Սովորում ենք սովորել
Ինչպե՞ս կազմակերպել արձակուրդը. Արսեն Վարդանյան
Արսեն Վարդանյանը Մեսրոպ Մաշտոցի անվան երկարօրյա կրթահամալիրում է աշխատում: Մասնագիտությամբ ուսուցիչ լեզվաբան է: Արսենը վստահ է՝ ամառային արձակուրդներին պետք չէ ծանրաբեռնել աշակերտներին՝ չէ՞ որ դա հանգստի շրջան է:
Ըստ նրա, ուսուցիչները, մտածելով, որ ամռան ընթացքում երեխաները կմոռանան առարկան, մեծ քանակությամբ սովորելու ու վերհիշելու նյութ են հանձնարարում: Հատկապես հայոց լեզվի և գրականության ուսուցիչները գեղարվեստական գրականության մի ամբողջ ցանկ են հանձնարարում:
«Ըստ իս, ճիշտ է ծավալուն ստեղծագործություններ կարդալը ամառվա ընթացքում, իսկ ահա պատմվածքներ, պիեսներ ու բանաստեղծություններ կարելի է կարդալ դասերի ընթացքում՝ դա սովորելուն զուգահեռ գործընթաց է և կարելի է շատ բաներ անել հենց դասարանում» ,- նշում է Արսենը: