թվականին թողարկված ամենաառաջադեմ AI մոդելները՝ մանրամասնելով, թե ինչու են դրանք լավագույնը և ինչպես օգտագործել:
Այս պահին գոյություն ունի բառացիորեն ավելի քան մեկ միլիոն AI մոդել։ Օրինակ՝ Hugging Face հարթակում ներկայացված է ավելի քան 1 միլիոն 400 հազար մոդել։ Հետևաբար, այսօրվա ցանկում առանձնացրել ենք միայն լավագույններին:
Եվ այսպես, ներկայացնում ենք 2025-ին թողարկված AI մոդելները:
xAI — Grok 3
Grok 3 մոդելն Իլոն Մասկի հիմնած xAI ստարտափի վերջին թողրակված առաջատար մոդելն է։ Հայտնի է, որ այն գերազանցում է այլ առաջատար մոդելներին մաթեմատիկայի, գիտության եւ կոդավորման ոլորտներում։ Մոդելի օգտագործումը պահանջում է X Premium բաժանորդագրություն, որի արժեքը ամսական 50 դոլար է: Համաձայն որոշ ուսումնասիրությունների՝ Grok 2-ը քաղաքականապես հակված էր ձախ գաղափարախոսությանը, ինչից հետո Մասկը խոստացել էր այն դարձնել «քաղաքականապես ավելի չեզոք»։
OpenAI — o3-mini
Սա OpenAI-ի նորագույն տրամաբանական մոդելն է, որը օպտիմիզացված է STEM առարկաների համար։ Չնայած այն OpenAI-ի ամենահզոր մոդելը չէ, սակայն ընկերությունը նշում է, որ այն ավելի փոքր է եւ զգալիորեն ցածր արժեք ունի։ Հասանելի է անվճար, սակայն ինտենսիվ օգտագործման համար պահանջում է բաժանորդագրություն։
OpenAI — Deep Research
OpenAI-ի Deep Research-ը նախատեսված է խորացված հետազոտությունների համար՝ հստակ հղումներով։ Ծառայությունը հասանելի է միայն ChatGPT-ի ամսական 200 դոլար արժեքով Pro բաժանորդագրությամբ։ OpenAI-ը խորհուրդ է տալիս այս մոդելը կիրառել գիտական հետազոտություններից մինչեւ առեւտրային ուսումնասիրություններ կատարելիս, սակայն հարկ է հիշել, որ AI-ի այսպես ասած «հալյուցինացիաների» խնդիրը դեռ առկա է։
Mistral — Le Chat
Mistral-ը ներկայացրել է Le Chat-ի հավելվածային տարբերակը՝ որպես բազմաֆունկցիոնալ AI անձնական օգնական։ Ֆրանսիական ընկերությունը պնդում է, որ Le Chat-ը պատասխաններ է տալիս ավելի արագ, քան որեւէ այլ չատբոտ։ Այն նաեւ ունի վճարովի տարբերակ, որն ապահովում է AFP լրատվական գործակալության թարմացված նորությունները։ Le Monde-ի փորձարկումները ցույց են տվել, որ թեև Le Chat-ի աշխատանքը տպավորիչ է, սակայն այն ավելի շատ սխալներ է թույլ տալիս, քան ChatGPT-ն։
OpenAI — Operator
OpenAI-ի Operator-ը կարելի է օգտագործել որպես անձնական օգնական, որը կարող է ինքնուրույն կատարել առաջադրանքներ, օրինակ՝ օգնել մթերքներ գնելու հարցում։ Այն նույնպես պահանջում է Pro բաժանորդագրություն։ AI գործիքը մեծ ներուժ ունի, բայց դեռեւս փորձնական փուլում է։ Washington Post-ի փորձարկումներից մեկի ժամանակ Operator-ն ինքնուրույն որոշել էր պատվիրել 12 ձու եւ վճարել 31 դոլար՝ օգտագործողի բանկային քարտով։
Google — Gemini 2.0 Pro Experimental
Google-ը պնդում է, որ Gemini-ի շատ սպասված առաջատար մոդելը գերազանց տարբերակ է կոդավորման եւ ընդհանուր գիտելիքների որոնման աշխատանքներում։ Այն ունի գերճանաչողական համատեքստային պատուհան՝ 2 միլիոն թոքենով, ինչն օգտակար է մեծ ծավալով տեքստերն արագ մշակելու համար։ Ծառայությունը պահանջում է Google One AI Premium բաժանորդագրություն՝ ամսական 19.99 դոլար արժեքով։





