Հայկական էսքիզներ

Հայկական ծիրանը դշխո է՝ թագուհի, իսկ մյուս երկրներում աճողը՝ նաժիշտ

Կարո՞ղ եք ասել՝ հայրենիքից երկար ժամանակ հեռու գտնվող մեր հայրենակիցները Հայաստանի մասին խոսելիս ի՞նչն են ամենից ավելի կարոտում: Ցանկը, իհարկե, ամեն մեկի համար տարբեր է՝ տնից ու սիրելի փողոցից սկսած՝ մինչև մարդիկ ու գույներ։


Բայց կա երկու բան, որոնց կարոտում են բոլորը. նախ՝ ջուրը. «Մեր ջրի նման ջու՜ր…»,-ասում են երանությամբ ու այնպես երկարացնելով, ասես հեռվից կում են անում լեռնային սառնորակ աղբյուրից, և միրգը. «Ոչ մի միրգ իր համը չունի այստեղ»,-ասում են հաճախ, ու ամենևին կարևոր չէ, թե այդ «այստեղը» մոլորակի ո՛ր մայրցամաքում ու ո՛ր երկրում է: «Մեր ծիրանի նման ծիրա՜ն»,-և… «ծիրան» բառից անգամ քաղցրություն է ծորում ու ծորում է կարոտ։


Ու հասկանում ես, որ ոչ ջուրն է այս դեպքում սովորական H2O, ոչ էլ ծիրանը՝ սովորական միրգ:

Այն, որ ծիրանենին Հայաստանի հնաբնակներից է, իսկ նրա պտուղը՝ հայտնի հնագույն ժամանակներից, վկայում են թե՛ հնագիտական պեղումները, թե՛ հնագույն արձանագրություններն ու ձեռագրերը:


Դեռևս 1950-ական թվականներին Գառնիի պեղումների ընթացքում հայտնաբերվել են ավելի քան 6 հազար տարվա հնության ծիրանի կորիզներ։ Հետագայում ծիրանի կորիզներ և նույնիսկ պահպանված պտղամսով ծիրան է հայտնաբերվել նաև Արենիի քարանձավների պեղումների ժամանակ:

Ծիրանը Հայաստանի ամենահայտնի խորհրդանիշներից մեկն է, ինչի մասին են վկայում դրա՝ օտարալեզու անվանումները:
Դեռևս մ.թ.ա 3-րդ հազարամյակում աքքադացիներն այն կոչում էին «արմանու»՝ այսինքն՝ «հայկական», արամեացիները ծիրանի ծառը կոչում էին «խազուրա արմենայա»՝«հայկական խնձորենի»։ Արաբերենում ծիրանի անուններից մեկն է «թու‎ֆահ ալ արմանի», որը նշանակում է «հայկական խնձոր»։
Մ.թ.ա. առաջին դարում հռոմեացի զորավար Լուկուլլոսը, վերադառնալով հայոց արքա Տիգրան Մեծի դեմ մղվող պատերազմից, Հայաստանից Հռոմ տարավ ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղ մշակվեցին և անվանվեցին «Հայկական սալոր»:


Շատ հետազոտողներ ծիրանի ծագումնաբանական կենտրոններ են համարում Չինաստանն ու Հնդկաստանը, բայց այն, որ Հայաստանում աճող ծիրանն իր համային ու որակական այլ հատկանիշներով միանգամայն տարբերվում է մյուս երկրներում աճողներից, ընդունում են բոլորը: Հայկական ծիրանի յուրահատկության մասին կարծիքն էլ ժողովուրդն այսպես է ձևակերպել. «Արարատյան դաշտում աճած ծիրանը դշխո է՝ թագուհի, իսկ մյուս երկրներում աճողը՝ նաժիշտ»:

Հայկական ծիրանի յուրահատկություններից է գույնը: Այն ո՛չ դեղին է, ո՛չ նարնջագույն, ո՛չ կարմիր. այդ գույնի համար ավելի լավ անուն գտնել, քան ծիրանագույնն է, դժվար է: Այդ գույնով էր ներկվում հայոց արքաների հագուստը, իսկ թիկնոցը գույնի անունով էլ կոչվում էր՝ ծիրանի:
Հայ ժողովուրդը ծիրանի ծառի մասին շատ լեգենդներ ու զրույցներ է հյուսել:
Ըստ դրանցից մեկի՝ ծիրանենին հայերիս առաջին տոնածառն է: Զրույցն ասում է, որ հնագույն այն ժամանակներում, երբ ջրհեղեղից հետո առաջին ձյունն իջավ Արարատ սարի վրա, հայերի նախահայր Հայկի հոր՝ Թորգոմի օրոք, Արարատի գագաթից սաստիկ սառնամանիք իջավ դաշտավայրի վրա: Թորգոմը, որպեսզի ինչ-որ մրգատեսակի ծառ փրկի, արմատահան արեց մի ծիրանի ծառ ու տարավ այն իր տուն: Նույն բանն արեցին մյուսները: Երբ եկավ Նոր տարին, որն այն ժամանակներում գարնանն էր տոնվում, մարդիկ զարդարեցին իրենց տներում պատսպարած ծիրանենիները: Այդպես ծնվեց Նոր տարուն ծառ զարդարելու ավանդույթը, և չնայած հետագայում այլ ծառեր էլ էին զարդարում, հայոց առաջին տոնածառը ծիրանենին է եղել:

Երևի ամենևին էլ պատահական չէ, որ հենց ծիրանենու փայտից պատրաստված դուդուկից են ամենախորունկ հնչյունները քամում վարպետ դուդուկահարները, որ հայոց այբուբենի տասնչորսերորդ տառը՝ Ծ-ն, հենց հասուն ու հյութեղ ծիրանի պատկերն է՝ որ կա, որ հենց ծիրանի ծառին է դիմել տխուր հայ գեղջուկն իր երգով՝ «Ծիրանի ծառ, բար մի՛ տա, ճղներդ իրար մի՛ տա, ամեն մեջդ ման գալիս դարդերս իրար մի՛ տա»…և որ այսօր էլ հայրենիքից հեռու գտնվող հայի համար այս փոքրիկ ոսկեշող պտուղը ինքը Հայաստանն է, որ կա՝ քաղցր, անուշ, լուսեղեն…

Ցուցադրել ավելի
Back to top button