Հայկական էսքիզներ

Տավուշի մարզի սահմանապահ վանական համալիրը՝ Խորանաշատ

Տավուշի մարզում՝ Չինարի գյուղից հյուսիս-արևելք, անտառի մեջ է գտնվում միջնադարյան Հայաստանի կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական նշանավոր կենտրոններից մեկը՝ Խորանաշատը: Սահմանապահ եկեղեցի. այսպես են հիմա հաճախ անվանում այն, որովհետև իսկապես էլ կանգնած է հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 100մ հեռավորության վրա: Հակառակորդի գնդակները նրան էլ են հասել, ցավոք, հենց վտանգավոր վայրում գտնվելու պատճառով նվազել է նրան այցի եկողների թիվը, բայց մոտ 800 տարեկան Խորանաշատը շարունակում է հանգիստ ու խաղաղ աղոթել և, ինչպես մերձակա Չինարիում ու Այգեձորում են վստահ, նաև իր աղոթքով պահպանել իրեն ապավինողներին: Վանքը սահմանն ու այնտեղ կանգնած զինվորներին է պահպանում, զինվորները՝ նրան:
Իհարկե, Խորանաշատը խնամքի և օգնության կարիք այսօր շատ ունի, և պատահական չէ, որ հայտնվել է «Եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան» ծրագրի 2020 թվականի հավակնորդների նախնական ցանկում:

Եվ այսպես՝ Խորանաշատ…

Այս վանական համալիրը 13-րդ դարի առաջին կեսին հիմնել է Վանական Վարդապետը՝ Վահրամյան իշխանների հովանավորությամբ:
Խորանաշատի կազմի մեջ են մտնում Սուրբ Աստվածածին և Սուրբ Կիրակի եկեղեցիները, կիսավեր մատուռը, վանական խցերը: Սուրբ Կիրակի եկեղեցուց դեպի արևելք մատուռի ավերակներ կան, այդտեղ կան տապանաքարեր և քանդակազարդ թևավոր խոշոր խաչ, որն ավանդաբար համարվում է Վանական Վարդապետի գերեզմանաքարը։ Դրան մոտենալը համարյա անհնար է, որովհետև գտնվում է հակառակորդի դիպուկահարների անմիջական հսկողության տիրույթում, բայց Խորանաշատին թեկուզ զգուշորեն այցի եկողներն ամեն գարուն հեռվից տեսնում են, որ հենց այդ հատվածում կարմիր կակաչներն ամեն տարի անսովոր առատությամբ են բացվում:

Համալիրի գլխավոր եկեղեցին Սուրբ Աստվածածինն է, որի անսովոր լայն կիսաշրջան ավագ խորանը մասնատված է 10 խորշերով: Ահա թե ինչու է համալիրին տրվել Խորանաշատ անվանումը։ Խորանաշատի վանքի առաջին առաջնորդը եղել է Վանական Վարդապետը։

Հենց նա էլ այստեղ հիմնել է դպրանոց-վարդապետարանը և ինքն էլ եղել ուսուցչապետը մինչև իր մահը՝1251 թ։

Խորանաշատի վարդապետարանը պատմագրական թեքում ունեցող դպրոց է եղել, որտեղ ուսանել են 7-8 տարի։ Դասավանդել են պատմություն, աստվածաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, երաժշտագիտություն, քերականագիտություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, բնագիտություն, բուսագիտություն, նաև ընդօրինակել են ձեռագրեր։ Վանական վարդապետի մի շարք երկեր որպես դասագիրք կամ համառոտ ուղեցույց են ծառայել աշակերտների համար։ Շրջանավարտները ստացել են վարդապետական աստիճան և զբաղվել ինքնուրույն գործունեությամբ։ Այստեղ ուսանել են Վարդան Արևելցին, Գրիգոր Ակներցին, Ստեփանոս Աղթամարցին: Վանական Վարդապետի սաներից էր նաև Կիրակոս Գանձակեցին: Նա իր ուսուցչի մասին գրել է, որ վարդապետի մոտ ոչ միայն ուսման համար էին գալիս, «այլև նրա ողջ կյանքն ու արարքները օրենք էին տեսնողների համար»:

Խորանաշատը եղել է նաև գրչության կենտրոն: Վանական վարդապետը բծախնդրությամբ է ընտրել այն ձեռագրերը, որոնք ընդօրինակվել են այստեղ: Դրանցից մի քանիսը պահվում են Մատենադարանում, բայց, ցավոք, շատերն էլ պարզապես ոչնացել կամ անհետացել են ժամանակի ընթացքում:

Ինչպես Հայաստանի շատ այլ վանքեր ու եկեղեցիներ, Խորանաշատն էլ իր լեգենդն ունի: Ճիշտ է, այս մեկը համարյա նույնությամբ վերագրվում է նաև մի քանի այլ եկեղեցիների, բայց ոչինչ չի խանգարում, որ Խորանաշատն էլ այն իրենը համարի:
Ըստ լեգենդի, երբ Լենկ Թեմուրը եկել է այս տարածք ու սկսել է կոտորել շրջակա գյուղերի բնակչությանը, մարդիկ գնացել են Խորանաշատ: Մոնղոլները մտածել են, որ այդպես հեշտ կլինի կոտորել, սպասել են, որ մարդիկ հավաքվեն վանքում: Մարդիկ մտել են եկեղեցի ու դուռը փակել, իսկ եղեղեցին ունեցել է երկու թունել, որտեղ նրանք պատսպարվել են: Գմբեթի տակ աղավնիներ են եղել, որոնք աղմուկից վախեցած՝ սկսել են թևածել օդում: Լենկ Թեմուրին թվացել է, որ մարդիկ են աղավնիներ դառնում: Նա թույլ չի տվել վանքն ավերել, իսկ երբ վերադարձել է, հրամայել է մեծ մզկիթ կառուցել, որի վրա փորագրել են նաև Խորանաշատ վանքի պատկերը:

Ցուցադրել ավելի
Back to top button