Հայկական էսքիզներ

«Թող Սուրբ Հոգին ինձ տա թև». Տաթևի վանքի առասպելը

Սյունիքի մարզում՝ Տաթև և Որոտան գետերի կիրճերի միջև ձգվում է եռանկյունաձև ժայռեղեն մի թերակղզի, որի վրա կառուցված է Տաթևի վանքը:

Վանքի տեղն ու դիրքը տեսնողին ստիպում են ևս մեկ անգամ հիշել, որ մեր հայրենիքի հին ու հնագույն հոգևոր ոչ մի կառույց պատահական տեղում չի ստեղծվել:

Չորս կողմից անդունդներով շրջապատված վանքը   կարծես ճախրում է կիրճի վրա, և իհարկե, ամենևին զարմանալի չէ, որ այդ տպավորությունն անմահացել է նաև վանքի անվան մասին լեգենդում:

Ըստ լեգենդի, երբ վանքը կառուցող վարպետն ավարտել է աշխատանքը, պատվիրել է օգնականին, որ նա 2 տաշեղ բերի: Օգնականը բերել է տաշեղները, վարպետը դրանք մոտեցրել է շուրթերին և շշնջացել. «Թող Սուրբ Հոգին ինձ տա թև»: Աստված լսել է նրա խնդրանքը. տաշեղները դարձել են թևեր, որոնց շնորհիվ վարպետը ճախրել է վեր՝ բարձրից տեսնելու իր կառուցած հրաշքը: Այդպես էլ ծագել է վանքի անունը՝ Տաթև:

 Ըստ առավել հավաստի վարկածի, վանքն իր անունն ստացել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունից:

Ստեփանոս Օրբելյանն իր «Սիսական նահանգի պատմություն» աշխատության մեջ գրում է, որ Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունեցել է անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ։ 8-րդ դարի վերջին վանքը դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա խաչը, «Աստվածամուխ սուրբ Նշանը», սուրբ Հովհաննեսի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, սուրբ Գրիգոր Լուսավորչի, սուրբ Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը։

Տաթևի վանական համալիրի կազմի մեջ են մտնում Սուրբ Պողոս-Պետրոս տաճարը, Սուրբ Աստվածածին մատուռ-եկեղեցին, սուրբ Գրիգոր եկեղեցին, սուրբ Գրիգոր Տաթևացու դամբարանը, «Գավազան» հուշարձանը, սեղանատունը, պարսպապատերը, ձիթհանը, դասասենյակները, մատենադարանը, բազմաթիվ ծառայողական շինությունները և վանական խցերը։

Տաթևի վանքը համահայկական մշակութային կենտրոն  է եղել: Ստեփանոս Օրբելյանը գրում է, որ Տաթևն ուներ 500 միաբան, «ծովի պես խորը» փիլիսոփաներ, երաժիշտներ, գրողներ, նկարիչներ։ Այնտեղ էին հավաքվել ժամանակի գիտուն և բանիմաց շատ վարդապետներ։

Տաթևի վանքը խոշոր ուսումնագիտական կենտրոն է եղել: Այստեղ է գործել Տաթևի նշանավոր համալսարանը, որն իր ամենածաղկուն շրջանն ապրել է տաղանդավոր ուսուցչապետեր Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու առաջնորդության տարիներին։ Վանքին կից գործել է մատենադարանը, որը գոյատևել է մինչև 1911–1912 թթ և որի  փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝  Մատենդարան:

Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի  մանրանկարչության դպրոցը:

Վանական համալիրի մեջ մտնող կառույցներից առավել անսովորը  հայտնի ճոճվող սյունն է, որը հայտնի է նաև «Գավազան» անունով: Սուրբ Երրորդության պատվին կառուցված այս պաշտամունքային հուշարձանը 8,3 մետր բարձրությամբ ութանկյուն կոթող է։ Այն կազմված է 12 շարքից և ավարտվում է զարդանախշ քիվով, որի վրա Երկիրը խորհրդանշող գալարաձև գունդ է տեղադրված։ Դրա վերևում խաչքար է դրված։ Սյան վրա ժամացույց և թռչուններ են պատկերված։

Սա զարմանալի կառույց է, որը դարերի ընթացքում չի քանդվել ոչ բնության, ոչ էլ մարդկանց ազդեցությունից։

Սյունը տեղադրված է հոդավոր հիմքի վրա, և ինչպես արդեն նշվեց, հետաքրքիր առանձնահատկություն ունի․ ճոճվում է։

Ընդունված է համարել, որ հնում այն որպես երկրաշարժագիր է ծառայել՝ զգուշացնելով մարզի բնակիչներին բնական աղետների մասին։ Բացի այդ, սյունը, իբրև, նաև զգուշացնում էր թշնամու զորքի հարձակման մասին՝ ճոճվելով հեծելազորի դղրդյունից։

Բայց կա նաև սյան նշանակության վերաբերյալ այլ տեսակետ, ըստ որի «Գավազանը» ցույց է տալիս ժամանակի հաշվարկման զրոյական կետը և մարդկության ստեղծած ամենաճշգրիտ աստղագիտական գործիքն է:

Տաթևի վանքի կիրճում է գտնվում բնության ստեղծած հրաշքներից մեկը՝ մոտ 30մ երկարություն ունեցող Սատանայի կամուրջը: Դարերի ընթացքում կրաքարային կուտակումները հավաքվելով՝ կազմել են այս հզոր քարե կամարը, որի եզրերից կախված են հանքային աղբյուրների առաջացրած շթաքարերը: Հենց կամրջի տակ տաք հանքային աղբյուրներ են բխում, որոնք լցվում են Որոտան գետն ու այն  ավելի հորդառատ դարձնում: Դրա շնորհիվ առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակով հոսում է սակավաջուր գետակ, սակայն փոխարենը կամրջից դուրս է գալիս ջրառատ Որոտանը:

-Տաթևի վանքը հայկական պատմամշակութային ժառանգության անգին գանձերից է, իսկ բնությունը, որի գրկում բազմել է Տաթևը, հայկական լեռնաշխարհի հրաշքներից է:

Ցուցադրել ավելի
Back to top button