Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջը պաշտոնապես բացեց իր դռները: Դեռ ամիսներ առաջ Ռադիոլաբը հյուրընկալել էր քոլեջի տնօրենին ու պատմել էինք նախաձեռնության մասին: Օրեր առաջ արդեն ներկա էինք քոլեջի բացման արարողությանը:
Օգոստոսի 20-ին, հանդիսավոր մթնոլորտում և մշակութային ծրագրի ուղեկցությամբ, կայացավ Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջի կամ ինչպես ընդունված է ասել՝ ACT քոլեջի պաշտոնական բացման արարողությունը։ Տեղի ունեցավ կարմիր ժապավենի կտրման արարողությունը և շրջայց՝ քոլեջի տարածքում: Նորաստեղծ կրթական հաստատությունը գործում է միավորելով արվեստն ու տեխնոլոգիան մեկ հարթակում։

Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջի տնօրեն Ամալյա Եղոյանն իր ելույթում նշեց, որ քոլեջում ոչ միայն արհեստական բանականության կամ կիբեռանվտանգության մասնագետներ են ձևավորվելու, այլև Հայաստանի Հանրապետության պատասխանատու քաղաքացիներ, ովքեր արժանի կերպով են գնահատում մեր երկրի ներուժը և պատրաստ են ամեն ջանք ներդնել մեր երկրի համար:
Քոլեջը համագործակցում է Apple ընկերության և Կոլումիբիա համալսարանի հետ։ Այսքանով համագործակցությունների շարքը չի ավարտվում: Dolby լաբորատորիաներ, որի փոխնախագահը ACT քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ServiceNow ընկերություն…Արդեն մարտ ամսին քոլեջը կհուրընկալի STEM փառատոնը, որը մինչ այժմ անցկացվում էր միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ինչպես նաև բարերարներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ ու տեղական համայնքի ղեկավարներ։
Միջոցառման ընթացքում ներկաները ծանոթացան ուսանողների առաջին սերնդի ներկայացուցիչներին։ Նրանց շնորհավորեց Ժաննա Անդրեասյանը:
ACT Քոլեջը մասնագիտացում է առաջարկում երեք արդիական ուղղություններով․Թվային արվեստ, Համակարգչային գիտություն, Ինժեներություն և արտադրություն: Ուսումնական միջավայրը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, սարքավորումներով, լաբորատորիաներով և ստեղծարար տարածքներով՝ նպաստելով ուսանողների նախաձեռնողականությանն ու ինքնադրսևորմանը։

Նշենք, որ քոլեջը գործում է «Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի կառավարման ներքո, կյանքի է կոչվել Հայ Օգնության Ֆոնդի ֆինանսավորմամբ և նվիրված բարերարների աջակցությամբ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով, քոլեջում դասավանդվող մասնագիտությունները այն ուղղություններն են, որտեղ կառավարության և մասնավոր հատվածի ռազմավարական ներդրումը բերելու է տնտեսության թռիչքաձև աճին: Դրանք ոչ թե ապագայի, այլև արդեն մեր օրերի մասնագիտություններ են:

ACT Քոլեջի առաքելությունն է ձևավորել նոր սերունդ՝ պատրաստ ապագայի պահանջներին ու մարտահրավերներին՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակում։ Ուսանողներն այստեղ ստանալու են գործնական գիտելիքներ և կիրառական փորձ՝ կառուցելով իրենց մասնագիտական ուղին ինովացիայի և ստեղծարարության հիմքի վրա։ Մեզ մնում է միայն բարի մեկնարկ ու հաջող կրթական ընթացք մաղթել քոլեջին:





