Ռադիոլաբ

Snapchat-ը համացանցին սովորեցրեց մոռանալ․ Ռադիոլաբ

Բոլորս էլ գիտենք՝ համացանցում գրեթե ամեն ինչ պահպանվում է հավերժ։ Լուսանկարներ, հաղորդագրություններ, անգամ հին մեկնաբանություններ ու գրառումներ, որոնք մեզ հետապնդում են տարիներ անց։ Իհարկե, սա մտահոգիչ թեմա է։ Բայց պատկերացրեք՝ դեռ տարիներ առաջ մի երիտասարդ հենց նույն խնդրով մտահոգված ինքն իրեն հարցրեց․ «Ի՞նչ կլինի, եթե հաղորդագրությունները չպահպանվեն և լինեն ակնթարթային։ Գուցե այդպես թվային աշխարհն ավելի նման լինի իրական կյանքին»։ Հենց այս միտքն էլ դարձավ Snapchat-ի հիմքը։

Snapchat-ի պատմությունն սկսվեց 2011 թվականին, երբ Սթենֆորդի համալսարանի երեք ուսանող՝ Էվան Շպիգլը, Բոբի Մերֆին և Ռեջի Բրաունը, սկսեցին աշխատել մի հավելվածի վրա, որտեղ լուսանկարները որոշ ժամանակ անց պարզապես վերանում էին։ Առաջին հայացքից սա հակասում էր այն ամենին, ինչն արդեն գոյություն ուներ սոցիալական ցանցերում։ Facebook-ն ասում էր՝ պահիր ամեն ինչ, Instagram-ը՝ կառուցիր քո պրոֆիլը, իսկ Snapchat-ը առաջարկում էր ուղարկել, կիսվել ու մոռանալ։ Սա էր ողջ պատկերը։

Հավելվածի առաջին տարբերակը կոչվում էր Picaboo: Այն թույլ էր տալիս ուղարկել լուսանկար, որը բացվելուց վայրկյաններ անց ջնջվում էր։ Գաղափարի հիմքում մի պարզ հոգեբանական միտք էր․ մարդիկ հաճախ խուսափում են ինչ-որ բան հրապարակելուց, որովհետև վախենում են, որ համացանցն այն կհիշի հավերժ։ Snapchat-ը եկավ ու փարատեց հենց այդ վախերը:

Այն դարձավ մի ազատ տարածք, որտեղ կատարյալ լինելու կարիք չկար։ Դու պարտավոր չէիր լուսանկարն ամբողջությամբ մշակել կամ մտածել, թե ինչ տեսք կունենա էջդ։ Այստեղ կարևորը պահն էր, ինչն արմատապես տարբերվում էր Ինստագրամյան «փայլուն» աշխարհից։ Հենց սա էլ գրավեց բազմաթիվ երիտասարդների, որոնք էլ դարձան հավելվածի հիմնական օգտատերերը:

Snapchat-ի գլխավոր գաղափարը ոչ այնքան տեխնոլոգիական էր, որքան փիլիսոփայական։ Իրական կյանքում խոսքերն օդում են մնում, դեմքի արտահայտությունն անցնում է, ժեստը՝ մոռացվում… Snapchat-ը փորձեց թվային աշխարհը դարձնել ավելի նման հենց իրական կյանքին։ 2012-ից 2013 թվականներին Snapchat-ն սկսեց զարգանալ արագ տեմպերով։ Օրական միլիոնավոր «սնեփեր», լսարանն էլ՝ հիմնականում դեռահասներ ու ուսանողներ։

Մեծ ընկերությունները սկզբում լուրջ չէին վերաբերվում Snapchat-ին․ «Ինչպե՞ս կարելի է բիզնես կառուցել մի բանի վրա, որը ջնջվում է»,- ասում էին նրանք։ Սակայն արդեն 2013-ին Facebook-ն առաջարկեց գնել Snapchat-ը մոտ 3 միլիարդ դոլարով։ Էվան Շպիգլը մերժեց ․ «Ո՛չ»․-ասաց նա։ Դա բավականին համարձակ քայլ էր, քանի որ այդ պահին հավելվածը դեռ լուրջ եկամուտ չուներ։ Բայց Շպիգլը հավատում էր, որ Snapchat-ը պարզապես հավելված չէ, այլ հաղորդակցության նոր մշակույթ։

Հենց 2013 թվականին Snapchat-ը ներկայացրեց Stories ֆունկցիան՝ 24 ժամվա ընթացքում անհետացող պատմությունները։ Սա դարձավ սոցցանցային մի նոր լեզու։ Մարդիկ սկսեցին պատմել իրենց օրվա մասին հատվածաբար։ Հետագայում Stories-ը կրկնեցին բոլորը՝ Instagram-ը, Facebook-ը, WhatsApp-ը, անգամ YouTube-ը։ Բայց առաջինը հենց Snapchat-ն էր։

«Snapchat-ը՝ որպես տեսախցիկ-հավելված»․ Էվան Շպիգլը հաճախ է շեշտում՝ Snapchat-ը սոցիալական ցանց չէ, այն տեսախցիկի գործառույթով հավելված է: Եվ պատահական չէ, որ կենտրոնում ոչ թե feed-ն է, այլ հենց տեսախցիկը։ Դու բացում ես հավելվածն ու անմիջապես տեսնում ինքդ քեզ։ Թվում է՝ մանրուք է, բայց սա փոխում է օգտագործման ողջ տրամաբանությունը։ Դե էլ ի՞նչ Snapchat՝ առանց յուրահատուկ ու ինքնատիպ ֆիլտրերի: Snapchat-ը դարձավ AR ֆիլտրների առաջատարը։ Դիմակներ, անիմացիաներ, խաղեր… Սա մարդկանց սովորեցրեց շփվել լրացված իրականության հետ: Փոքր խաղ, բայց մեծ տեխնոլոգիա։

Անդրադառնանք նաև Instagram-ի հետ թեժ մրցակցությանը: Երբ Instagram-ն իր հարթակում պատճենեց Stories գործառույթը, շատերը կարծում էին, թե Snapchat-ը կվերանա։ Իսկապես, հավելվածի աճը դանդաղեց, բայց այն պահպանեց իր հավատարիմ լսարանին։ Snapchat-ը դարձավ ոչ թե ցուցադրական վայր, այլ ավելի անձնական ու փակ տարածք՝ շփման համար։

Snapchat-ը, ինչպես և բոլոր հավելվածները, գումար է աշխատում գովազդի միջոցով: Պատմությունների արանքում պարբերաբար կտեսնեք գովազդներ, բայց հարթակը երբեք չի ծանրաբեռնվում. այստեղ փորձում են հնարավորինս «հարմար» լինել օգտատիրոջ համար:

Snapchat-ը մեզ սովորեցրեց մի կարևոր բան. թվային դաշտում ամեն ինչ չէ, որ պետք է հավերժ լինի: Երբեմն իրական արժեքը հենց տվյալ ակնթարթն է։ Սա է Snapchat-ի ամենամեծ ներդրումը տեխնոլոգիական պատմության մեջ։ Իսկ եթե փորձենք չոր խոսքերին մի փոքր գույն տալ, ապա՝ Snapchat-ը համացանցին սովորեցրեց մոռանալ։

Ցուցադրել ավելի
Back to top button