Առողջության այբուբեն

Ինչպե՞ս ճիշտ կարգի բերել սենյակը

Ինչպես և խոստացել էի, այսօր կշարունակեմ զրույցն այն մասին, թե ինչպես տատիկս ու ես մաքրեցինք ու կարգի բերեցինք իմ շա՜տ փնթի սենյակը ու ինչ սովորեցի ես այդ օրը տան մաքրության և առողջության միջև եղած կապի մասին:
-Գալի՛, սկսենք իրերդ տեղավորելուց, մինչև սենյակիդ տարբեր մակերեսները կարգի չբերենք, մաքրության մասին խոսելն ավելորդ է: Օրինակ՝ գրասեղանիդ վրայի այսքան գիրքն ու տետրը չե՞ս կարող դասավորել:
Հա՛, մինչև գրքերդ տեղավորելը չմոռանաս գրապահարանիդ փոշին սրբել: Լավ կանես՝ ռետինե ձեռնոցներով աշխատես:
Ես ու տատիկս գործի անցանք: Պարզվեց, իսկապես էլ, գրասեղանիս փռված գրքերի մեծ մասը կարող էի տեղավորել պահարանում, իսկ տետրերի հսկա կույտի մեջ շատ էին այնպիսիները, որոնք այլևս պետք չէին: Գրքերս ու տետրերս դասավորելուց հետո գրասեղանիս ողջ մակերերսն ազատվեց, և ասես միանգամից սենյակս ավելի ազատ դարձավ: Չմոռանամ ասել, որ գրապահարանիս փոշու շերտը սարսափելի էր, գրասեղանինը՝ նույնպես: Դասավորելուց հետո դա առավել ընդգծվեց: Սրբելիս գլխի ընկա, որ տատիկս այդ շերտը վաղուց էր նկատել, դրա համար էլ խորհուրդ տվեց, որ ռետինե ձեռնոցով աշխատեմ:

Այդ ընթացքում տատիկս դատարկել էր զգեստապահարանս, սրբել դարակները և սպասում էր ինձ:
-Արի՝ միասին տեսակավորենք հագուստդ՝ ըստ եղանակների և ըստ պիտանելիության:
-Տա՛տ, բոլորն էլ պիտանի են,-ասացի ես:
-Հա՞, դե՛, տեսնենք: Ի դեպ, ինչու՞ է հագուստիդ մի մասն այսպես փռված աթոռներին, մահճակալիդ…Պատկերացնու՞մ ես, որքան փոշի կհավաքվի այսուայնտեղ փռված հագուստի վրա,-ասաց նա:
-Դե, փոքր է պահարանս, ամեն ինչ չի տեղավորվում:
Տատիկս քթի տակ ժպտաց ու ասաց՝ անցանք գործի:
Պարզվեց, որ այո, կա հագուստի մի մեծ կույտ, որը ես չեմ հագնում: Դա առանձնացրինք, և երբ մնացած հագուստը ըստ եղանակի դասավորվեց, պարզվեց նաև, որ զգեստապահարանս շա՜տ տարողունակ է:
Երբ սենյակս ազատվեց նաև հագուստիս կույտերից, ասես սկսեց շնչել:
-Տատ, ասում եմ՝ սենյակս ոնց որ սկսեց շնչել:
-Իհարկե կշնչի, հիմա կոշիկներդ էլ տար այստեղից, միջանցքի կոշիկների պահարանի մեջ տեղավորիր և այլևս երբեք կոշիկներով չներխուժես սենյակ: Չէ՞ որ դու այստեղ ժամերով նստում ես, քնում, սնվում: Պատկերացնու՞մ ես, թե դրսից տուն մտնելով՝ կոշիկներիդ ամեն զույգի հետ որքան կեղտ ու փոշի, մանրէ ու բացիլ ես բերում, հետո՝ դրանց կողքին ապրում:

Հետո անցանք պատուհանագոգին: Դրա վրա ես մի մեծ տուփ էի դրել, որի մեջ ձեռքի հետ ինչ ասես գցում էի՝ մատիտներ, վարսակալներ, կրիչներ, քսուքներ ու դատարկ տուփեր…գցում էի մեջը՝ մտածելով, որ հետո մի օր կտեսակավորեմ: Այդ «հետոյի» ժամանակը այդպես էլ չէր գալիս:
-Մի խոսքով՝ աղբանոց,-գնահատեց տուփը տատիկս:-Հիշի՛ր, շատ կարևոր է անպետք իրերից հրաժարվելը: Մի բան, որ չես օգտագործելու, ինչու՞ ես պահում: Հապա մի տես՝ ամեն մեկի վրա՝ մի կույտ փոշի: Ախր սա ոչ միայն տգեղ է, այլև՝ շատ վտանգավոր: Ինչ ասես կա փոշու մեջ՝ մազերի, գործվածքի, մաշկի մասնիկներ, փոշու տիզ, տարբեր հիվանդությունների հարուցիչներ: Է՛լ ալերգիաներ, է՛լ շնչառական տարբեր խնդիրներ, ի՛նչ ասես կարելի է սպասել փոշուց:

Այսպես տատիկիս օգնությամբ ու խորհրդով ես հրաժեշտ տվեցի ավելորդ իրերին ու հագուստին, իսկ անհրաժեշտ իրերը գտան իրենց տեղերը: Եվ, զարմանալի բան, հենց որ ամեն իր հայտնվեց իր տեղում և սենյակս ազատվեց փոշու զգալի մի շերտից, իմ տրամադրությունն անսպասելի բարձրացավ: Եվ աշխատանքի երկրորդ հատվածը՝ պատուհանն ու հայելին սրբելը, փոշեկուլով սենյակս մաքրելը, խոնավ լաթով ու մաքրող հեղուկով հատակը լվանալը, ինձնից ընդամենը 30 րոպե խլեց: Արդյունքից տատիկս էլ, մայրիկս էլ, ես էլ շատ գոհ էինք:
-Գալի՛, ոնց որ՝ տրամադրությունդ բարձրացավ, հա՞,-հարցրեց տատիկս:
-Հա՛, տա՛տ, սենյակս շատ սիրուն է: Շնորհակալ եմ քեզ: Դու որ չօգնեիր, ես գլուխ չէի հանի այս գործից:
-Գիտե՞ս, եթե ինքդ քեզ համար մի քանի հստակ կանոն սահմանես, որքան էլ զբաղված լինես, այլևս երբեք այսպիսի վիճակում չես հայտնվի,-ասաց տատիկս,-առաջին՝ սովորիր ազատվել ավելորդ իրերից, մի՛ ծանրաբեռնիր այն տարածությունը, որտեղ ապրում ես: Երկրորդ՝ ամեն առարկա իր տեղն ունի՝ բարի եղիր, տեղավորիր դրանք իրենց համար նախատեսված տեղերում ոչ թե հետո, այլ՝ հենց նույն պահին: Երրորդ՝ թույլ մի տուր, որ փոշին իրեն տեր զգա քո սենյակում՝ քեզ շրջապատող առարկաների վրա. երեք րոպեն բավական է, որ դու արագ ազատվես փոշուց խոնավ մաքրման միջոցով: Չորրորդ՝ միշտ մաքուր պահիր պատուհանի ապակին ու հայելիները՝ շաբաթը մեկ անգամ 10 րոպեն բավական է, որ սենյակիդ մեկ լուսամուտն ու միակ հայելին միշտ շողշողան: Այս ամենը քեզնից շատ ժամանակ չի խլի, փոխարենը մաքրության ու կոկիկության շունչը միշտ կտիրի քո սենյակում: Իսկ երբ առավել շատ ժամանակ կունենաս, ավելի հիմնավոր կմաքրես քո տարածքը:
Մաքուր ու կոկիկ միջավայրը և՛ ֆիզիկական առողջության և՛ ներքին հոգեկան ներդաշնակության կարևոր պայման է, Գալի՛:
Ես համաձայն եմ տատիկիս հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button