Լուրեր

Անսովոր քարտեզը՝ երեխաներին աշխարհագրություն սովորեցնելու նոր տարբերակ. ինչպե՞ս ստեղծվեց փազլը

18-րդ դարում Լոնդոնում ապրում էր քարտեզագիր և հրատարակիչ Ջոն Սփիլբերին: 1760 թվականին նա հրատարակեց մի անսովոր քարտեզ՝ որպես երեխաներին աշխարհագրություն սովորեցնելու նոր տարբերակ: Սփիլբերին բարակ տախտակին սոսնձեց աշխարհի քարտեզը, որի վրա, ի դեպ, դեռ չկային Ավստրալիան և Անտարկտիդան, իսկ հետո փոքրիկ սղոցով, ըստ պետությունների սահմանագծերի, քարտեզը մասերի բաժանեց: Նա քարտեզն ամբողջացնել առաջարկեց երեխաներին, որոնք մեծ հաճույքով անցան գործի: Քարտեզն ամբողջացնելու ընթացքում երեխաները, պարզ է, որ ակամա սովորում և հիշում էին թե՛ պետությունների անվանումները, թե՛ դրանց դասավորությունը։

Այս անսովոր հայտնագործությունը միանգամից մեծ պահանջարկ ունեցավ ոչ միայն որպես ուսուցման նոր եղանակ, այլ նաև որպես ժամանցի միջոց։

Ջոն Սփիլբերիի հենց այս հայտնագործությունն էլ առաջին փազլն էր, որի մասերն իրար մեջ չէին ագուցվում. պարզապես դրվում էին կողք կողքի:

1909 թվականին ԱՄՆ-ում «Parker Brothers» ընկերությունն սկսեց ագուցվող մասերով փազլների առաջին գործարանային արտադրությունը, և ուսուցման ու ժամանցի շատերիս սիրելի այս միջոցն ավելի ու ավեի հայտնի դարձավ:

Այսօր աշխարհում հատնի են փազլների տարբեր տեսակներ՝ հոլոգրաֆիկ, եռաչափ, ֆոտոփազլներ: Կազմակերպվում են փազլներ արագ հավաքելու մրցույթներ, և նույնիսկ Ջոն Սփիլբերիի անվան միջազգային մրցանակ կա, որը շնորհվում է գլուխկոտրուկների հանրահռչակման գործում մեծ ավանդ ունեցող մարդկանց:

Ցուցադրել ավելի
Back to top button