Հայկական էսքիզներ

Զվարթնոց՝ հրեշտականոց

Զվարթնոցի տաճարը ՅՈՒՆԵՍԿՕի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմամշակութային կոթողներից է։ Այն գտնվում է Էջմիածնից 3 կմ հեռավորության վրա։ Տաճարը, ըստ միջնադարյան պատմիչների,  կառուցվել է այն վայրում, ուր Խոր Վիրապից դուրս եկած Գրիգոր Լուսավորիչը հանդիպել է Հայոց Տրդատ թագավորին։

Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։  Պատմիչներն այս տաճարը հիշատակում են Սուրբ Գրիգոր անունով։ Եվ միայն Սեբեոսն է այն Զվարթնոց  անվանում՝ գրելով․ «Այն ժամանակ հայոց Ներսես կաթողիկոսը որոշեց իր համար նստավայր շինել այն սուրբ եկեղեցիների մոտ, որ Վաղարշապատ քաղաքում էին՝ այն ճանապարհի վրա, որտեղ, ասում են, Տրդատ թագավորն ընդառաջ ելավ սուրբ Գրիգորին։ Շինեց այնտեղ մի եկեղեցի հանուն երկնային զվարթունների երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին սուրբ Գրիգորին։ Կառուցեց այդ եկեղեցին՝ բարձրաշեն, զարմանալիորեն չքնաղ, աստվածային պատվին արժանի․․․»․․․

Եվ այսպես՝ սովորենք․ զվարթուն ” հայերեն նշանակել է “հրեշտակ”։ Այնպես որ Զվարթնոց նշանակում է հրեշտականոց։

Հայտնի է, որ Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դարը և, ըստ պատմիչների, ավերվել է երկրաշարժից։  Կործանումից միայն 10 դար անց,  հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի շնորհիվ բացահայտվեց Զվարթնոցի տաճարը: Տաճարի ավերակների ուսումնասիրությունը Թորամանյանին թույլ տվեց վերականգնելու այն տեսքը, որն ունեցել էր Զվարթնոցը կանգուն ժամանակ։ Ըստ ճարտարապետի՝ դա եռահարկ, կենտրոնակազմ, գմբեթավոր, բոլորակ շինություն է եղել, ունեցել է 45 մետր բարձրություն և կառուցված է եղել 2 մետր բարձրություն ունեցող հարթակի վրա:

Թորամանյանը նկարագրում էր մի այնպիսի շինություն, որը նման չէր և ոչ մի հայկական եկեղեցու, և բնական է, որ տեսակետներն ու պատկերացումները, որոնք ներկայացնում էր ականավոր ճարտարապետը, միանշանակ չընդունվենցին: Բայց․․․ զուգադիպությո՞ւն էր, թե նախախնամության նվեր, որ մեկ այլ երիտասարդ տաղանդավոր ճարտարապետ՝ ակադեմիկոս Նիկողայոս Մառը, որը պեղումներ էր իրականացնում Զվարթնոցից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ պատմական Անիում, հայտնաբերեց Գագիկ Ա Բագրատունու արձանը՝ զվարթնոցատիպ եկեղեցու մանրակերտը ձեռքին։

Թորամանյանը չէր սխալվում, նրա տեսակետը հաստատվեց։

Տաճարի տարածքում պեղված նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, մինչև Զվարթնոցի կառուցումն էլ այս տարածքը պաշտամունքային վայր է եղել։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում հեթանոսական Տիր աստծո  մեհյանն է եղել։ Հնագույն պեղածոներից մեկն էլ, որը գտնվում է  Զվարթնոցի թանգարանում, ուրարտական Ռուսա Երկրորդ արքայի սեպագիր արձանագրությունն է՝ շինարարական աշխատանքների, այգիներ տնկելու, ջրանցք կառուցելու և աստվածներին զոհաբերություններ մատուցելու վերաբերյալ։ Ի դեպ, այս արձանագրության մեջ նաև անեծք–սպառնալիք կա՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր  այս արձանագրությունը կվնասեն կամ կոչնչացնեն։

 «Ով որ այս արձանագրությունը փչացնի, ով փշրի, հողում թաղի, ով ջուրը գցի, ով տեղից իր շարժի, ով արևի առջևից առանձնացնի կամ ասի «ոչնչացրու», ով ուրիշին ասի. «Ե՛ս կատարեցի», ով որ Անունս ջնջի և իր անունը գրի,  լինի նա վանեցի, լինի լուլուրեցի,

թող որ Խալդե, Թեյշեբա, Շիվինե աստվածները չխնայեն, Թե անունը, թե սերունդը երկրի վրա չթողնեն»։

Երևի շատ զայրացած է եղել արքան՝ իր արձանագրության հնարավոր ոչնչացնողներին պատկերացնելիս։

Տարիների ընթացքում պեղումների ժամանակ Զվարթնոցի տարածքում հայտնաբերվել են արհեստագործական տարբեր առարկաներ՝ մետաղյա գործիքներ, գամեր և դաշույններ, գութանի և արորի լայն ու նեղ խոփեր, զարդեր, ապակյա բազմերանգ և նրբագեղ ապարանջաններ, լավ պահպանված աղամաններ, սափորներ, անուշահոտ յուղեր, օծանելիք, դեղամիջոցներ, սնդիկ պահելու համար անոթներ, ջնարակած բազմերանգ և միագույն խեցեղեն, 500լ տարողությամբ կավե երկու մեծ կարաս, որոնք օգտագործվել են գինի պահելու համար:

Զվարթնոցի տաճարը վաղմիջնադարյան հայկական շինարարական արվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումար է և իր ազդեցությունն է թողել հետագա դարերի հայ ճարտարապետության վրա։

Եվ   այսօրվա զրույցն ավարտենք մի տեղեկությամբ, որը Զվարթնոցի առեղծվածներից մեկն է։ Ժամանակային ու մշակութային զարմանալի թռիչքով Զվարթնոցի պատկերը հայտնվել է Եվրոպայում՝ Փարիզի՝ 13-րդ դարում կառուցված Սեն Շապել եկեղեցու հարթաքանդակներից մեկի վրա․ այն պատկերում է  Զվարթնոցի տաճարը Նոյան տապանի մեջ: Ինչպե՞ս, ո՞ւմ մտահաղացմամբ: Ինչպե՞ս կարող էր 3 դար առաջ ավերված տաճարի անխաթար պատկերը հայտնվել 13–րդ դարում՝ հեռավոր Եվրոպայում։ Տեղեկագրերն այս մասին լռում են։ Իսկ հարցականները՝ մնում։

Ցուցադրել ավելի
Back to top button