Լուրեր

Բացվել է «Դրվագներ ինքնության. Զարդ» ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Լայն հանրության համար այն բաց է ապրիլի 7-ից:

Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված՝ 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ, տարազային համալիրներ:

Ցուցահանդեսը դեռևս անցած տարվանից կազմակերպվող «Դրվագներ ինքնության» շարքի հերթական մասն է: Այս շարքը հնարավորություն է տալիս նաև զարդարվեստի միջոցով պատկերացում կազմելու հայ ինքնության մասին հասարակական տարբեր շերտերում և մակարդակներում: Զարդերը՝ որպես մշակութային երևույթ, իրենց խորհրդանշական և ներկայացուցչական առանձնահատկություններով կարևոր դեր են կատարում ազգային մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում և ցույց են տալիս ազգային գեղագիտական ընկալումները, զգացողությունը, ճաշակն ու ոճը:

Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել և ներկայացնել, թե հայերն ինչպես և ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են ունեցել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել այլ երկրներում և ժամանակակից հայ վարպետների ուշադրությունը հրավիրել ազգային արվեստի ակունքներին:

Ցուցադրել ավելի
Back to top button