Առողջության այբուբեն

Ինչպե՞ս ճիշտ լվանալ միրգն ու բանջարեղենը

Տատիկս սիրում է ժամանակ առ ժամանակ ինձ իր մանկությունից հիշողություններ պատմել: Այդ հիշողությունների մի մասն իր հայրիկի այգու հետ է կապված: «Գիտես՝ ի՛նչ այգի էր մշակում հայրիկս,-հպարտ-հպարտ ասում է նա,-օ՜, մեր այգու նմանը չկար, ամեն խնձորը՝ ա՛յ այսքան,-ասում է՝ ձեռքերով մի մեծ գնդակ պատկերելով, բա դեղձը՝ կարմրաթուշ, ոնց որ՝ նկարած, բա հայրիկիս մշակած լոլիկը, էդպիսի լոլիկ ուրիշ ոչ մի տեղ չեմ կերել,-ոգևորված պատմում է տատիկս ու շարունակում:-Մտնում էի այգի, իմ ձեռքով քաղում, ուտում ու…»: Այստեղ ես խցկվում եմ նրա հիշողությունների մեջ.
-Տա՞տ, առանց լվանալու՞ էիր ուտում:
-Է՛ հա՛,-ասում է տատիկս:
-Բա ինչու՞ հիմա ինձ անընդհատ ասում ես՝ Գալի՛, անլվա չուտես խնձորը, առանց լվանալու խաղողին մատ չտաս:
-Է՜, Գալի ջան, իմ հոր մշակած այգին ուրիշ էր՝ հողն էր ուրիշ, ջուրն էր ուրիշ, անձրևն էր ուրիշ, պտուղն էր ուրիշ. մաքու՛ր էին, իսկ հիմա՜: Համ էլ՝ այն ժամանակ չգիտեի, որ չի կարելի միրգն ու բանջարեղենն առանց լվանալու ուտել, հիմա՝ գիտեմ: Մտքովդ չանցնի առանց լվանալու միրգ ու բանջարեղեն ուտել,-խստացնում է ձայնը տատիկս:
Չէ, իհարկե մտքովս չի էլ անցնում այդպես անել: Այսօր փոքրիկ երեխաներն անգամ գիտեն, որ առանց լվանալու չի կարելի միրգ ու բանջարեղեն ուտել: Իսկ գուցե արժե՞ ևս մեկ անգամ թարմացնել մանկությունից մեզ ուղեկցող այս պարզ գիտելիքը՝ փոքրիկ լրացումներ անելով դրան:
Եվ այսպես՝ ինչպես ճիշտ լվանալ միրգն ու բանջարեղենը նախքան օգտագործելը:

Ասեմ, որ չեմ կարծում, թե միրգ ու բանջարեղեն լվանալը ձեր տնային հիմնական պարտականություններից է, բայց հնարավոր է, որ հենց այսօր ձեզ բաժին ընկնի ա՛յս գործը: Ինչու՞ չիմանաք՝ ինչպես է պետք այն ճիշտ անել:

Ինչպես գիտենք, միրգն ու բանջարեղենն առողջ սննդակարգի անբաժանելի մասն են՝ վիտամինների աղբյուր, որոնց կարիքը մեր օրգանիզմը շատ ունի: Բայց բավական է անտեսենք կամ ինչպես ասում են՝ ականջի հետև գցենք դրանք ճիշտ լվանալու պահանջը, և ա՛յն, ինչը պետք է օգներ մեզ, մեկ էլ տեսար՝ կարող է առողջական խնդիրներ առաջացնել՝ աղեստամոքսային թեթև խանգարումից սկսած՝ մինչև լուրջ հիվանդություն:
Թե ինչու ենք լվանում միրգը, բանջարեղենն ու կանաչեղենը, պարզ է. կեղտը, հողի հետքերը, մանրէները հեռացնելու համար, բայց՝ ոչ միայն: Բոլորս էլ գիտենք, որ մինչև իրենց այս ախորժելի տեսքը ձեռք բերելը մեր սեղանին հայտնված միրգն ու բանջարեղենը քիմիական բուժանյութերով մշակվել են, պարարտանյութերով սնուցվել են, իսկ դրանց էկզոտիկ տեսակները մինչև մեզ հասնելը երկար ճանապարհ են անցել և իրենց որակական հատկություններն ու ապրանքային տեսքը պահպանելու համար լրացուցիչ մշակման ենթարկվել: Միրգն ու բանջարեղենը լվանում ենք նաև դրանցից՝ քիմիական մշակման հետքերից ազատվելու համար, և լվանալու կանոնները պահպանելը շատ կարևոր է:

Առաջին և ամենաընդհանուր կանոնը սա է. միրգը, բանջարեղենն ու կանաչեղենը պետք է լվանալ հոսող ջրի տակ՝ առատ ջրով:
Եթե դրանք շատ հողոտ են, նախապես՝ մոտ 30 րոպե պետք է թողնել սառը ջրով թասի մեջ, այդ ջուրը թափել և նոր միայն լվանալ հոսող ջրի տակ:
Ոչ շատ նուրբ կեղևով միրգն ու բանջարեղենը պետք է նաև տրորել մատների ծայրով՝ կեղտի ու հողի հետքերը լավ անցկացնելու համար: Այդ նպատակի համար կարելի է նաև հատուկ խոզանակ օգտագործել:

Այն միրգն ու բանջարեղենը, որը գիտեք, որ ներմուծված է, տարբեր մշակումների է ենթարկվել, երկար ճանապարհ է անցել մինչև ձեր սեղանին հասնելը, հոսող ջրով լվանալուց առաջ կարող եք մոտ մեկ ժամ թողնել սառը ջրի մեջ, նոր միայն լվանալ: Այսպիսով վնասակար շատ նյութերի ազդեցությունը նվազում է: Ի դեպ, սառը ջրի մեջ կարող եք լուծել նաև մեկ ճաշի գդալ կերակրի աղ կամ սոդա, դարձյալ՝ պահել մեկ ժամ, նոր միայն լվանալ հոսող ջրի տակ. այսպես վնասակար նյութերի մեծ քանակ չեզոքանում է: Ոչ մի դեպքում միրգ ու բանջարեղեն լվանալիս չօգտագործեք աման լվանալու հեղուկ, տնտեսական օճառ: Եթե սովորական սառը ջուրը ձեզ քիչ է թվում, կարող եք օգտագործել բնական մի միջոց, որը կօգնի շատ լավ մաքրել ձեր միրգն ու բանջարեղենը և ավելի վստահ օգտագործել այն: Մի բաժակ ջրի մեջ իրար խառնեք մեկ ճաշի գդալ սոդան և մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութը, լուծույը լցրեք ցողիչով շշի մեջ, դրանով ցողեք միրգն ու բանջարեղենը, սպասեք 2-3 րոպե և լվացեք, իհարկե, հոսող սառը ջրով: Ինչպես տեսնում եք՝ հոսող ջուրն անփոխարինելի է այս գործում: Իսկ լուծույթը չմոռանաք դնել սառնարան՝ այն հետագայում էլ օգտագործելու համար:
Եթե երբևէ մտածել եք, որ չարժե լվանալ, ասենք նարինջը կամ բանանը, որովհետև կեղևը մաքրում եք, սխալվել եք: Ոչ թե արժե, այլ անհրաժե՛շտ է լվանալ. չէ՞ որ կեղևահանելիս այն, ինչը կեղևի վրա է, շատ հեշտ կարող է անցնել միջուկին:
Սա նաև ձմերուկին ու սեխին է վերաբերում:
Եվ մի շատ կարևոր գիտելիք՝ պետք է լվանալ մրգի ու բանջարեղենի այն քանակը, որն օգտագործելու եք անմիջապես, որովհետև լվացված վիճակում դրանք ավելի շուտ են փչանում, նույնիսկ՝ եթե պահեք սառնարանում: Դե, ահա, այսպիսի պարզ ու կարևոր գիտելիք միրգն ու բանջարեղենը ճիշտ լվանալու մասին: Իսկ գիտելիքն անօգուտ է, եթե այն չես կիրառում:

Ցուցադրել ավելի
Back to top button