Լուրեր

Լոռին՝ առանց տնակային ավանների

Լոռու մարզպետարանը կշարունակի համագործակցությունը «ԱՌՔ» բարեգործական և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ- ի հետ. նպատակը մեկն է՝ կյանքի կոչել «Լոռին առանց տնակային ավանների» կարգախոսը օ՛ր առաջ:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ընդունել է «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի նախագահ Հրաչյա Հակոբյանին, հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանին, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի նախագահ Աշոտ Եղիազարյանին՝ քննարկելու դեռևս 2020 թվականի հունիսին կողմերի միջև կնքված համաձայնագրի կատարման ընթացքը:

Համաձայնագիրը վերաբերում է Վանաձորի Տարոն-4 թաղամասում՝ Վանաձոր համայնքի կողմից անհատույց հատկացված հողատարածքի վրա բնակելի տների կառուցմանը՝ նախատեսված առայժմ 16 ընտանիքի համար: Մարզի ղեկավարը վերահաստատել է՝ մարզպետարանը, համաձայն նախնական պայմանավորվածության, կիրականացնի ինժեներական ցանցերի կառուցումը (գազ, էլեկտրաէներգիա, ջուր, կոյուղի, ճանապարհներ): Անհրաժեշտ մոտ 50 մլն դրամ գումարը, մարզպետ Ա. Խաչատրյանի առաջարկով, կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ երկու տարվա ընթացքում:

«Մեզ համար չափազանց մեծ կարևորություն ունի այս ծրագիրը, ուղղված նախ՝ անօթևան մարդկանց օր առաջ քարաշեն բնակարանով ապահովելուն, ապա նաև մարզկենտրոնը տնակներից ազատելուն»,-ասել է Ա. Խաչատրյանը:

Առաջիկայում հայտը կուղարկվի կառավարություն. 40/60 ներդրման հարաբերակցությամբ՝ 30 մլն դրամը կհատկացնի համայնքը, 20 մլն.ը՝ կառավարությունը: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ: Այս տարվա ավարտին արդեն 2 ընտանիք ապահով տանիք կունենա, մյուսների համար բնակարանների կառուցումը կավարտվի ծրագրով նախատեսված 5 տարի ժամկետում: Այս փուլում շահառուները Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի բնակիչներն են, սակայն ծրագրի հաջող ընթացքը թույլ կտա ապահովել նաև շարունակականություն:

Ինչ վերաբերում է ֆինանսական մասին, ապա բնակարանների արժեքից 5 մլն դրամը շահառուների համար լինելու է անհատույց նվիրատվություն, գումարի մնացած մասը ընտանիքները վերադարձնելու են անտոկոս փոխառության կարգով՝ բնակարանամուտից հետո 10-15 տարվա ընթացքում. այսկերպ շահառուների ֆինանսական բեռը անհամեմատ թեթև կլինի:

Ցուցադրել ավելի
Back to top button