Հայկական էսքիզներ

Մարդու ձեռքով ստեղծված ու պահպանված ամենահին անտառը՝ Խոսրովի արգելոց

Անտառ գնալ շատրես ենք սիրում, նույնիսկ ձմռանը, երբ աշնան շքեղ պարահանդեսից հետո անտառը հոգնած ու խոր քնած է լինում: Բայց, իհարկե, ամենից շատ անտառային արշավի մասին սկսում ենք երազել մայիսի վերջից սկսած ու ողջ ամառվա ընթացքում, երբ արևն սկսում է այրել: Արևն այրում է, ու մենք սկսում եմ ամեն շաբաթ ու կիրակի խնդրել հայրիկին. «Պա՛պ, մեզ անտառ կտանե՞ս»: Հայրիկը չի մերժում և մի անգամ ուղղությունը Դիլիջանն է լինում, մյուս անգամ՝ Բյուրականը, հաջորդը՝ Լոռին…Ուղղություններ միշտ էլ գտնում ենք, չնայած մեր հայրենիքը, աշխարհագրական դիրքի ու բնակլիմայական պայմանների պատճառով, անտառներով, իհարկե, շատ հարուստ չէ: Բայց եղածն էլ հրաշք է, և անտառային արշավների համար նախատեսած դեռ շատ ուղղություններ ունենք: Դրանցից մեկն էլ Խոսրովի անտառն է։

Խոսրովի անտառը մարդու ձեռքով ստեղծված ու պահպանված հնագույն անտառներից մեկն է աշխարհում: Ինչու շեշտեցի «պահպանված» բառը. որովհետև մեր հայրենիքի տարածքում մարդու ձեռքով ստեղծված շատ ավելի հին անտառներ էլ են եղել, որոնք, ցավոք, ոչնչացել են դարերի ընթացքում: Այդ մասին առաջին հիշատակողներից մեկը պատմահայր Խորենացին է: Հենց նրա շնորհիվ մենք այսօր գիտենք հայոց սրբազան անտառներից երկուսի՝ Սոսյաց անտառի և Ծննդոց անտառի մասին: Երկուսն էլ, ինչպես ասացի, ժամանակի ընթացքում ոչնչացել են, իսկ 330-338թվականների ընթացքում հայոց Խոսրով Կոտակ արքայի հրամանով տնկված անտառի մի մասը, բարեբախտաբար, հասել է մինչև մեր ժամանակները և այսօր Խոսրովի արգելոց կոչվող ու պետության կողմից պահպանվող տարածքի մաս է: Շատերն արգելոցի մասին խոսելիս հենց Խոսրովի անտառ էլ ասում են: Իրականում Խոսրով արքայի հիմնած անտառից շատ քիչ մաս է պահպանվել:

Թագավորը սկզբում կողք կողքի տնկել է տվել երկու անտառ։ Մեկը կոչվել է Տաճար մայրի, մյուսը՝ Խոսրովակերտ։ Երկու անտառներն էլ պարսպապատել են առանձին-առանձին։ Երկու անտառներում էլ տնկվել են մայրի և կաղնի ծառատեսակներ, բայց հայերենում «մայրի» բառը նաև անտառ իմաստն է ունեցել, և անտառներից մեկը «Տաճար մայրի» անվանելով՝ արքան հենց «անտառ»-ն է նկատի ունեցել՝ այսինքն՝ սրբազան անտառ:
Թագավորի հրամանով անտառը լցվել է որսի կենդանիներով և դարձել արքունական որսատեղի:

Ժամանակի ընթացքում արքայական խնամքից ու հոգածությունից զրկվել է անտառը, մի մասը հատվել է, անխնա որսի պատճառով վերացել են այնտեղ ապրող շատ կենդանատեսակներ: Խոսրովակերտ հատվածը վերացել է, իսկ «Տաճար մայրիից» մի փոքրիկ մաս է մնացել, որն էլ ձուլվել է բնական անտառին:
1958 թ. պետության կողմից կազմավորվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որը զբաղեցնում է 27 հզ. հեկտար տարածություն, տարածվում է Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին ու իր մեջ է ներառում նաև Խոսրով արքայի հիմնած անտառի պահպանված հատվածը:

Խոսրովի արգելոցում շրջագայությունը հայկական բնաշխարհի հրաշքներին ծանոթանալու լավ հնարավորություն է: Եթե հաշվի առնենք այն, որ արգելոցն ընդգրկում է չորս ընդարձակ տեղամաս, որ արգելոցի տարածքով հոսում են Ազատ և Վեդի գետերը, որ այստեղ 4 ջրվեժ կա , որ Հայաստանի 1%-ը կազմող արգելոցի տարածքում աճում է բույսերի 1849 տեսակ և ապրում է 283 տեսակ ողնաշարավոր կենդանի, որ այս արգելոցի տարածքում է գտնվում պատմամշակութային 312 հուշարձան, ապա պարզ է արդեն, որ Խոսրովի արգելոց անպայման պետք է գալ, այն էլ՝ ոչ մեկ անգամ:

2017թվականի օգոստոսին Խոսրովի արգելոցում հրդեհ բռնկվեց, հիշում եք, կարծում եմ: Անցած տարի մեր հերթական փոքրիկ ճամփորդության ժամանակ Խոսրովի անտառի հրդեհված տեղամասերի կողքով էինք անցնում, և ես տեսա այրված ծառերը:
Սարսափելի էր: Առանց այն էլ ծառի ու անտառի մեծ կարիք ունեցող մեր բնության անգին գանձերն էր լափել կրակը: Այն, ինչը մայր բնությունը տասնամյակներով ու հարյուրամյակներով փայփայել էր ու հասցրել մեզ, ոչնչացել էր ակնթարթի մեջ:
Ասում են, որ Խոսրովի անտառն արդեն սկսել է ապաքինվել, և որ անգամ այն ծառերը, որոնք մասնագետների նախնական գնահատմամբ անդառնալիորեն վնասվել էին, սկսել են ընձյուղներ տալ: «Անպայման պետք է գնալ՝ տեսնելու վերածնվող անտառի հրաշքը». այսպես որոշեցինք հայրիկիս հետ: Եվ պետք է գնալ միայն ու միայն ակնածանքով, միայն ու միայն հիանալու և հայրենիքը ճանաչելու համար: Եվ ոչ երբեք վնասելու:

Ցուցադրել ավելի
Back to top button