Սովորում ենք բնությունից

Կատուները պատերազմում

Մարդիկ շահում են, երբ սովորում են բնությունից, բացահայտում նրա կենդանական ու բուսական աշխարհի գաղտնիքները:  Այս իմացությունն է, որ փրկում է մարդկանց , հանում անելանելի այնպիսի իրավիճակներից, ինչպիսիք աղետներն են ու պատերազմը:

 Երկրորդ համաշխարհային պատերազմում շների մասնակցության մասին շատերս գիտենք, բայց երբևէ լսե՞լ եք հերոս կատուների մասին:  Պարզվում է սարսափելի ու դաժան  ժամանակներում կատուները, շնորհիվ իրենց  զգայարանների ու ինտուիցիայի,բազմաթիվ մարդկային կյանքեր են փրկել, ճշգրիտ կանխատեսել թշնամու հարձակումները:

Հայտնի է նաև, որ կատուները  ցրտից փրկում ու  տաքացնում էին փոքր երեխաներին, սատկում էին սովից, բայց  իրենց որսը բերում էին տերերին : Անչափ զգայուն այս կենդանիները մարդկանց զգուշացնում էին մոտակա աղետի մասին իրենց սուր ճիչերով ու մլավոցներով: Մինչ մարդու կողմից հորինված սարքերը  ուշքի գային օդային տագնապ ազդարարելու համար,  փափկամազ «ռադարները» արդեն նախազգուշացնում էին  վտանգի մասին, որի շնորհիվ անհամար կյանքեր էին փրկվում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  առավելագույն կյանքեր փրկած կենդանիները , որոնց թվում նաև կատուները պարգևատրվել են հատուկ մրցանակով ՝ «Մենք ծառայում ենք նաև հայրենիքին» մեդալով:

2008 թվականին Տյումենում բացվեց Սիբիրյան կատուների հրապարակը ՝ ի հիշատակ կենդանիների, որոնք Լենինգրադը փրկեցին առնետներից:

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Լենինգրադը պաշարված էր, և քանի որ մարդիկ քաղցից կերել էին  նույնիսկ ընտանի կենդանիներին, նաև կատուներին, քաղաքը  լցվել էր առնետներով: Այդ պատճառով սննդի հետ միասին  4 վագոն մոխրագույն կատու բերվեց քաղաք,  կրծողներից և նրանց տարածած վարակից ազատվելու համար: Բլոկադային դիմացած և փրկված միակ կատուն Մաքսիմն էր, որի մասին լեգենդներ էին հյուսվում:

Իսկ Լոնդոնի Սուրբ Օգոստինոս  եկեղեցու «Ֆեյթ» անունով կատուն առաջին կատուն էր, ով պարգևատրվեց Մարիա Դիկինի  մեդալով: Այս պատվավոր մրցանակը հավասարազոր է Անգլիայի բարձրագույն ռազմական պարգևին ՝ Վիկտորիայի շքանշանի խաչին: 1940 թվականի սեպտեմբերի 9-ին, գերմանացիների հարձակումից երեք օր առաջ Ֆեյթը ռումբերից փրկեց իրեն և  ձագուկին ՝ թաքնվելով  փլուզված և այրված տան  նկուղում: Տունն այրվում էր, ելք չկար, և խեղդող ծուխն ու կրակը լափում էին ամեն ինչ: Բայց  մայր կատուն մարմնով պաշտպանելով ձագուկին, ու այրվածքներ ստանալով  դիմադրեց մինչև վերջ: Նրան փրկեցին  վաղ առավոտյան, երբ ավերակները դեռ ծխում  էին: «Անխախտ քաջության համար» մակագրությամբ շքանշանը Ֆեյթին նվիրեց անձամբ Մարիա Դիքինը:  Ի դեպ` Մարիա Դիքինի մեդալը Մեծ Բրիտանիայի բարձրագույն զինվորական պարգև է, որը նախատեսված է կենդանիների համար։ Պարգևը հիմնվել է 1943 թվականին Մարիա Դիկինի  նախաձեռնությամբ, որը կենդանիների օգնության բարեգործական  կազմակերպության հիմնադիրն էր։ Մեդալը պատրաստված է բրոնզից, պատկերում է դափնեպսակ և երեսին «Քաջության համար» և «Մենք նույնպես ծառայում ենք» գրություններն են։

 Մեդալը տրվում է առ այսօր, օրինակ՝ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության ժամանակ մարդկանց օգնելու համար պարգևատրվել են երեք շուն: Նրանցից ՝ Սալթին և Ռոսելը իրենց կույր տերերին հանել էին Համաշխարհային առևտրի կենտրոնի վնասված շենքից՝ անցկացնելով ավելի քան 70 աստիճանավանդակ: իսկ հետախույզ-շուն Ապոլոնը պարգևատրվեց  փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։

Խիզախ կենդանիներից հնարավոր չէ չհիշել Սայմոն անունով կատվին էլ, որը ծառայում էր Թագավորական ռազմածովային ուժերի «Ամետիստ» ռազմանավում: Նա ոչ միայն պաշտպանում էր մթերային  պաշարները առնետներից, այլ նաև  իր օրինակով ոգևորում բոլորին ՝ նավաստիներից մինչ նավապետ: Յանցցե գետի վրա չինացիների կողմից նավի գրավման ժամանակ կատուն շատ ծանր վիրավորվեց, բայց չլքեց իր սիրելի զիվորներին, վիրավոր վիճակում`այցելելով նրանց հիվանդանոց: ՝ Ամրության և հավատարմության այս օրինակը նավաստիների համար լավագույն բարոյական աջակցություն էր: Կատուն վերապրեց ինչպես պատերազմի օրերը, այնպես էլ վնասվածքները: Բայց նրան չհաջողվեց ապրել  հայրենիքում: Մեծ Բրիտանիա վերադառնալուն պես ՝ Սայմոնը, ինչպես այդ ժամանակ երկիր ներկրված կենդանիներից յուրաքանչյուրը, ուղարկվեց կարանտին ՝ կենդանիների ապաստարան: Հերոսի համար բացառություն չարվեց: Սայմոնը մի քանի օր անցկացնելով այնտեղ, վարակվեց վիրուսով  և մահացավ: Ահա այսպես , Սայմոն  կատվին շնորհվեց Մարիա Դիկինի մեդալ:

Հայրենական պատերազմի լեգենդներից է նաև Ռիժիկ, կամ Շեկլիկ անունով կատուն: Ահա թե ինչ են պատմում նրա մասին: 1944 թվականն էր, Հայրենական պատերազմի տարիները: Բելառուսիայի ավերված գյուղերից մեկում կանգ առնելով, հրետանային վաշտի հրամանատարը նկատեց ջրհորը, որի մոտ կծկվել էր գյուղի ողջ մնացած միակ կենդանի էակը` շեկլիկ կատուն: Նրան հենց այդպես էլ անվանեցին` Ռիժիկ:Հրամանատարը  վերցրեց կատվին, խնամեց, և փափկամազիկը դարձավ գնդի սիրելին: Որոշ ժամանակ անց նկատեցին, որ կատուն օժտված է յուրահատուկ ինտուիցիայով:  Նա նախօրոք  զգուշացնում էր թշնամու ինքնաթիռների մոտենալը ՝ իր մռլտոցներով ու ագրեսիվ պահվածքով: Դեռ ոչ ոք չգիտեր, թե ինչ է սպասվելու մի քանի րոպե անց, իսկ նա դեմքով կանգնում էր դեպի թշնամու օդուժն ու  սպառնալից աղաղակում:բանն այն է, որ տունը, որտեղ ապրել էր Ռիժիկը, ավերվել էր հենց թշնամական ինքնաթիռների ռմբակոծությունից, և կատուն դա մոռանալ չէր կարողանում:

Ահա թե ինչ էին գրում Ռիժիկի մասին այն ժամանակ  թերթերը. <<Պատերազմը մոտենում էր ավարտին: Թշնամու օդուժն առաջվա պես ագրեսիվ չէր, չնայած  օր չկար, որ երկնքում չհայտնվեին <<Ֆոկերը>>:  Վաշտը երկար տեղափոխությունից ուժահատ`   հանգստանում էր ապրիլյան արևի տակ:  Հանկարծ կատուն  արթնացավ,  մազերը ցցվեցին  և սկսեց  մռլտալ` արևելք նայելով: Անսպասելի վիճակ էր բոլորիս համար. արևելքում  ոչ թե թշնամու, այլ մեր տարածքներն  էին. որոշեցինք էլի վստահել կատվին:  Զենքը մարտական դրության կարելի էր բերել 20-30  վայրկյանում, իսկ ներկա պարագայում ` 5-6 վայրկյանում: Եվ այսպես, բոլորիս հայացքները դեպի արևելք էր, սպասում էինք: Ծխացող  թևով հայտնվեց մեր ինքնաթիռը, իսկ նրա հետևից կախվեց թշնամու  ռմբակոծիչը:  Մի քանի համազարկ, և գերմանական <<ֆոկերը>> սուրաց ցած, ազատելով մեր օդաչուին հետապնդումից ու մահից:

Հաջորդ օրը մարդաշատ  այցելած մեքենան իր հետ վաշտ բերեց նաև  փրկված օդաչուին, ով եկել էր մի ճամպրուկ նվերներով: Հետո ասաց`<< ինձ օգնություն էր պետք, բայց այդքան արագ և  այդքան դիպուկ:  Ահա  որպես շնորհակալություն ուտելիք եմ բերել, ծխախոտ և այլ բաներ, դե, ասեք, ում եմ պարտական>>:  Գլխով նշան արեցինք  դեպի  Ռիժիկը : Օդաչուն կարծեց, թե  կատակում ենք,:

Ռիժիկին  հաջորդ օրն իսկական խնջույք էր սպասվում` երշիկից սկսած մինչև մյուս համեղ բաները: <<Նրան Ռադար անվանեք, ոչ թե շեկլիկ>>- կատակեց օդաչուն: Զարմանալի է, բայց առաջին անգամ կատուների պատմության մեջ  իր բերած ծառայությունների համար այս կատվին  տրվեց ավագ սպայի  կոչում:

Կատուների մարտունակության ու հավատարմության մասին պատմությունները գալիս են  հազարամյակներից: Ի դեպ` 525 թվականին , երբ Եգիպտոսն ու Պարսկաստանը  պատերազմում էին, եգիպտացիները հենց կատուների պատճառով էլ պարտվեցին:  Պարսից զորքը   կրծքին կրելով  եգիպտացիների համար սրբազան կենդանուն` կատվին, ոչ միայն պաշտպանվեց հարձակումներից, այլ նաև անցավ գրոհի և հաղթեց:

Ցուցադրել ավելի
Back to top button