Հայկական էսքիզներ

Ես՝Վերին Խաչենի տոհմի հիմնադիր Վախթանգի կինը, մեծ գորովանքով կառուցեցի սուրբ տաճարն այս՝ ամուսնուս ու որդիներիս գերեզմանին․ Դադիվանք

Մեր հայրենիքը հարուստ է այնպիսի տեսարժան վայրերով, որտեղ բնության ու մարդու ստեղծած հրաշքները ձուլվել են իրար: Արցախի Դադիվանք վանական համալիրը, որը գտնվում է Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին, դրանցից մեկն է: Եթե լինեք Դադիվանքում, անհնար է, որ չհիանաք վանական այս համալիրի և շրջապատող բնության՝ անտառապատ լեռների ու ծերպերի միաձուլումից:

«Դադին մեկն էր այն 70 մարդկանցից, որոնք սուրբ Թադևոսի հրամանով գնացել էին Մեծ Հայքի հյուսիսային շրջաններ: Աբգարի ձեռքով սպանվելուց հետո նրան թաղեցին Փոքր Սյունիքում, որտեղ էլ հետագայում վանք կառուցեցին ու անունը նրա պատվին Դադի դրեցին»: Այսպես է գրում միջնադարյան պատմիչ Միքայել Ասորին Դադիվանքի ստեղծման մասին: Ի դեպ, Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում, 2007թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադիի մասունքները:

Դադիվանքը հայտնի է նաև Խութավանք անունով, որովհետև կառուցվել է խութի՝ բլրակի վրա:

Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ՝ 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրատուն, գործատուն, գրատուն, որոնց հիմնական մասը կառուցվել է Զաքարյան իշխանապետության տարիներին: 12-րդ դարում Մխիթար Գոշը որոշ ժամանակ այստեղ է ապրել և աշխատել իր «Դատաստանագրքի» վրա:

Դադիվանքի կենտրոնական կառույցը Սուրբ Աստվածածին կաթողիկեն է, որը կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզուխաթունը ի հիշատակ իր ամուսնու՝Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի, որոնցից ավագը նահատակվել է թուրքերի դեմ պատերազմելիս:

Ահա թե ինչ է գրված տաճարի պատին. «Ամենակարող հայր Աստծո ու նրա Միածին որդու՝ Հիսուս Քրիստոսի օգնությամբ ու Սուրբ հոգու ընծայի շնորհիվ ես՝ Քրիստոսի խոնարհ ծառա Արզուխաթունս, մեծն իշխանաց իշխան Քուրդի դուստրն ու Հաթերքի տիրակալի ու ամբողջ Վերին Խաչենի տոհմի հիմնադիր Վախթանգի կինը, մեծ գորովանքով կառուցեցի սուրբ տաճարն այս՝ ամուսնուս ու որդիներիս գերեզմանին»: Թվագրված է՝ 1214թ:

Մատենագրությունից հայտնի է, որ Արզուխաթունն իր դուստրերի հետ վարագույրներ է գործել Նոր Գետիկի, Հաղպատի, Մակարավանքի և Դադիվանքի համար:

Ըստ ավանդազրույցի, երկհարկանի զանգակատան արևմտյան մասում պահպանված երկու խաչքարերը կերտելիս վարպետ Աթանասը հենց իշխանուհու գործվածքների նախշերն է ընդօրինակել: Ի դեպ, Արզուխաթունի անվան հետ են կապված նաև սուրբ Աստվածածին կաթողիկեի հարավային պատի որմնանկարները, որոնք հրաշքով են հասել մեզ:

Կ. Գանձակեցին վկայում է, որ հարավային պատի բարձրարժեք որմնանկարի հեղինակը Արզուխաթունն է. « Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին այդ աշխատանքները, Աստծուն օրհնություն էին տալիս, որ կանանց ոստայնանկության իմաստություն և նկարակերտության հանճար է տվել», -գրում է նա:

20-րդ դարի 50-ական թթ վերջին և 60-ականների սկզբին ադրբեջանցիները Դադիվանքում բնակեցրել են մի քուրդ հովվի։ Նա եկել է իր մեծ ընտանիքով, նրան տվել են ոչխարներ, կովեր, ձիեր, ավանակներ, և ամբողջ վանահամալիրը վերածվել է գոմի: Հովիվն առաջին հերթին քանդել է երկրորդ հարկ տանող աստիճանը, որպեսզի երեխաները չբարձրանան և չընկնեն այնտեղից։ Տաքանալու համար ընտանիքն ամեն երեկո խարույկ է վառել տաճարի կենտրոնում, ծուխն ու մուրը սևացրել են պատերը և ծածկել որմնանկարները, ինչը, ճիշտ է, վնասել է դրանք, բայց նաև թաքցրել թշնամու աչքից: Ահա թե ինչու, 1990-ականներին՝ Արցախյան ազատամարտի տարիներին, ադրբեջանցիները դրանք չեն ոչնչացրել:
Հետագայում, երբ մեկնարկեցին Դադիվանքի վերականգնման աշխատանքները, իտալացի մասնագետների օգնությամբ վերականգնվեցին նաև այս հրաշք որմնանկարները, որոնք 700-ից ավելի տարեկան են:
Եկեղեցու պատերից մեկի վրա այսօր էլ փոքրիկ, սև քառակուսի մի հատված կա, որն այդպես թողել են որպեսզի այցելուները տեսնեն, թե ժամանակին ինչ գույն են ունեցել պատերը։

Ցուցադրել ավելի
Back to top button