Հայկական էսքիզներ

Խաչքարերի անտառը՝ Նորատուս

Հայրենիքը ճանաչելու լավագույն տարբերակներից մեկը ճամփորդելն է, և ամենևին պարտադիր չէ շատ հայտնի տեսարժան վայրերն ընտրել որպես ճամփորդության ուղղություն․ Հայաստանում ցանկացած ճանապարհ կհասցնի մի տեղ, ուր հայրենիքդ ու ինքդ քեզ ճանաչելու մի բանալի կգտնես նորից ու նորից։ Այս ճանապարհը, իհարկե, անհայտներից չէ․ բռնում ես այն ու հասնում․․․խաչքարերի անտառ։

Գեղարքունիքի մարզում՝ Գավառագետի աջ ափին է գտնվում Նորատուս գյուղը, որը Գեղարքունիքի մարզի հնագույն բնակավայրերից է, և որտեղ պահպանվել են պատմության ու մշակույթի բազմաթիվ հուշարձաններ։ Նորատուսի մոտ բացված հնագույն դամբարաններից գտնված առարկաները՝ գոտիներ, նետասլաքներ, ապարանջաններ, կավամաններ, վկայում են այն մասին, որ այս տարածքը բնակավայր է եղել դեռևս բրոնզի ու երկաթի դարերում։

Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը 9-րդ դարի վերջում, գյուղի հարավարևելյան եզրին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, բայց Նորատուսի այցեքարտը, իհարկե, գյուղի հարավային գերեզմանատունն է՝ իր խաչքարերով։ Խաչքարերի անտառ․ այսպես են հաճախ անվանում Նորատուսը՝ հենց այս գերեզմանատան շնորհիվ։

Խաչքարը համաշխարհային մշակութային ժառանգության մեջ հայ ժողովրդի թողած ինքնատիպ հուշարձաններից է․  հայկական խաչքարագործության արվեստը, որն սկսել է զարգանալ վաղ քրիստոնեական շրջանում և իր բարձրակետին է հասել միջնադարում, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական  մշակութային ժառանգության ցանկում:

Խաչքարեր կան մեր հայրենիքի բոլոր անկյուններում․ եկեղեցիներում ու դրանց մերձակայքում,  աղբյուրների մոտ ու գերեզմանատներում, ճամփեզրերին ու անտառներում։ Եվ ամենուր իրենց խորհուրդն ունեն։

Նորատուսի գերեզմանատունը մեծությամբ երկրորդն է Նախիջևանի Ջուղա քաղաքի պատմական գերեզմանատնից հետո, որտեղ գտնվող մոտ 2500 խաչքարերը 1998-2005 թթ. ընթացքում ավերվեցին Ադրբեջանի կողմից։ Ջուղայի գերեզմանատան կործանումից հետո Նորատուսը խաչքարերի ամենամեծ համալիրն է աշխարհում։ Նորատուսի գերեզմանատանը ավելի քան 1000 խաչքար կա, որոնք թվագրվում են 9–18–րդ դարերով: Սրանք, ըստ էության, տապանաքարեր են, որոնցով մարդիկ փորձել են անմահացնել նախնիների հիշատակը։

Նորատուսի խաչքարերի մասին ժողովրդական տարբեր ավանդազրույցներ կան, ամենահայտնիները երկուսն են։ Դրանցից մեկը պատմում է, որ երբ թուրքերը ներխուժում են Գեղարքունիք, Գեղամ իշխանը շատ քիչ զինվորներ է ունենում։ Նա հրամայում է զինվորական համազգեստ հագցնել խաչքարերին: Այդպես էլ անում են․ հեռվից թշնամուն թվում է, թե մեծաքանակ զորք է կանգնած իր դիմաց, և փախուստի է դիմում, Գեղամ իշխանն էլ իր խմբով հարձակվում և պարտության է մատնում նրան:

Մյուս ավանդազրույցը կապված է դամբարանի տարածքի փոքրիկ մատուռի հետ: Զրույցն ասում է, որ այս մատուռի շնորհիվ փրկվել է ողջ գյուղը։ Ավանդազրույցի համաձայն, գյուղ ներխուժած թաթարները պայմանավորվում են գյուղի ավագների հետ, որ կխնայեն բոլոր այն մարդկանց կյանքը, ովքեր կտեղավորվեն ժամատան ներսում։ Մատուռի գաղտնի ելքով բնակիչները կարողանում են փախչել։ Թաթարական բանակի հրամանատարը մտնում է ներս և ապշահար  լինում, երբ տեսնում է միայն աղոթող մի քանի հոգու։ Աղոթողները «հրաշքը» բացատրում են այսպես. մարդիկ վերածվել են աղավնիների ու թռել երկինք:

Խաչքարերի անտառ, յուրահատուկ բացօթյա թանգարան, խաչքարային արվեստի գործերի եզակի հավաքածու․ սա է Նորատուսը, որն անպայման պետք է տեսնել։

Ցուցադրել ավելի
Back to top button