Գեղարքունիքի մարզի Սարուխան, Կարճաղբյուր, Նորատուս գյուղերի և Գավառի դպրոցների Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների սաները մայիսից նոյեմբեր ամիսներին համագործակցելով Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետազոտողների հետ՝ ՐԻՎԵՐՍ ծրագրի շրջանակներում իրականացրել են իրենց բնակավայրերով հոսող գետերի ջրի որակի մշտադիտարկում։ «Քաղաքացի գիտնական» սկզբունքով անցկացվող ուսումնասիրություններին մասնակցել են ինչպես արմաթցի պատանի ճարտարագետները, այնպես էլ աշխատանոցների խմբավարները։
Սարուխան գյուղի Սուրեն Մակարյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոցի խմբավար Նախշուն Մարկոսյանը նշում է, որ իրենց խմբակից ծրագրին մասնակցել է 15 աշակերտ: Հիմնականում ընդգրկվել են 7-րդ դասարանից բարձր սովորողները. քանի որ աշխատելու էին քիմիական նյութերի հետ, հաշվի է առնվել քիմիա առարկային ծանոթ լինելը:
Նոյեմբերի 24-ին կայացած ՐԻՎԵՐՍ ծրագրի ամփոփման ընթացքում Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների սաներն արդեն ներկայացրին Սևանա լիճ թափվող գետերի ջրի որակի մշտադիտարկման ծրագրին իրենց մասնակցության արդյունքները։
Ծրագրում ներառված արմաթցիները զարգացրել են գաղափարը և նախաձեռնության շրջանակում մշակել և թողարկել են իրազեկող համակարգչային խաղեր, վիրտուալ աշխատանոցներ և գործընթացին նվիրված հատուկ կայքէջ՝ ուղղված իրենց հասակակիցների իրազեկմանը։
Ծրագիրն իր հետքն է թողել նաև աշակերտների կյանքում: Նրանք դարձել են ավելի նախաձեռնող ու ավելի զգայուն բնապահպանական խնդիրների հանդեպ: Այդ մասին է պատմում Արմաթի սան, Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցի Էլեն Մարգարյանը: 8-րդ դասարանցի Էլեն Պետրոսյանն էլ ավելացնում է, որ շատ հաճույքով է մասնակցել ծրագրին:
Սարուխանի համար 1 միջնակարգ դպրոցում գործող Արմաթի սան, իններորդցի Վիկա Մելքոնյանն էլ նշում է՝ քանի որ վերջին շրջանում աղտոտվածության խնդիրները շատացել են՝ իրենք հասակակիցներով ցանկացել են համախմբվել ու դուրս գալ այդ աղտոտվածության փուլից:
Կարճաղբյուրում սաները ծրագրի ընթացքում նույնիսկ հեռախոսային հավելված ստեղծեցին: Ծրագրի շրջանակում ստեղծված իրենց մշակումներով արմաթցիները մասնակցել են մի շարք միջազգային «հայթեք» հավաքների, ինչիսիք են ԴիջիԹեք2025-ը կամ Մասաչուսետսի Տեխնոլոգիական Ինստիտուտի ամենամյա ավանդական MIT Էքսպոն:
Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոցի խմբավար Աննա Պողոսյանի համոզմամբ նման ծրագրերը պատանիներին ավելի են մոտեցնում իրենց համայնքին ու առկա խնդիրներին:
Երբ մենք ասում ենք գիտությունն ու տեխնոլոգիաները կարող են փոխել աշխարհը, հաճախ դա պատկերացնում ենք հեռու լաբորատորիաներում ու գիտական կենտրոններում փակված մի անկյունում: Բայց այդ փոփոխությունները փոքր քայլերով բերում են հենց նման նախաձեռնությունները և այդ փոփոխությունները սկսվում են Սարուխանից, Կարճաղբյուրից, Նորատուսից, Գավառից ու այլ համայնքներից:





