Սովորում ենք սովորել

Ուսուցիչն ու աշակերտը պիտի հանդես գան գործընկերների դերում․ Սովորում ենք սովորել

Մասնագիտությամբ հոգեբան, կրթության մասնագետ Անուշ Ալեքսանյանը վստահ է՝ աշակերտի դերը կրթության գործընթացում փոխվել է՝ պասիվից դարձել է ակտիվ և կրթությունը պիտի վերադասավորվի՝ հարմարեցվելով հենց աշակերտին։

<<Շատ բարդ հարց է աշակերտի դերը կրթության մեջ, շատ ընդգրկուն։ Աշակերտներն ունեն բավական լուրջ ազդեցություն և կարող են փոխել կրթական գործընթացի ամբողջ ուղղությունը, ընթացքը։ Շատ կարևոր է, թե այս դարի, այս ժամանակի աշակերտը ինչի՞ կարիք ունի և ի՞նչ հայց է ինքը ներկայացնում կրթությանը, ի՞նչ է իրեն պետք ինքնառեալիզացիայի համար։ Աշակերտը զգալի ազդեցություն ունի մեթոդների, բովանդակության վրա>>։

Սերունդների փոխվելուն զուգահեռ, կտրուկ փոխվում է նաև այդ սերունդների՝ կրթությանը ներկայացվելիք հայցը։

<<Ժամանակ կար, որ աշակերտը պարզապես գիտելիքի կարիք ուներ, գիտական տեղեկատվության յուրացման ու մարսման կարիք ուներ։ Դրանից հետո կարիք եղավ դրանք վերածել նաև հմտությունների։ Պարզ դարձավ, որ այն գիտելիքը, որը չի դառնում հմտություն, անիմաստ է։ Ինչ-որ ժամանակ հետո պարզ դարձավ, որ գիտելիքներն ու հմտությունները բավարար չեն և տարբեր մարդիկ կարող են դրանք կիրառել հակառակ նպատակներով։ Այստեղ ի հայտ եկավ գիտելիքին ու հմտություններին զուգահեռ ձևավորել արժեքներ>>։

Ըստ կրթության մասնագետի, ներկայիս դպրոցը պիտի լինի վայր, որտեղ ուսուցիչն ու աշակերտը ունեն գործընկերային հարաբերություններ և որտեղ միասին կյանքի որոշակի փորձառություն են ստանում։

Ցուցադրել ավելի
Back to top button