Մեկնարկ

ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը հրավիրում է սովորելու. Մեկնարկ

2023 թվականի սեպտեմբերի 1-ին 36 աշակերտով իր գործունեությունն սկսեց ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը։ Հիմա արդեն դպրոցը հայտարարում է նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն 10-րդ դասարանի աշակերտների համար, ընդ որում՝ այս տարի ոչ միայն բնագիտամաթեմատիկական, այլ նաև՝ հասարակագիտական ուղղությամբ։

Ինչպե՞ս է ընթանում ուսումնական տարին ՍԹԵՄ դպրոցում, ի՞նչ առանձնահատկություն ունի դպրոցը, ինչպիսի՞ կրթություն է առաջարկում սովորողներին, և ի՞նչ պետք է իմանալ ընդունելության պայմանների մասին․ այս և մի քանի այլ հարցի մասին է զրույցը մեր հյուրի՝ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Արամ Խաչատրյանի հետ։

Ա․ Խաչատրյան — Մեր դպրոցի հարկի ներքո հավաքվել են այնպիսի երեխաներ, այնպիսի սովորողներ, ովքեր իսկապե՛ս եկել են սովորելու, ում համար կրթությունն այս պահին առաջնահերթ խնդիր է։

Բացի կրթությունը մենք նաև մեր դպրոցում փորձում ենք երեխաների այլ հետաքրքրությունները բավարարել՝ սպորտային, մշակութային, լրացուցիչ կրթական։

Մեր դպրոցի առանձնահատկություններից են նախևառաջ՝ կրթական ծրագրերը, երկրորդ՝ այն միջավայրը, որտեղ սովորողներն իրենց կրթությունն են ստանում, որովհետև ԵՊՀ բոլոր ենթակառուցվածքները բաց են սովորողների առջև․ և՛ լաբորատոր, և՛ գրադարանային, և՛ սպորտային, և՛ մշակութային։ Կարելի է ասել՝ համալիր կրթություն ենք տալիս սովորողին։

Եթե առանձնացնելու լինեմ հեղինակային կրթական ծրագրերը, մեզ մոտ տարբերությունը պետական հանրակրթական ծրագրերից հետևյալն է։ Սովորական պետական հանրակրթական դպրոցներում սովորողը հենց սկզբում ընտրում է հոսքը 10 դասարանից և դրանով արդեն իսկ սկսում է իր ուսումնառությունը խորացված առարկայական ծրագրերով։ Մեր դեպքում այդպես չէ։ Մենք 10-րդ դասարանում ձևավորում ենք ընդհանուր հոսք, որտեղ ուսուցանվում են բոլոր առարկաները՝ և՛ բնագիտական, և՛ հումանիտար առարկաները պետական պարտադիր առարկայացանկից, և 10-րդ դասարանի ավարտին սովորողները նոր արդեն ընտրում են իրենց համար նպատակային ծրագրերով ուսումնառելու հնարավորություն։ Ընտրում են առնվազն երկու առարկա իրենց նախընտրած մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար, և բնագիտական առարկաներից այն առարկաները, որոնք չեն ընտրում, այլևս 11-րդ դասարանում չեն ուսումնառում։

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button