Հայկական էսքիզներ

Եկեղեցական համալիր՝ հեթանոսական մեհյանի տեղում․ Սևանավանք

Ամեն անգամ, երբ ճանապարհը ձեզ տանում է դեպի Սևանա լիճ, անհամբեր սպասո՞ւմ եք այն պահին, երբ հորիզոնի գծի հետ կհատվի լճի կապույտը: Հստակ գիտեք չէ՞ ճանապարհի այն հատվածը, որտեղից երևում է տեսարանը, բայց, չնայած դրան, այն ձեզ միշտ անսպասելի է թվում:
Հրաշք է Սևանը, հրաշալի է նրա հետ ամեն հանդիպում՝ անկախ նրանից, թե ինչ տրամադրությամբ կդիմավորի քեզ՝ կոհակների խաղաղ նազանքո՞վ, թե՞ հուզված ու փոթորկոտ:
Մի հրաշք՝ լիճն է, մյուսը՝ Սևանավանքը, որի մասին է «Հայկական էսքիզների» այսօրվա զրույցը: Եվ այսպես, ուղղությունը՝ Սևանի թերակղզի, Սևանավանք:

Սևանա կղզին, որն այսօր թերակղզի է, իր անառիկության ու գեղեցկության շնորհիվ պաշտամունքի վայր է եղել անհիշելի ժամանակներից: Այսօր էլ արևմտյան հրվանդանի կողմից նկատելի են ամրոցի պատերի մնացորդներ, որոնք պաշտպանել են կղզին նրա առավել մատչելի հատվածում՝սկսած դեռևս Ք.ա. II-I հազարամյակներից: Անառիկ ամրոցի իր դերը կղզին պահպանել է նաև միջնադարում: Բոլորդ էլ հիշում եք հայոց պատմության այն դրվագը, երբ 10-րդ դարում Սևանա կղզում փոքրաթիվ զորքով ամրացավ Աշոտ Երկաթը և հաղթեց արաբ Բեշիր զորապետին:
Հենց այստեղ՝ այսօր արդեն թերակղզի դարձած կղզու վրա է գտնվում Սևանավանքը:

Սևանի վանական համալիրը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 305թվականին՝ հեթանոսական մեհյանի տեղում կանգնեցնելով Սուրբ Հարություն և Սուրբ Կարապետ եկեղեցիները: 995թվականի մեծ երկրաշարժից Սուրբ Հարությունն ավերվել է հիմնահատակ, Սուրբ Կարապետը խարխլվել է, բայց չի կործանվել: 1400 թվականին Սուրբ Կարապետը շրջակայքի բնակչության ջանքերով վերակառուցվել է և այսօր Սևանա թերակղզում կանգուն երկու եկեղեցիներից մեկն է:

9-րդ դարում, երբ Սևանը Սյունյաց իշխանների հենակետն էր, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը Մարիամը, 871-ից 874 թթ ընթացքում իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին կղզում կառուցել է տալիս երկու եկեղեցի Սուրբ Առաքելոցը և Սուրբ Աստվածածինը: Իշխանուհին մեծ նպաստ է բերել Սևանավանքի շենացման գործին, ահա թե ինչու Սևանավանքը հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով:

Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիների կառուցումից հետո վանք ուխտի է եկել Հայոց Աշոտ Ա Բագրատունի արքան, որը իշխանուհի Մարիամի հայրն էր: Արքան բազում նվերներ է բերել, այդ թվում և՝ Խաչի նշանը, որը ժողովրդի մեջ հայտնի էր «Սևանի Սուրբ Նշան» անունով: Ըստ ավանդության՝ Սուրբ Նշանը պատրաստված էր այն կոնքից, որի մեջ Տիրամայրը լողացրել է մանուկ Հիսուսին: Սա զորավոր խաչ էր համարվում. զրույցներ են պահպանվել այն մասին, որ աղետների ժամանակ շրջակա բնակավայրերից, անգամ՝ հարևան երկրներից են եկել և ժամանակավորապես խնդրել խաչը՝ օրհնության կարգ կատարելու և աղետի կամ հիվանդության դեմ պայքարելու համար:
Եթե կարդացել եք Մուրացանի «Առաքյալը» վիպակը, ապա կհիշեք, որ երբ վիպակի հերոսը՝ Պետրոս Կամսարյանը, այցելում է Սևանի կղզի, այլևայլ հնությունների շարքում նրան ցույց են տալիս նաև կղզու ամենաթանկ մասունքը՝Սուրբ Նշանը: Ի դեպ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հաճախ այս խաչի անունով ժողովուրդը նաև Սուրբ Նշան է անվանում:

Իշխանուհի Մարիամի կառուցած եկեղեցիներից Սուրբ Աստվածածինը կանգուն է եղել մինչև 1931 թվականը, բայց քանդվել է այնպես, ինչպես խորհրդային կարգերի հաստատման տարիներին քանդվել են շատ այլ եկեղեցիներ: Իսկ մյուսը՝ Սուրբ Առաքելոցը, վանական համալիրի այսօր կանգուն եկեղեցիներից երկրորդն է:

Սևանավանքի համալիրի մասն են խաչքարերը: Վանքի պատմության յուրաքանչյուր ժամանակահատվածից պահպանվել են խաչքարերի հոյակերտ նմուշներ, որոնցից ամենաուշագրավներից են Սևանի քարհանքերից բերված կանաչավուն փխրուն քարից քանդակվածները։

Սևանավանքը հայտնի է նաև խաչքարի հազվագյոտ մի տեսակի՝ «Ամենափրկիչ» խաչքարի ի՛ր նմուշով: Ժողովուրդն «Ամենափրկիչ» է կոչել այն խաչքարերը, որոնց վրա կա Քրիստոսի պատկերը: Այդպիսիք քիչ են, և դրանցից մեկն էլ հենց Սևանի Սուրբ Առաքելոց վանքում է գտնվում: Այն բերվել է 1653 թվականին թերակղզու դիմացի ափից՝ Նորաշեն գյուղից և պատկերում է Հիսուսի խաչելության ողջ պատմությունը:

Շատ եմ սիրում Սևանավանքը, հատկապես առավոտ վաղ, երբ արթնանում է օրը, կամ ուշ երեկոյան, երբ շուրջը լուռ է, ու շատ պարզ կարող ես լսել թերակղզու բարձունքում այս էլ քանի դար ապրող եկեղեցիների, լճի ու լեռների դարավոր զրույցը: Ինչե՜ր են տեսել նրանք, ինչե՜ր ունեն հիշելու ու պատմելու: Իսկ մեզ՝ այսօր իրենց այցի եկողներիս, մնում է լսել այդ զրույցը…

Ցուցադրել ավելի
Back to top button