Մեկնարկ

Ապագա մասնագիտությունն ընտրելու փորձադաշտ․ Մեկնարկ

Նախորդ տարվա սեպտեմբերին՝ նոր ուսումնական տարեսկզբին, «Այբ» կրթական հիմնադրամը տեղեկացրեց, որ մեկնարկում է «Այբ» հիբրիդային կրթություն ծրագիրը, որը նախագծային կրթություն է, նախագծված է Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանցիների համար։

Ասվում էր, որ «Այբ» հիբրիդային կրթությունը կոչված է ոչ թե փոխարինելու, այլ լրացնելու հիմնական կրթությունը, անվճար կրթություն է, ծրագիրը կիրառելու է հիբրիդային կրթության լավագույն միջազգային մոտեցումները, և որ ծրագրի հիմնական նպատակներից մեկը պատանիների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն է։

 «Այբ» հիբրիդային կրթություն ծրագիրն արդեն սկսել է աշխատանքը։ Քննությունների և հարցազրույցների արդյունքում ընտրվել է 66 աշակերտ․ 43-ը Հայաստանի մարզերից և Արցախից են, 23-ը՝ Երևանից։

Ինչու՞ առաջացավ այսպիսի ծրագրով հանդես գալու անհրաժեշտություն, ինչպե՞ս պիտի այն նպաստի պատանիների մասնագիտական կողմնորոշմանը, ուրիշ ի՞նչ առավելություններ ունի, ի՞նչ հնարավորություններ է տալիս մասնակիցներին․ այս հարցերի մասին ենք զրուցում «Այբ» կրթական հիմնադրամի նախագծերի համակարգող Նիկոլայ Իսրայելյանի հետ։

Ն․ Իսրայելյան — «Բոլորիս հայտնի է դպրոցներում բազմաթիվ խնդիրների առկայությունը, տեղյակ ենք, որ տարբեր խնդիրներ կան հենց մասնագիտական կողմնորոշման հետ կապված։ Դրանք ոչ միշտ են միայն դպրոցի հետ կապված։ Հաճախ դրանք որոշակի ավանդույթների պատճառով էլ են ի հայտ գալիս, որովհետև ընտանիքում այդպես է ընդունված, կամ երեխաները այնքան ինքնուրույն չեն կարողանում ձևավորվել որպես անձ, որպեսզի այդ տարիքում կարողանան սեփական ընտրությունը ճշգրտորեն անել։ Դա ևս որոշակի խնդիր է առաջացնում։ Մեկ այլ խնդիր է նաև այն, որ ժամանակակից աշխարհը շատ արագ փոփոխվող է, և շատ-շատ նոր մասնագիտություններ են առաջանում, որոշները գնալով մահանում են, որոշները սինթեզվում են։  Միջառարկայական, միջմասնագիտական կապերը շատ կարևոր են․կոնկրետ մեկ առարկայի մասնագետ լինելն այնքան չի պահանջարկված, որքան այն, երբ դու հարակից այլ հմտություններ ու մասնագիտական որակներ ևս ունես։ Սա՝ այս մասով։ Բացի դրանից մենք վերջին 7-8 տարիների ընթացքում «Այբ» ավագ դպրոցում իրականացնելով նախագծային կրթությունը՝ մեծ փորձ ենք ձեռք բերել։ Երեխաները, իրենց ուսմանը զուգահեռ, պարտադիր նախագծեր են իրականացնում տարբեր թեմաներից՝ իրենց նախասիրություններից ելնելով։ Այդ փորձը հսկայական է, և ափսոս կլիներ, որ մենք չփորձեինք այն փոխանցել նաև մյուս երեխաներին կամ գոնե արտահանեինք, որպեսզի ավելի տեսանելի դարձնեինք նախագծային կրթության ա՛յն հնարավորությունները, որն այն կարող է տալ մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից, մասնագիտություն ընտրելու տեսանկյունից։ Դա այն է,  երբ երեխաները, իրենց կոնկրետ հետաքրքրություններից, նախասիրություններից և սիրելի առարկաներից ելնելով, թիմով համախմբվում են մեկ խնդրի շուրջ, աշխատում են մեկ տարի, ստանում են ինչ-որ արդյունք և այդ ընթացքում, գործնականում իրական խնդիրներ լուծելով, կարողանում են ավելի հստակ հասկանալ․ արդյո՞ք այդ ուղղությունը հենց այն է, որի հետ ուզում են իրենց ապագան կապել։ Հնարավոր է՝ նրանք ընդգրկվեն ո՛չ իրենց հիմնական նախասիրությանն ուղղված թիմում, և այնտեղ նոր բացահայտում լինի, որն իրենց մեկ այլ դաշտ տեղափոխի։ Սա փորձարարական դաշտ է երեխաների համար՝ տեղում, գործնականում հասկանալու, թե որքանո՞վ է դա իրենցը, տեսնելու բազմազանությունը գործնականում ու նաև շփվելու տարբեր մասնագետների հետ, ովքեր տվյալ ոլորտներում կայացած են, փորձագետներ են, նախագծերի ղեկավարներ են, և այս շփման արդյունքում նաև ինքնուրույն որոշումներ կայացնելու»։

Ցուցադրել ավելի
Back to top button