Հայկական էսքիզներ

«Սուրբ և բարեպաշտ լեռը»՝ Մարաթուկ

Արարատ, Արագած, Սիփան, Արա, Իշխանասար, Նեմրութ…շարունակեք շարքը ձեզ ծանոթ լեռների անուններով ու կանգ առեք Մարաթուկի վրա։ Այսօր նա է մեր հերոսը։

Ընդունված է այն տեսակետը, թե Մարութա սարի անունը ծագել է արամեերեն Մարութա բառից, որը նշանակում է` «Իմ աշխարհի տերը»:
Երբեմն էլ լեռան անվանումը կապում են Մարութա անունով հայտնի մի եպիսկոպոսի անվան հետ։
Գրավոր աղբյուրներում նշվում է, որ 4-րդ դարի վերջին մեծ ակնածանքով էին խոսում Մարութա եպիսկոպոսի կատարած հրաշագործությունների մասին:

Մարութա սարը կամ, ինչպես ավելի հաճախ ասում է ժողովուրդը՝ Մարաթուկը, Հայկական Տավրոս լեռնահամակարգի գագաթներից է: Գտնվում է պատմական Հայաստանի Սասուն գավառում և եղել է սասունցիների ոչ թե պարզապես սիրելի, այլ՝ պաշտելի լեռը, որին երգեր են նվիրել, ուր ուխտի են գնացել՝ հավատով, որ Սուրբ Մարաթուկն իրենց անպատասխան չի թողնելու:

Մարաթուկ բարձր սար է,
Լանջին պաղ-պաղ ջրեր,
Էրնեկ էն ջրին էղնի,
Զիմ մուրազ կատարէ:

Գարեգին Սրվանձտյանցը լեռն անվանել է «սուրբ և բարեպաշտ» և նշել, որ Սուրբ Մարաթուկով երդումը Սասունի ամբողջ ժողովրդի համար ամենահավաստի երդումն է եղել:

Լեռան գագաթին՝ 2967 մ բարձրության վրա կառուցված է Մարութա Սուրբ Աստվածածին վանքը, որի մոտակայքի հողին զորավոր ուժ է վերագրվում. այդ հողն այսօր էլ որպես հակաթույն է օգտագործվում կարիճի խայթոցի դեմ, սակայն՝ հետևյալ պայմանով. որպեսզի հողն օգնի, պետք է տվյալ անձն այն առաջին անգամ օգտագործի:
Հնում Սասունի հայերը Վարդավառի տոնին խմբերով գալիս էին Մարութա լեռը և երեք օր շարունակ տոնակատարություններ անում այստեղ:
Ի դեպ, բացի Սուրբ Աստվածածնից Մարաթուկը հայտնի է նաև ստորոտում գտնվող Սբ․ Պետրոս առաքյալի վանքով, որը գավառի եպիսկոպոսի առաջնորդարանն է եղել:

Իհարկե հիշում եք, որ հայոց էպոսում՝ Սասնա Ծռերում, Մարութա վանքն առանձնահատուկ դեր ուներ: Այն կառուցել էր Մեծ Մհերը, ինքն էլ անվանել Մարութա Բարձր Աստվածածին: Սասնա Ծռերը հենց Մարութա բարձր Աստվածածնին էին կանչում օգնության իրենց համար ամենադժվար պահերին:

Մեր ժողովուրդը լեգենդներ ու ավանդազրույցներ է հյուսել ոչ միայն իր սիրելի հերոսների, այլև հայրենի բնության սիրելի անկյունների ու տեղանքների մասին: Զրույցներից մեկում գործող կերպարները Մարաթուկն ու Անդոկն են:

Զրույցն ասում է՝
Մարութա սարի պաշտամունքը խիստ զայրացնում է Անդոկին, և նա Մարութա սարին մարտի է հրավիրում։ Մարտի ժամանակ Անդոկն իր կայծակե թրով խփում, ճեղքում է Մարութա սարի գլուխը, որի պատճառով էլ նրան զույգ գլխով Մարաթուկ են անվանում։ Անդոկի հարվածից վիրավորված Մարութա սարը հսկա մի ժայռ է պոկում իր կողերից և խփում նրան։ Ժայռը խրվում է Անդոկի կուրծքը, թաղվում կողերի մեջ. դուրս է մնում միայն ժայռի երկու ջրաղացաքարի չափ մի կտոր, որի վրա այժմ էլ երևում են Մարաթուկի ձեռքի հետքերը։

Մարաթուկ սարն էլ, ինչպես Սասունի մյուս սարերը, հայկական ինքնապաշտպանական կռիվների ժամանակ պահել, պատսպարել է հայ ֆիդայիներին, հարձակման հենակետ դարձել, լանջերին հերոսներ տեսել ու իր ամպերի տակ թաքցրել նրանց:
Այսօր էլ կան Մարութա սարի ամպերը…թե՛ այնտեղ, ուր կանգնած է նա՝ ԻՄ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՐԸ, թե՛ գրքում, որը հենց այդպես էլ կոչվում է ՄԱՐՈՒԹԱ ՍԱՐԻ ԱՄՊԵՐԸ…Անպայման կարդացեք Մուշեղ Գալշոյանի այս պատմվածաշարը և Մարաթուկը ձեզ շատ մոտ ու սիրելի կդառնա…

Ցուցադրել ավելի
Back to top button