Առողջության այբուբեն

Երբ կարգի ես բերում սենյակդ

Իմ ու մայրիկիս միջև այնքա՛ն լարված զրույց, որքան երեկվանն էր, ուրիշ որևէ անգամ չեմ հիշում, թե եղած լինի: Սովորաբար մենք միշտ հասկանում ենք իրար. մայրս, որպես կանոն, ինձ իր դիտողություններն անում է հումորով, ինչը չի խանգարում, որ ես միանգամից հասկանամ դիտողության լրջությունը, միշտ հարգանքով է վերաբերում ի՛մ կարծիքին, այնպես որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, շատ արտառոց մի բան էր: Եվ մեղավորը, իհարկե, ես էի, չնայած այդ պահին դա այնքան էլ չէի գիտակցում: Պատճառն իմ սենյակն էր, ավելի ճիշտ՝ սենյակիս վիճակը: Այսօր, երբ ամեն ինչ արդեն կարգի եմ բերել, ինքս էլ հասկանում եմ, որ կարգ ու կանոնի և մաքրության նկատմամբ շատ պահանջկոտ մայրիկիս իմ սենյակը կարող էր զայրույթի ա՛յդ աստիճանին հասցնել, բայց երե՜կ…Ավելի լավ է, սկսեմ սկզբից…

Երբ մեր տան վերանորոգումից հետո սենյակս ստացավ այն տեսքը, որի մասին երազում էի, մայրիկիս ասացի.
-Մա՛մ, արի պայմանավորվենք՝ դու իմ սենյակի հետ գործ չունես՝ մաքրել, դասավորել, ինչը ուր դնել՝ իմ գործն է:
-Շատ լավ,-համաձայնեց մայրիկս,-դու՝ քո սենյակը, բայց ես էլ իմ պայմանն ունեմ. սենյակդ մաքուր պիտի պահես: Ասել եմ քեզ, չէ՞. մաքրությունն առողջության գրավականներից է:
-Իհարկե, մամ ջան,- ասացի ու համբուրեցի մայրիկիս:
Առաջին մի քանի շաբաթների ընթացքում մեր պայմանն աշխատում էր հստակ. ես մեծ հաճույքով մաքրում ու կարգի էի բերում սենյակս, մայրիկս մեկ-մեկ աչքի պոչով նայում էր՝ ինչը ինչպես եմ անում, մեկ- մեկ անհամաձայնությունն էր հայտնում իրերիս դասավորության հետ կապված, բայց ոչ մի պնդում չէր անում: Դե, օրինակ, կարող էր ասել.


-Եթե գրքերդ դարակի վրա դասավորես, սեղանդ ավելի ազատ կլինի:
-Մա՛մ, ինձ այսպես ավելի հարմար է:
-Ոնց կուզես,-ասում էր մայրիկս,-կարևորը՝ կեցցես, մաքուր է սենյակդ:
Բայց, աստիճանաբար, ինքս էլ չգիտեմ՝ ինչպես, սկսեցի մեկ-մեկ գլուխ պահել. դասերից, պարապմունքներից հետո միշտ չէ, որ ժամանակ էի գտնում սենյակս կարգի բերելու, հանած հագուստս դասավորելու, գրքերս, պայուսակներս, կոշիկներս տեղավորելու:
-Գալի՛ ջան, արի՝ օգնեմ քեզ,-առաջարկեց մի օր մայրիկս,-եթե դեմ չես, երբ վաղը գնաս դպրոց, ես կարգի բերեմ սենյակդ:
-Չէ՛, մա՛մ, ես վաղը երեկոյան կանեմ, դու չանես:
-Ոնց կուզես, բայց սեղանիդ փոշու շերտն ահավոր է, իսկ զգեստապահարանիցդ հագուստդ արդեն թափվում է:
-Մա՛մ, կանեմ,-կրկնեցի ես:
Բայց…հաջորդ օրը ժամանակ չգտա սենյակս մաքրելու, ժամանակ չգտա նաև դրա հաջորդ օրը, իսկ երե՜կ… տեղի ունեցավ այն, ինչի մասին ասացի զրույցիս սկզբում. ես ու մայրիկս վիճեցինք:
Լավ է՝ տատիկս միջամտեց:
-Գալի՛, անցի՛ր սենյակդ,-ասաց խիստ ձայնով ու ինքը մտավ ներս:


Ես գլուխս կախ, հասկանալով, որ շա՜տ մեղավոր եմ, հետևեցի նրան:
-Քո սենյակը ոնց որ կապ չունենա մեր տան հետ, ա՛յ Գալի,-ասաց տատիկս,-ոնց որ՝ այլ մոլորակ լինի: Ո՞նց ես գլուխ հանում քո այս իրերից, ո՞նց ես քնում ու վեր կենում այս փոշու մեջ, չե՞ս ամաչում, բա սա անելու բա՞ն է,- բարկացավ տատիկս:
-Ես՝ իմ սենյակը,-մրթմրթացի քթիս տակ՝ պարզապես հակաճառելու համար:
-Բարի եղիր, քո սենյակը, որն այս տան մի մասն է, մաքուր պահիր՝ մեր առողջությունը չվնասելու համար,-ասաց տատիկս,-թե՞ մոռացել ես՝ մայրդ քանի անգամ ասած կլինի, որ կենցաղային փոշին վտանգավոր է առողջության համար, իսկ հատա՜կդ, վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Դե, եթե տատիկս էլ է այսքան խիստ խոսում ինձ հետ, ուրեմն ես, իսկապես էլ, չափն անցել եմ և, իսկապես էլ, պետք է գործի անցնել: Նայեցի շուրջս և…ո՜նց հուսահատվեցի:


Տատիկս որսաց հայացքս.
-Հա՜, չգիտես՝ ինչի՞ց սկսել: Ոչինչ, մի՛ հուսահատվիր, միասին գլուխ կհանենք:
Եվ տատիկս աչքով արեց:
-Բայց մինչև գործի անցնելը, հենց հիմա կգնաս, ներողություն կխնդրես մորիցդ, մեզ համար սուրճ կպատրաստես, երեքով կնստենք հյուրասենյակում, կխաղաղվենք, նոր կանցնենք գործի: Թե չէ անտրամադիր արված գործն ու՞մ է պետք:
Տատիկս գիտի՝ ինչպես շտկել սուր անկյունները:
Արեցի այնպես, ինչպես նա ասաց, և երբ արդեն հյուրասենյակում նստած էինք, մայրիկս ասաց.
-Պարզապես ուզում եմ հասկանաս, որ երբ պահանջում եմ մաքուր պահել սենյակդ, դա քմահաճույք չէ, այլ նախ և առաջ՝ մտահոգություն քո առողջության համար:
-Արի՝ սուրճը հանգիստ խմենք,-առաջարկեց մայրիկիս տատիկս,- իսկ ես նրան դա նորից կբացատրեմ ի՛ր սենյակում, չէ՞, Գալի՛, գործի՛ ընթացքում…
Եվ տատիկս ժպտաց իր ամենաջերմ ժպիտով…
Իսկ թե ինչպես իմ սենյակը կարգի բերեցինք տատիկս ու ես ու ինչ պարզեցի ես տան մաքրության և առողջության միջև եղած կապի մասին, կպատմեմ մեր հաջորդ հանդիպման ժամանակ։

Ցուցադրել ավելի
Back to top button