Ձեր տեսադաշտում այս պահին երևու՞մ է Արարատը, ասեք, որ չքնաղ է, ինչպես միշտ, հարազատ, ինչպես միշտ և․․․անհասանելի՞, ինչպես միշտ։ Այս վերջին բնութագրումը երևի արդեն այնքան էլ ճիշտ չէ․ հազարավոր լեռնագնացներ, հենց Արարատի՛ սիրահարներ, վաղուց արդեն կարողանում են բարձրանալ Արարատի գագաթն ու 5165 մետր բարձրությունից նայել աշխարհին։
Արարատի բարձունքը հաղթահարողների մեջ նաև երեխաներ ու պատանիներ կան, և վերջերս էլ հենց Զարթուցիչի հյուրասրահում մենք հյուրընկալել էինք նրանցից մի քանիսին։ Բայց կար ժամանակ, երբ վերելքն Արարատի գագաթ համարվում էր անհնար, անիրագործելի երազանք։
Այսօր ա՛յդ երազանքի իրագործման օրն է․ 1829 թվականի հենց այս օրը՝ հոկտեմբերի 9–ին, երկու անհաջող փորձից հետո առաջին անգամ Արարատ լեռան բարձունքը հաղթահարեց խիզախների առաջին խումբը, որը ղեկավարում էր Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը և որի կազմում էր երիտասարդ Խաչատուր Աբովյանը։
Այնպես որ այս օրը՝ հոկտեմբերի 9–ը, Արարատ լեռան բազմահազարամյա կենսագրության կարևոր օրերից է․ 196 տարի առաջ այս օրը նրա գագաթին հայտնվեց մարդը․․․
Այսօր նաև փոստի համաշխարհային օրն է․ սա ՄԱԿ–ի համակարգի տոներից է և նվիրված է մարդկության կյանքում շատ կարևոր դեր ունեցող այնպիսի մի կառույցի, ինչպիսին փոստն է։ Պատկերացնու՞մ եք մեր կյանքն առանց փոստային ծառայության։ Իհարկե, դժվար է պատկերացնել։
Այլ վայրերից նորություններ ստանալու կամ այլ վայրեր տեղեկություններ ուղարկելու, ինչ–որ բաներ առաքելու կամ ընդունելու անհրաժեշտությունը մարդկությունը միշտ էլ ունեցել է և տարբեր եղանակներով կարողացել է իրագործել այդ կապը։
Դե, սուրհանդակների մասին, հաստատ, լսել եք դեռ այն ժամանակ, երբ մայրիկը հեքիաթ էր կարդում ձեզ համար, որտեղ, օրինակ, թագավորը սուրհանդակի միջոցով լուր է ուղարկում հարևան երկրի արքային։
Լսած կլինեք նաև փոստային աղավնիների մասին և փոստային կապի այլ միջոցների մասին՝ նույնպես։
Մարդկային քաղաքակրթության զարգացման հետ զարգացան նաև փոստային կապի մեթոդները, միջոցները, ձևերը։ Փոստի պատմությունը, իսկապես էլ, շատ հետաքրքիր է և լուրջ ուսումնասիրության թեմա է։
Հետաքրքիր է նաև հայկական փոստի զարգացման պատմությունը։ Եվ եթե որոշեք հետաքրքրվել այս թեմայով, շատ հայտնագործություններ կանեք։
Ի դեպ, փոստի պատմության հետ սերտորեն կապված է այնպիսի մի ոլորտ, ինչպիսին ֆիլատելիան է։ Եվ «Հայփոստ» ընկերությունն էլ իր տարբեր նամականիշերով, որոնք ստեղծվում են ամեն տարի, հարստացնում է ֆիլատելիստական աշխարհը յուրօրինակ նմուշներով։
Շնորհավորում ենք այն մարդկանց, ովքեր փոստային կապի ոլորտում են աշխատում և իրենց ամենօրյա աշխատանքով ապահովում են կապի մեր իրավունքը։





