Առողջության այբուբեն

Ինչո՞ւ են դեռահասները շատ քրտնում․ Առողջության այբուբեն

Այն փաստի մեջ, որ մարդը քրտնում է, զարմանալի կամ անսովոր բան, իհարկե, չկա: Բայց սովորական չես անվանի քրտնարտադրության այն տեսակը, որը հատուկ է պատանեկան տարիքին:
«Դե, նորմալ է, բա ի՞նչ ես ուզում. մեծանում եք, ձեր օրգանիզմում հազարումի փոփոխություն է տեղի ունենում, հասունանում եք, պետք չէ անհանգստանալ»,- ասում է տատիկս, երբ դպրոցից տուն գալուն պես խոնավ թևատակերով հերթական վերնազգեստս դժգոհ դեմքով դնում եմ լվացքի մեքենայի մեջ:

Անհանգստանալու բան գուցե չկա, բայց ոնց բացատրես տատիկին, որ մեզ՝ ինչպես ինքն է ասում, դեռահասներիս համար, հագուստի թևատակերին հայտնված քրտինքի կիսաշրջանները երբեմն աշխարհի վերջն են թվում: Հատկապես այն դեպքերում, երբ թվում է՝ ամեն ինչ արել ես լավագույն, անթերի տեսք ունենալու համար. ասենք, հավաքույթից առաջ խնամքով ընտրել ես հագուստդ, վարսահարդարի մոտ գեղեցկացրել ես սանրվածքդ, հայելու մեջ արտացոլանքդ քեզ դուր է գալիս ու մեկ էլ…դեռ երեկոն չսկսված՝ խոնավ թևատակեր, տհաճ հոտ…ողջ ջանքդ, ինչպես քեզ է թվում, ընկնում է ջուրը:

Պարզվում է՝ դեռահասության և պատանեկան տարիքում, երբ օրգանիզմը ակտիվ վերակառուցման փուլում է, քրտնագեղձերն աշխատում են մեծ ակտիվությամբ, ինչի հետևանքն էլ հենց չափից ավելի քրտնարտադրությունն է լինում: Ընդ որում ամենևին կապ չունի՝ ամա՞ռ է դրսում, թե՞ ձմեռ, շատ տա՞ք հագուստ ես կրում, թե՞ ոչ այնքան: Չգիտես ինչու՝ շատ կարևոր է դառնում հուզական վիճակդ. նյարդայնացա՞ր ինչ-որ բանից՝ քրտնում ես, ուրախացա՞ր՝ դարձյալ քրտնում ես, քնի ռեժի՞մը խախտվեց, քրտնում ես…Մի խոսքով՝ դիմացիր, թե կարող ես: Դիմացիր, մինչև մի քիչ էլ մեծանաս…

Իհարկե, երբ հասկանում ես, որ դա այնպիսի խնդիր է, որը համարյա բոլոր ընկերներդ ու ընկերուհիներդ ունեն, մի քիչ ավելի հանգիստ ես արձագանքում խնդրին, բայց այդ անվերահսկելի գործընթացի մի բաղադրիչը կարող է շատ տհաճ և վանող լինել. հոտը:

«Դա է է նորմալ,-ասում է տատիկս,-քրտինքից մաշկի վրա գտնվող մանրէներն արագ բազմանում են, այդ հոտն էլ դրանց կենսագործունեության հետևանքն է»:
-Տա՛տ, ի՞նչ օգուտ քո այդ բացատրությունից,- մեկ- մեկ վրդովվում եմ ես,-փաստն այն է, որ այսօր մեր դասարանում երրորդ դասից հետո սարսափելի տհաճ հոտ էր քո այդ ասած մանրէների կենսագործունեության պատճառով:
-Իսկ ինչի՞ համար են հիգիենայի կանոնները,-շատ հագիստ ասում է տատիկս,-մաքուր պահեք ձեզ. ամեն առավոտ ցնցուղի տակ մտեք, ամեն առավոտ թարմ ներքնազգեստ ու անպայման թարմ արտաքին հագուստ հագեք, և այդ տհաճ հոտի մի զգալի մասը չի լինի: Դե, իսկ մնացածը՝ ժամանակի հետ կանցնի,-հուսադրում է տատիկս:
Ես նրան, իհարկե, վստահում եմ:
-Հա, մեկ էլ ձեր էդ դեզոդոր է, ինչ է, միայն ու միայն մաքուր ու չոր թևատակերին է պետք փչել: Թե չէ՝ էդ ի՞նչ եք անում, է՜: Ո՞վ է տեսել՝ վայրկյանը մեկ փչում եք ու փչում:
-Տա՛տ, այս դեպքի համար ոնց որ թե ժողովրդական դեղամիջոց չկա, հա՞,-հարցնում եմ:
-Ո՞վ ասաց՝ չկա: Շատ լավ միջոց կա. խնձորի 5-6%-ոց քացախին ավելացնում ես նույն քանակի ջուր, ստացված լուծույթի մեջ բամբակը թրջում ես ու դրանով շփում թևատակը: Ե՛վ քրտնարտադրությունն է նվազում, և՛ մաշկի համար է օգտակար: Բայց դե, դու քո դեզոդորը թողած սա՞ կանես:
Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ կանե՞մ, թե՞ ոչ: Գուցե և փորձեմ մի օր:

Ես, ինչպես ասացի, վստահում եմ տատիկիս, երբ նա ասում է, որ առատ ու տհաճ քրտնարտադրության այս փուլը ժամանակի հետ կանցնի, բայց գիտեմ նաև, որ կան դեպքեր, երբ ոչ միայն կարելի է, այլև պետք է անհանգստանալ այս խնդրից և դիմել բժշկի: Դրանք այն դեպքերն են, երբ հիգիենայի կանոններին խստագույն հետևելու դեպքում անգամ քրտինքի հոտը չի մեղմանում և անբնական սուր երանգներ է ձեռք բերում: Սա կարող է առողջական այլ լուրջ խնդրի հետևանք լինել: Իսկ դա կարող է միայն բժիշկը որոշել:

Ցուցադրել ավելի
Back to top button