2023 թվականից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն (FAST) ու ԿԳՄՍ նախարարությունը իրականացնում են «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը: Ծրագիրը եռամյա է՝ նախատեսված մաթեմատիկայով, AI-ով ու տեխնոլոգիական մասնագիտություններով հետաքրքրված ավագ դպրոցականների համար։ Այն թույլ է տալիս 10-րդ դասարանից սկսած՝ որպես դպրոցական առարկա անվճար սովորել աշխարհի ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը՝ արհեստական բանականությունը և զարգացնել 21-րդ դարի ամենապահանջված հմտությունները։
«ԱԲ սերունդ» ծրագիրն այս պահին արդեն հասանելի է հանրապետության բոլոր մարզերում՝ ներառելով 23 ավագ դպրոցներ և ներգրավելով 1019 ավագ դպրոցականի: Եվ այս տարի առաջին անգամ կունենանք մի սերունդ, որն ավարտում է ավագ դպրոցի իր եռամյա ուղին արհեստական բանականության հոսքում: Խոսքը գնում է 7 մարզի 14 ավագ դպրոցներից՝ 200-ից ավելի աշակերտի մասին:
Ավարտական քննություններից բացի՝ ծրագրի պարտադիր բաղադրիչ են նաեւ ԱԲ ավարտական նախագծի մշակումը եւ պաշտպանությունը։ Նախագծերի ներկայացման միջոցառումը տեղի է ունեցել վերջերս:
Ռադիոլաբում հյուրընկալել ենք «ԱԲ սերունդ» ծրագրի բովանդակության ղեկավար Ավագ Սայանին, Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի աշակերտ Մարիա Եղիազարյանին և Երևանի թիվ 198 ավագ դպրոցի աշակերտ՝ Էրիկ Դալաքյանին:





