Այս թողարկմանը պատմելու ենք մի նորույթի մասին, որը վերջերս ներկայացրեց Apple ընկերությունը: Խոսքը ընկերության կողմից ստեղծված արհեստական բանականության՝ Apple intelligence-ի մասին է: Ի՞նչ է իրենից ներկայացնում այս համակարգը, ինչո՞վ է այն տարբերվում արդեն իսկ գոյություն ունեցող արհեստական բանականության մոդելներից և ամենակարևորը՝ արդյո՞ք՝ իր հերթին փոփոխություններ կբերի և կազդի մեր ամենօրյա տեխնոլոգիական վարքագծի վրա:
Հունիսին կայացած շնորհանդեսի ընթացքում ընկերությունը ներկայացրեց մի նորույթ, որի շուրջ քննարկումները համացանցում դեռ շարունակվում են: Խոսքը Apple Intelligence-ին է վերաբերում։ Այո, ճիշտ կարդացիք՝ ոչ թե Artificial Intelligence, այլ հենց Apple Intelligence։ Apple Intelligence-ը ոչ թե պարզապես նոր Siri է կամ մի նոր հավելված, այլ ամբողջական ԱԲ համակարգ է, որը դառնում է iPhone-ի, iPad-ի ու Mac-ի մասնիկը։ Այլ կերպ ասած սա Apple-ի որոշումն է իր էկոհամակարգում ոչ թե ներդնել արդեն իսկ գոյություն ունեցող արհեստական բանականություն, այլ ստեղծել նորը՝ սեփականը:
Apple-ը չի ուզում, որ արհեստական բանականությունը պարզապես պատասխանի օգտատիրոջ հարցերին կամ ստեղծի նկարներ։ Նրանք ասում են՝ ԱԲ-ը պետք է օգնի ձեզ անել այն, ինչն արդեն անում եք՝ ուղղակի ավելի լավ, արագ ու խելացի ձևով։ Հիմա թվարկենք մի քանի գործառույթ:
- Օրինակ՝ձեզ պետք է բոլոր ստացված նամակներին ծանոթանալ ամփոփ տարբերակով. Apple Intelligence-ը կկարդա ամեն ինչ ձեր փոխարեն ու կառաջարկի կարճ ամփոփում։
- Հեռախոսում ունե՞ք 150 լուսանկար և ուզում եք գտնել այն մեկը, որտեղ ասենք կրում եք կապույտ վերնաշապիկ և կանգնած եք ձեր շան կողքին։ Այո, նա գտնում է հենց այդ նկարը:
- Siri-ին կարելի է տալ օրինակ նման մի հրահանգ. «Երբ վերադառնամ տուն, ինձ հիշեցրու հանդիպման մասին»։ Նա արդեն կհասկանա, թե երբ եք տուն հասել, նույնիսկ եթե կնոկրետ ժամը չեք նշել:
- Ամենահետաքրքիրը, թերևս, այն է, որ Siri-ն կկարողանա հավելվածներում գործողություններ կատարել օգտատիրոջ փոխարեն, ընդորում՝ ոչ միայն հենց Apple-ի, այլ նաև երրորդ կողմի մշակողների հավելվածներում: Միջոցառման ժամանակ Apple-ը ցուցադրել է, թե ինչպես է օգտատերը Siri-ին խնդրում խմբագրել պատկերը Photos հավելվածում, իսկ ինքը հետևում է այդ գործողությանը։
- Siri-ն կհասկանա նաև, թե ինչ է կատարվում էկրանին։ Օրինակ՝ եթե ինչ-որ կայքում լրացնում եք ձևաթուղթ, որը պահանջում է ձեր վարորդական իրավունքի համարը, Siri-ն կարող է ավտոմատ կերպով գտնել ձեր ID-ի լուսանկարը և ստանալ համապատասխան համարը՝ ձեր անունից դաշտը լրացնելու համար:
Ընկերությունը նշել է, որ ԱԲ-ի գործառույթները կիրականացվեն լոկալ սարքում՝ տեղեկատվությունը գաղտնի պահելու համար: Այդ համակարգը կոչվում է On-device Intelligence և կարող ենք ասել, որ այսպիսով գաղտնիության նոր փիլիսոփայություն է ձևավորվում: Պարզ ասած Apple Ai-ի այս բոլոր գործողությունները չեն արվելու սերվերների վրա։ Ի տարբերություն այլ համակարգերի, որոնք ամեն ինֆորմացիա «ուղարկում են ամպ», Apple-ը ստեղծել է համակարգ, որը կոչվում է «on-device intelligence»։ Այսինքն՝ տվյալների մեծ մասը մշակվում է հենց սարքի ներսում։ Իսկ երբ դա հնարավոր չէ՝ ԱԲ-ը կդիմի ամպային ծառայության օգնությանը: Կօգտագործվի խիստ պաշտպանված, անանունացված համակարգ, որտեղ նույնիսկ Apple-ը չի կարող տեսնել, թե կոնկրետ ինչ եք արել։
Այս կարգավորումը բխում է մի պարզ փիլիսոփայությունից. տվյալները քոնն են, և ԱԲ-ն պարտավոր է հարգել դա։ Այս մոտեցումը բերում է վստահության մի նոր շերտ՝ հատկապես այս օրերին, երբ մարդիկ սկսել են կասկածանքով նայել թե՛ համացանցին, թե՛ արհեստական բանականությանը։
ChatGPT-ն կհայտնվի iOS, macOS և iPadOS համակարգերում՝ որպես չաթբոտ, որին Siri-ն կդիմի այն դեպքերում, երբ դժվարանա ինքնուրույն կատարել տրված առաջադրանքը: Շատ հետաքրքիր է նաև, որ չափազանց զգուշավոր և վերահսկողություն սիրող Apple-ը համագործակցում է OpenAI-ի հետ։ Սակայն՝սարքը նախ կխնդրի օգտատիրոջ թույլտվությունը: «Թույլ կտա՞ս հարցն ուղղեմ ChatGPT- ին» — կհարցնի Siri-ն, օգտատիրոջ դրական պատասխանի դեպքում հարցումը կտեղափոխվի ChatGPT-ի համակարգ: Փաստացի նման դեպքերում Siri-ն կգործի որպես միջնորդ: Ի դեպ, այս ինտեգրումն անվճար է, և օգտատերերից չի պահանջվի OpenAI-ում հաշիվ գրանցել:
Իսկ երբվանի՞ց և ո՞ր սարքերում է հասանելի դառնալու այս նորույթը: Այստեղ մի փոքր հիասթափության նոտա կա։ Այս հնարավորությունից օգտվելու համար նախ պետք է ձեռք բերել A17 Pro չիպով կամ M1-ից բարձր սերիայի պրոցեսորով աշխատող սարք: Apple Intelligence համակարգը աշխատելու է միայն՝ iPhone 15 Pro/Pro Max և ավելի բարձր մոդելներում: Դա նշանակում է՝ նույնիսկ եթե ունես iPhone 14 Pro՝ չես ստանա այս նորույթը։
Եթե խոսենք ավելի գլոբալ՝ Apple-ը ոչ միայն ստեղծում է իր սեփական ԱԲ համակարգը, այլև ցույց է տալիս օրինակ, թե ինչպես կարող են ԱԲ գործիքներն աշխատել ավելի խելացի՝ միաժամանակ ապահովելով հարմարավետություն ու ձևավորել խորը վստահության մթնոլորտ: Իհարկե, Apple-ը շուկայի միակ խաղացողը չէ։ Google-ն իր Gemini-ն ունի, Microsoft-ը՝ Copilot-ը։ Բայց Apple-ը, գուցե առաջին անգամ, չի փորձում առաջինը լինել։ Նա փորձում է լինել ամենահարմարավետը։ Եվ սա՝ շատ էփփլային է։
Այսօր միասին բացահայտեցինք, թե ինչպես է Apple-ը փորձում վերափոխել ԱԲ-ի տեղը մեր կյանքում՝ դարձնելով այն ոչ թե վախեցնող կամ մոլորեցնող տեխնոլոգիա, այլ անձնական օգնական, որը քեզ ճանաչում է, հասկանում ու պաշտպանում է քո տվյալները։ Արհեստական բանականության այս նոր փուլում գուցե հենց վստահությունն է դառնում ամենակարևորը։ Եվ այստեղ Apple-ը շատ բարձր նշաձող է սահմանել՝ ապահով և հասկանալի Ai:





