Հայկական էսքիզներ

Վանա կատու. արևի հետքով կատուն

Կատվազգիների մեծ ընտանիքում Վանա կատուն իր յուրահատուկ տեղն ունի․ ընտանի կատուների այս ցեղատեսակը ծագել է Վանա լճի մերձակայքում և համարվում է էնդեմիկ, այսինքն, այնպիսի տեսակ, որը միայն այստեղ է հանդիպում: Վանա կատուն աչքի է ընկնում ընդգծված ազատասեր վարքով: Ունի  երկարավուն, ձիգ մարմին, գլխի յուրահատուկ եռանկյունաձև կառուցվածք, վագրային քայլվածք, լողորդին հատուկ զարգացած կրծքավանդակ, մեջքը ուղղանկյունաձև  է` դեպի պոչը մի քիչ նեղացող։

Վանա կատուն հրաշալի լողորդ է ու ձկնորս: Նրա մորթին անջրանցիկ է, և դա վանա կատվի առանձնահատկություններից  մեկն է․ անգամ շատ սառը՝ մնչև –35 աստիճան ջրում լողալուց հետո, երբ նա դուրս է գալիս ափ, նրա մորթու մազերի միայն վերին ծայրերն են փոքր–ինչ սառցակալում։ Վանա կատվի  մատների արանքում թաղանթ կա, որն օգնում է լողալ: Ընդ որում` ոչ միայն ձուկ բռնելու համար է լողում, այլ պարզապես հաճույքի համար:

Եթե վանա կատվին կերակուր են տալիս, որը նրա կարծիքով կարող է տաք լինել, առջևի թաթով ստուգում է ուտելիքի ջերմաստիճանը։

 Շատերը կարծում են, որ վանա կատվի հիմնական առանձնահատկությունը տարբեր գույների աչքեր ունենալն է: Վանա կատուներն, իհարկե, ունեն այդպիսի առանձնահատկություն, բայց կան նաև միագույն աչքեր ունեցող վանա կատուներ։

Վանա կատուների աչքերը լինում են կամ երկնագույն, կամ սաթագույն, կամ` մեկը երկնագույն, մյուսը`սաթագույն: Կանաչ աչքերով վանա կատուներ չկան:

Վանա կատուներին յուրօրինակ դարձնող շատ ավելի կարևոր մի հատկություն կա` մորթին է: Այն կարող է լինել սպիտակ, մարգարտամոխրագույն, բայց եթե վանա կատու է, ապա նրա գլխին ու թիկունքի ձախ կողմում պետք է լինեն պղնձագույն նախշեր, նույնագույն օղակներ էլ`պոչի վրա: Գունավոր նշանների յուրօրինակ տեղակայման շնորհիվ  այսպիսի գունավորումը ստացել է «Վանա թույր» անվանումը:

Զարմանալի է, բայց սա այն գույնն է, որն ունենում է Վանա լիճն արևածագին և մայրամուտի ժամանակ: Թվում է`արևն է իր հետքը թողել վանա կատվի մորթու վրա:

 Իսկ հայկական ժողովրդական զրույցը դրա համար ուրիշ բացատրություն է գտել: Դրա համաձայն` այս գունավորմամբ Աստված ինքն է պարգևատրել վանա կատվին այն բանի համար, որ նա  բռնել և ոչնչացրել է Նոյի տապանի տախտակամածը կրծող մկանը:

 Ամեն կատվի մասին ժողովրդական զրույցներ հո չեն ստեղծվում. այս զրույցը մի բան է ապացուցում. վանա կատուն մեր ժողովրդի սիրելիներից է եղել:

Բոլոր վանեցիները վանա կատու են պահել, որն իր հատուկ տեղն է ունեցել տանը և տան անդամներից մեկն է  համարվել։

Բացի այն, որ վանա կատուները հաճույքով խաղում են մարդկանց հետ, կարող են նաև ժամերով նստել մարդու գրկում կամ նրա կողքին` հանգստացնելով նրա նյարդերը, հաճախ՝ մեղմացնելով ցավը․ նրանք զգում են, թե որն է  մարդու ցավոտ տեղը, հպվում են այդ տեղին, սկսում տաքացնել ու լիզել այնքան ժամանակ, մինչև ցավը մեղմանում է։

Վանա կատուները, որպես հայկականության խորհրդանիշ, ոչնչացման են ենթարկվել Հայոց ցեղասպանության տարիներին: Թուրքերը դաժանորեն բնաջնջում էին վանա կատուներին, ինչը, սակայն, չխանգարեց նրանց տասնամյակներ անց վանա կատվին հռչակելու որպես իրենց ազգային արժեք և իրենց «նախնիների» ժառանգություն:

Այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր իրենց կարևոր գործն են համարում այս զարմանալի տեսակը պահպանելը: Դյուրին գործ չէ, բայց, պարզվում է, հնարավոր է։

Ճիշտ է, վանա կատուն շատ է սիրում Վանա լիճը, բայց հարմարվում է նաև այլ պայմանների. կարևորը` սիրեն իրեն։

Ցուցադրել ավելի
Back to top button