Ռադիոլաբ

Ռազմական նշանակության հայկական նորարարությունները․ Ռադիոլաբ

  • Երևանում տեղի ունեցավ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը։
  • Հատկապես ռազմական նշանակության ի՞նչ նորարարություններով են հանդես գալիս հայկական ընկերությունները։

Լսե՛ք Ռադիոլաբի այս հաղորդմանը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պաշտպանության նախարարության, Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի և Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միության համակազմակերպմամբ իրականացրեց «Արմհայթեք» ցուցահանդեսը։ Երեք օրվա ընթացքում, շուրջ 48 տաղավարում, ավելի քան 50 ընկերություն՝ 24 թեմատիկ բաժիններով ներկայացրին իրենց արտադրանքն ու ծառայությունները:

Դրանց մի մասի հետ առաջարկում եմ ծանոթանալ այս հաղորդման շրջանակներում։

Ընկերությունների մեծ մասը հիմնադրվել է 2016 թվականից հետո, այդ թվում՝ ռազմական նշանակության անօդաչու թռչող սարքերի, ռադիոհամակարգերի ու ռադիոմիջոցների մշակմամբ և արտադրությամբ զբաղվող «Պրոքմաք» ընկերությունը։

Ցուցադրվող արտադրանքները ներկայացնում է Պրոմաք ընկերության ինժեներ Վահագն Մխիթարյանը։ Ընկերությունն զբաղվում է նաև դյուրակիր ռադիոկայանների արտադրությամբ, որոնք այս պահին մշակման փուլում են։

2016 թվականից իր գործունեությունն է ծավալում նաև «Davaro» ընկերությունը, որը ցուցահանդեսին ներկայացել էր ԱԹՍ-ների տարբեր մոդելներով։

Ընկերության մենեջեր Տարոն Հակոբյանի խոսքով իրենց ներկայացրած մոդելները կարող են ծառայել և՛ որպես հրամանատարական կետ, և՛ որպես հետախուզական ու հարվածային սարք։ Վերջիններս ունեն հրթիռային համակարգ․ ազատ անկման տակ բաց են թողնվում ու որոշակի արագություն ձեռք բերելուց հետո՝ դառնում են կառավարելի։ Որոշ մոդելների վրա նախատեսում են տեղադրել կապի սարքավորումներ, վերաթողարկիչ սարքեր ու օդից կապ ապահովել, որպեսզի դրանց ճնշելը դժվար լինի։ Դրանք կարող են թռչել նաև երամներով ու հաջողությամբ կատարել իրենց առջև դրված խնդիրը։ Կան հակատանկային նշանակության ու տարբեր թիրախներ (օրինակ կամուրջներ կամ շենքեր) վերացնող սարքեր։ Բացի թռչող սարքերից ունեն նախագծած այսպես կոչված UJV` գետնի վրայով գնացող մեքենաներ, որոնք նույնպես այժմ փորձարկման փուլում են։

Իրենց արտադրանքին է ծանոթացնում «Իսատեք Ռոբոտիքս» ընկերության փոխտնօրեն Սերոբ Արիստակեսյանը։ Թրթուրավոր մարտական հեռակառավարվող մեքենան, որն ամբողջությամբ զրահապատ է, կոչվում է «Սկորպիոն IS15»։ Եթե մեքենան հանկարծ շրջվի, ապա իր ունեցած հատուկ լծակների շնորհիվ արագ վերականգնում է  աշխատանքը՝ կանգնում ու վերադառնում է մարտական դիրքի։

Սերոբ Արիստակեսյանի համոզմամբ բանակը նման սարքավորումներով համալրելը իրատեսական է ու սարերի հետևում չէ։

Շուրջ 7 տարի է ոլորտում տարբեր նախագծեր է իրականացնում «High Intelligence» ընկերությունը, որը «Արմահայթեք 2022»-ին ներկայացնում էր իր ծրագրային մշակումը՝ նախատեսված անօդաչու թռչող սարքերի համար։ Պատմում է ընկերության ինժեներ Արման Ալեքսանդրիդիսը։

2017 թվականից գործող «Advanced Technologies Group» ընկերույունն էլ մասնագիտացված է ռադիոհաճախականային տիրույթում սարքավորումների և համակարգերի նախագծման ոլորտում։ ATG ընկերության գլխավոր ինժեներ Սուրեն Էյրամջյանն է մանրամասնում։

Ցուցահանդեսը հնարավորություններ կստեղծի նոր համագործակցության, համատեղ ծրագրերի ու ստեղծարար գաղափարների իրականացման համար: Մի քանի տաղավարից ձայնագրություններ էլ խոստանում եմ «Ռադիոլաբ»-ի հաջորդ հանդիպման ժամանակ։

Ցուցադրել ավելի
Back to top button