Հայկական էսքիզներ

Երբ ժպտում է Երկիր մոլորակը, ծաղիկներ են ծնվում. հայկական գեղեցկուհիները

Հիշու՞մ եք Հովհաննես Թումանյանի «Ծաղիկների երգը» բանաստեղծությունը. գետակներն ու աղբյուրները ձայն են տալիս հողի տակ քնած ծաղիկներին, արթնացնում նրանց ու կանչում դուրս.

Աղջի՛, աղջի՛, ծիլ-ծաղիկներ,
Քանի՞ քընեք, վե՜ր կացեք, վե՛ր.
Խընկածաղիկ,
Ծընկածաղիկ,
Շար-շարուրիկ,
Հասմիկ, հափրուկ,
Ամանկոտրուկ,
Հորոտ-մորոտ,
Աղավնարոտ,
Կոճղեզ, ճանդուկ
Քուրդ, ճարճատուկ,
Հարսնածաղիկ,
Ոսկեծաղիկ,
Խաշխաշ, ծըծուկ,
Վարդ, երիցուկ,
Մուշկ-վաղմեռուկ,
Պուտ, վառվըռուկ,
Շըրվան, մըրվան,
Ապրեմ-չապրեմ,
Բուրեմ-մարեմ..
Քանի՞ քընեք հողի միջին,
Եկեք էստեղ, սարի լանջին,
Առվի ափին, հովիտներում,
Ժայռի տակին, հովիտներում,
Կանաչ խոտով,
Անուշ հոտով
Ծիծաղեցեք
Ու ծաղկեցեք։

Սա ոչ միայն գարնան զարթոնքի մասին հրաշալի մանկական բանաստեղծություն է, այլև՝ հայրենի բնության սիրուն մի դաս երեխաների համար:

Լսե՞լ եք երբևէ այն միտքը, որ երբ ժպտում է Երկիր մոլորակը, ծաղիկներ են ծնվում: Մեր հայրենիքում Երկիր մոլորակը ժպտում է իր ամենաչքնաղ ժպիտով և շատ հաճախ: Գարնանային կամ ամառային մի քայլարշավը Հայաստանի բնության գրկում կապացուցի դա միանգամից: Եվ ամենևին կարևոր չէ՝ լեռնային վայրու՞մ կլինի հայրենի բնության հետ հանդիպումը, անտառու՞մ, թե՞ հարթավայրում: Երկիր մոլորակը չքնաղ է ժպտում Հայաստանի բոլոր անկյուններում:

Երբ հայտնվում ենք ծաղկառատ դաշտում, անտառում կամ լեռնալանջին, հաճախ է լինում, որ մեր ձեռքն ակամա դեպի ծաղիկն է ձգվում: Ցավոք, մեզ հանդիած ծաղիկներից շատերն արդեն Կարմիր գրքի բնակիչներ են:

Դե, օրինակ, հենց նույն արևքուրիկը, որի սիրուն անունն անգամ հուշում է, թե ինչպիսին է՝ արևագույն ու արևանման: Շատերը այն ռուսերեն անվանումով են ճանաչում՝ зверобой: Իմացեք և մյուսներին էլ ասեք, որ դա չքնաղ արևքուրիկն է, ցավոք՝ իր շատ ազգականների պես՝ վտանգված: Հայաստանում այն տարածված է Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում:

Արևքուրիկն օգտակար դեղաբույս է՝ նրանից պատրաստված թեյն օգնում է տարբեր հիվանդությունների ժամանակ: Բույսի ծաղկած ընձյուղներն օգտագործվում են ըմպելիքներին բույր տալու համար, տերևակալած ընձյուղները և ծաղիկները օգտագործում են բուրդը և կտորները կարմիր ներկելու նպատակով: Այն, որ շատերը գիտեն այս ծաղկի օգտակարության մասին, պատճառ է դարձել, որ տասնամյակներ շարունակ մարդիկ անխնա քաղեն այն՝ արմատախիլ անելով, առանց հաշվի առնելու բույսի բազմացման շրջանը, երբեմն էլ՝ հենց այնպես, պարզապես տանն ունենալու համար:

Բայց չէ՞ որ ափսոս է արևքուրիկը՝ արևի քույրիկը՝ Երկրի վրա: Նրանով հիանալ է պետք և պահպանել:

Մեր հանրապետության լեռնային շրջաններում է աճում հիրիկը՝ թրաձև, երկար տերևներով, կապույտ, մանուշակագույն, սպիտակ կամ դեղին ծաղիկներով հրաշքը, որը տեսնողին անտարբեր չի կարող թողնել: Հիրիկի հարյուրավոր տեսակներ տարածված են աշխարհի տարբեր երկրներում:

 Սկանդիվյան ժողովուրդների առասպելներից մեկում հիրիկն անվանում են արևի հարս, սիրո և գարնան ծաղիկ։

Հին հույները այդ բույսին տվել են իրենց ծիածանի աստվածուհու՝ Իրիդայի անունըանունը, որի համար էլ այն դարձել է ժողովրդի պաշտամունքի առարկան։

Ֆրանսիայում այն կոչվել է սպիտակ շուշան և պատկերվել պետական գերբի վրա։

Ճապոնիայում հիրիկը խիզախության խորհրդանիշ է։

Հայաստանում հանդիպում է հիրիկի 14 տեսակ, որոնք բոլորն էլ գրանցված են Կարմիր գրքում: Դրանցից մեկը՝ նրբագեղ հիրիկը, էնդեմիկ է Հայաստանում, այսինքն՝ տարածված է միայն մեր երկրում: Ժողովուրդն այն ճանաչում է  բարբզնակ կամ լալազար անուններով: Ցավոք, նրբագեղ հիրիկը գրեթե անհետացել է։ Հատուկենտ հանդիպում է լեռնային առանձին հատվածներում:

Եթե գնաք Զանգեզուր՝ հատկապես Կապանի  շրջակայքում լինեք, հնարավոր է հանդիպեք հայոց բնաշխարհի մյուս հրաշքին՝ նեղատերև քաջվարդին: Նրա հետ հանդիպումն անմոռանալիներից է. բարձր ցողուն, մուգ կարմիր պսակաթերթեր, դեղին առէջներ, թավ կանաչ տերևներ:  Այսպիսի ընդգծված  գույներ բնության մեջ քիչ են պատահում: Բայց այսպիսի հանդիպման համար պետք է հասնեք Կապան:

Ցուցադրել ավելի
Back to top button