Առողջության այբուբեն

Ձեռքերը մաքուր պահել՝ նշանակում է մաքուր պահել նաև եղունգները

Ինչպես արդեն գիտենք, ձեռքերը լվանալը վտանգավոր մանրէներից պաշտպանվելու հիմնական միջոցն է: Բժիշկներ կան, որոնք վստահ են, որ մաքուր ձեռքերն ավելի շատ կյանքեր են փրկել, քան հակաբիոտիկները: Գնահատելը, իհարկե, մասնագետների իրավունքն է: Իսկ մաքուր ձեռքերի կարևորությունն այսօր, կարծում եմ, հասկանում ենք բոլորս. կորոնավիրուսը նպաստեց, որ ևս մեկ անգամ բարձրաձայնվի ձեռքերը մաքուր պահելու պահանջը:
Իսկ հոգու՞մ ենք արդյոք եղունգների մաքրության մասին, ավելի ճիշտ՝ մեր մատների այն հատվածի մասին, որը գտնվում է եղունգների տակ: Թվում է, թե ձեռքերը մաքուր պահել՝ նշանակում է մաքուր պահել նաև եղունգները, և դրանց խնամքի ու հիգիենայի մասին խոսելն ավելորդ է: Կարծում եմ «Առողջության այբուբենի» այս զրույցից հետո կփոխեք ձեր կարծիքը:

Դեռ մեկ հարյուրամյակ առաջ, երբ արդեն շատ արդիական էր դարձել ձեռքերի մաքրության թեման, թե՛ մանրէաբանները, թե՛ բժիշկները հասկացան, որ նույնիսկ ձեռքերի բազմակի լվացման դեպքում դրանց վրա մանրէներ են մնում: Այդ մասին էին ասում նմուշները, որոնք վերցվում էին ամենայն խնամքով լվացված ձեռքերից: Որտեղի՞ց էին սրանք հայտնվում՝ զարմանալի էր: Մանրէների այս համառ գոյության պատճառները պարզվեցին միայն 1970-1980-ական թվականներին՝ տարբեր հետազոտությունների արդյունքում:
Դրանցից մեկն էլ այն հետազոտությունն էր, որը նախաձեռնել էին Փենսիլվանիայի համալսարանի գիտաշխատողները, և որին 26 կամավոր մասնակցեց: Ուսումնասիրությունը պարզեց, որ լվացվելուց հետո ձեռքերն ավելի երկար են մաքուր մնում ա՛յն դեպքում, երբ ծածկվում են մատների ծայրերը: Պարզվեց սակայն նաև այն, որ բակտերիաները վխտում են ոչ այնքան հենց մատների ծայրերին, որքան եղունգների տակ: Դե, պատկերացրեք. եթե ձեռքերի ափերի բաց մասերում հարյուր հազարավոր բակտերիաներ էին հայտնաբերվում, ապա նույն քանակը հայտնաբերվում էր եղունգներից յուրաքանչյուրի տակ:
Հետազոտողները հանգեցին այն եզրակացության, որ մաշկի և եղունգի միջև եղած տարածությունը մանրէների բազմացման համար իդեալական միջավայր է. եղունգը պաշտպանում է նրանց արտաքին ազդեցություններից, իսկ խոնավությունը նպաստում է, որ բազմանան: Ահա թե ինչու, թեկուզ շատ լավ լվացվելիս, մենք չենք կարողանում ազատվել մեր ձեռքերի վրա եղած բոլոր մանրէներից. չէ՞ որ դրանց հսկա գաղութներ են ապրում մեր եղունգների տակ: Եվ ուրեմն՝ ի՞նչ անել:

Նախ, իհարկե, շարունակել լավ լվացվել՝ բաց չթողնելով ճիշտ լվացվելու քայլերից ա՛յն, որն ուղղված է հատկապես եղունգները մաքրելուն. հիշու՞մ եք, աջ ձեռքի մատների ծայրերը՝ եղունգները դեպի ցած դիրքով, մի քանի վայրկյան շփում ենք ձախ ձեռքի փրփրոտ ափին և՝ հակառակը:

Պարզ է արդեն, որ կա՛րճ եղունգների տակ մանրէների բնակվելու տարածությունն ավելի քիչ է, ուրեմն՝ կարճ պահենք եղունգները: Նախ՝ կարճ եղունգները խնամելն ավելի հեշտ է, քան երկար եղունգները և հետո՝ ավելի տգեղ բան, քան երկար և անմաքուր, տակը մուգ շերտով եղունգը, դժվար է պատկերացնել:
Իհարկե, աղջիկներից շատերը հիմա կառարկեն՝ ասելով, որ երկար եղունգների վրա լաքի տարբեր գույներն ավելի գեղեցիկ են նայվում, որ երկար եղունգն առանձնահատուկ նրբագեղություն է տալիս ձեռքին: Համաձայն եմ, բայց միայն հրաշալի խնամված եղունգի մասին է, չէ՞, խոսքը, այն էլ՝ միայն մայրիկներին և ավագ քույրիկներին է դա վերաբերում. կարծում եմ, ձեր դպրոցներում էլ եղունգների հետ կապված նույնպիսի խիստ պահանջ կա, ինչպիսին կա մեր դպրոցում՝ ներկված եղունգներով դպրոց չենք գնում:

Ի դեպ, այս զրույցը նախապատրաստելու ընթացքում պարզեցի, որ շատ ոճաբաններ համաձայն չեն այն պնդմանը, թե երկար եղունգի վրա լաքի բոլոր գույներն են ավելի գեղեցիկ երևում:Մուգ ու վառ գույները, ըստ նրանց, հատկապես կարճ կամ գոնե միջին երկարության եղունգների վրա են ավելի գեղեցիկ, նույնը նաև վերաբերում է տարբեր փայլերին:
Ճաշակին ընկեր, իհարկե, չկա, բայց կարծում եմ համավարակի ընթացքում ամբո՛ղջ աշխարհում երկար եղունգների շատ սիրահարներ վերագնահատեցին իրենց նախասիրությունը:

Եվ մեկ ուրիշ շատ կարևոր պայման՝ եղունգների տակ ապրող համառ մանրէների թակարդը չընկնելու համար. եթե ունեք եղունգները կրծելու վատ սովորություն, պայքարեք դրա դեմ: Բացի այն, որ այդ սովորության պատճառով դուք աղեստամոքսային տարբեր հիվանդություններ կարող եք ձեռք բերել, բացի այն, որ ձևափոխում ու վնասում եք ձեր եղունգները շրջապատող մաշկը, նաև շատ-շատ տգեղ է երևույթը. փորձեք կողմնակի հայացքով տեսնել ձեզ այն պահին, երբ կրծոտում եք եղունգները: Մեր մեջ ասած՝ նայելու բան չէ:
Ուշադիր եղեք ձեր եղունգների նկատմամբ, խնամեք ու մաքուր պահեք դրանք:

Ցուցադրել ավելի
Back to top button