Հայկական էսքիզներ

«Սա քան զնա հին»՝ Հաղպատից էլ հին․ Սանահին վանական համալիր

Լոռու մարզում՝ Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա է գտնվում Սանահինի վանական համալիրը, որը 10-ից 13-րդ դարերում Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոններից էր:

«Սանահին» անվան ծագման մասին ամենահայտնի ավանդության համաձայն վանքի կառուցման ժամանակ կառուցողները՝ հայր ու որդի, վիճում են: Որդին հեռանում է և սկսում Հաղպատում մեկ այլ եկեղեցի կառուցել: Երբ նրանց միջև եղած վիճաբանությունը հարթվում է, որդին, գալով Սանահին, ասում է . «Սա քան զնա հին», իբրև՝ թե սա նրանից, այսինքն` Հաղպատից հին է, ինչն էլ համառոտվելով հետագայում հնչել է «Սա-նա-հին»:

Սանահինի վանական համալիրը կազմված է Սբ. Աստվածածին և Սբ. Ամենափրկիչ եկեղեցիներից ու դրանց գավիթներից, Սբ. Գրիգոր և Սբ. Հարություն մատուռներից, ճեմարանից, գրատնից, զանգակատնից, Կյուրիկյանների, Զաքարյանների և Արղության-Երկայնաբազուկների տոհմական դամբարաններից:
Համալիրի առաջին՝ Սբ. Աստվածածին եկեղեցին, կառուցվել է X դարի 30–40-ական թվականներին՝ Աբաս Բագրատունի թագավորի օրոք: Եկեղեցու ներսում պահպանվել են երբեմնի որմնանկարների հետքերը:
966 թ-ին Աշոտ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են համալիրի գլխավոր և ամենամեծ շինությունը՝ Սբ. Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց Կյուրիկե և Սմբատ որդիների արևշատության համար: Եկեղեցու արևելյան ճակատին՝ ուղղանկյուն շրջանակի մեջ, տեղադրված է խորաքանդակ Կյուրիկեի և Սմբատի պատկերներով:

Աշոտ Ողորմած թագավորը Սանահինում հիմնադրել է նաև միաբանություն և հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականների, գիտնական վարդապետների, գրիչների: Ըստ ավանդության՝ հոգևոր դպրոցում է աշխատել նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, որի անունով էլ կոչվել է Սբ. Աստվածածին և Սբ. Ամենափրկիչ եկեղեցիների միջև կառուցված սրահը՝ «Մագիստրոսի ճեմարանը», որը հայկական միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության եզակի նմուշներից է:

979 թ-ին Սմբատ Բ թագավորի հրովարտակով Սանահինի վանքը դարձել է Կյուրիկյան թագավորության եպիսկոպոսական աթոռանիստը և որպես այդպիսին մնացել մինչև XI դարի կեսը, երբ սկսվեցին սելջուկյան արշավանքները և անկում ապրեց Կյուրիկյան թագավորությունը:

12-րդ դարի վերջին վանքը դարձավ Զաքարյան իշխանների սեփականությունը, և վերականգնվեց հոգևոր ու գիտամշակութային կենտրոնի նրա դերը: Այդ շրջանում կատարվել են նաև լայնածավալ շինարարական աշխատանքներ: 12-րդ դարի վերջին Դեբեդ գետի վրա կառուցվել է Սանահինի նշանավոր կամուրջը, որով անցնում է վանք տանող ճանապարհը:

14-րդ դարի սկզբին թուլացել և դարավերջին տրոհվել է Զաքարյանների իշխանական տունը, և Սանահին գյուղն իր շրջակայքով ու վանքով դարձել է նրանց շառավիղների՝ Արղության-Երկայնաբազուկների սեփականությունը:

14-15-րդ դարերում Սանահինի վանքում նոր վերելք է ապրել գրչության արվեստը: Այստեղ գրված ձեռագրերից 35-ը պահվում են Մատենադարանում: Առավել հիշարժան է Սանահինի «Քոթուկ» անունով հայտնի ձեռագիրը, որտեղ ներկայացված են վանքի ժամանակագրությունը և արժեքավոր տեղեկություններ միաբանության պատմության վերաբերյալ:

Սանահինի վանքի ճարտարապետական համալիրը ձևավորվել է շուրջ երեք հարյուրամյակի ընթացքում. յուրաքանչյուր նոր շինություն կառուցվել է՝ նախորդների դերը, տեղն ու ոճական հատկանիշները հաշվի առնելով: Ահա թե ինչու, չնայած համալիրի վերջնական տեսքը ձևավորվել է երկարատև ժամանակի ընթացքում, միմյանց հետ ներդաշնակ են թե՛ մարդաշեն կառույցները, թե՛ բնությունը, որի գրկում է գտնվում Սանահինը:

2001 թ-ին Սանահինի համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության արժեքների ցանկում:

Ցուցադրել ավելի
Back to top button