Ռադիոլաբ

Ինչպե՞ս են տեսախաղերն ազդում մարդու ուղեղի վրա. Ռադիոլաբ

Այսօր անդրադառնալու ենք տեսախաղերին: Ավելի կոնկրետ այն հարցին՝ թե արդյոք դրանք վտանգավո՞ր են մարդկանց ու հատկապես դեռահասների համար: Իսկ եթե ասենք, որ նույնիսկ օգտակար ե՞ն։ Լսե՛ք հաղորդումը:

Երբ խոսում ենք տեսախաղերի մասին, առաջինը երեխաներին ենք հիշում: Եվ իսկապես, որոշ ուսումնասիրությունների համաձայն դպրոցականների գրեթե 90%-ը տարված է համակարգչային խաղերով։ Սակայն, վերջին շրջանում, գիտնականները ևս մեկ ուսումնասիրություն են կատարել՝ պարզելու համար,թե ի վերջո, որն է  գեյմերների միջին տարիքը։Եվ պարզել են՝  33 տարեկանը: Այսպիսով, տեսախաղերը հետաքրքիր են մարդկանց լայն շրջանակների համար, և հնարավոր է, որ մի քանի տարուց, մենք այլևս չզարմանանք, որ տարեց մարդիկ նույնպես տարված են, օրինակ Playstation 10-ով:

Ինչո՞ւ են մարդիկ, առհասարակ, տեսախաղեր խաղում: Կոգնիտիվ ու տեսախաղերի հոգեբանություն մասնագետ Օլգա Մորոզովայի կարծիքով, մարդիկ խաղում են իրենց երեք հիմնական կարիքները բավարարելու համար: Դրանք են՝ ինքնավարությունը, կոմպետենտությունն ու հարաբերությունները:

Ինքնավարությունը մարդու կարիքն է՝ զգալու, որ ինքը վերահսկում է իր կյանքը:

Կոմպետենտությունն այն զգացումն է, որ դու հաջողակ ես ու նախաձեռնող, և ինչ էլ անես՝ հաջողություն  կունենաս:

Հարաբերությունները՝ այլ մարդկանց հետ կապված լինելու մարդկային կարիքն է:

Եվ, ըստ մասնագետի,  համակարգչային խաղերը բավականին լավ են նպաստում այս կարիքների բավարարմանը:

Այժմ միասին դիտարկենք երկու հայտնի միֆ՝ տեսախաղերի վտանգի մասին:

Միֆ առաջին. Էկրանի առջև շատ երկար նստելը վնասում է տեսողությունը:

Պարզվում է, որ մարդիկ, ովքեր շաբաթական 5-ից 15 ժամ խաղում են շութերներ (այսպես ասած՝ հրաձգային խաղեր) ավելի լավ են տեսնում, քան նրանք, ովքեր, մեղմ ասած, հեռու են խաղերից: Նրանք ավելի արագ են նկատում մանր դետալները, ինչի շնորհիվ ավելի լավ են կարողանում կարդալ,օրինակ՝ առօրյայում հանդիպող մանրատառ գրառումները:

Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ հրաձգային խաղերի երկրպագուները ավելի լավ են տարբերում մոխրագույնի երանգները: Մառախուղի ժամանակ մեքենա վարելիս դա հաստատ պետք կգա:

Ավելին, համակարգչային խաղերը լուրջ քայլ են կատարել «ծույլ աչքի», նույն ինքը ամբիլոպիայի բուժման ընթացքում: Մի հիվանդություն, որը տարածված է բնակչության 2%-ի շրջանում։ Ամբիլոպիայի ժամանակ մի աչքը գրեթե չի մասնակցում տեսողության գործընթացին։

Բերքլիում՝ Կալիֆոռնիայի համալսարանում անցկացված հետազոտության մասնակիցները ուղիղ 3 շաբաթ օրական 2 ժամ ծախսել են համակարգչային էկրանի մոտ՝ խաղեր խաղալով: Պարզվել է, որ 40 ժամ «Medal of Honor » խաղալը ավելի քան 30 տոկոսով բարելավել է հիվանդ աչքի տեսողությունը։

Նմանատիպ բարելավումներ են նկատվել նաև այն մասնակիցների մոտ, որոնց բաժին են ընկել ոչ էքշըն խաղերը: Բուժառուները, որոնք ժամեր են անցկացրել SimCity խաղալով, դարձյալ սկսել են 30%-ով ավելի լավ տեսնել իրենց հիվանդ աչքով: Հետազոտության այն մասնակիցները, ովքեր պարզապես հեռուստացույց են դիտել կամ թերթել են ինտերնետային կայք-էջեր, ունեցել են տեսողության պակաս բարելավում:

Երկրորդ միֆը. Տեսախաղերն ունեն մարդուն անուշադրության ու ցրվածության տանելու հակում:

Այս միֆը ևս հերքվում է փաստերով՝ հիմնված գիտնականների ուսումնասիրությունների վրա: Նրաց կողմից անցկացված թեստերը ցույց են տվել, որ խաղերն, ընդհակառակը, բարելավում են ուշադրությունը։ Բայց այստեղ կարևոր է խաղի տեսակը: Տեսողական ուշադրությունը մեծացնում են այն խաղերը, որոնք պահանջում են արագ արձագանք և ուշադրության առանձնացում տեսողական տեղեկատվությանը: Այսինքն՝ նույն հրաձգային ու էքշըն​​ խաղերը։

Այսպիսով, մենք ցրեցինք համակարգչային խաղերի վտանգի վերաբերյալ հիմնական կարծրատիպերը: Հիմա ավելի մանրամասն խոսենք այն դրական փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունենում ուղեղում՝ խաղերի շնորհիվ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ խաղացողների ուղեղում ավելի լավ են աշխատում այն կետերը, որոնք պատասխանատու են բազմաբնույթ առաջադրանքների կատարման համար, այսինքն զարգացնում են միաժամանակ մի քանի գործողություն  կատարելու կարողությունը: Հետազոտությունը կրկին հիմնված է հրաձգային խաղերի վրա, այլ բնույթի խաղեր այս մասով չեն ուսումնասիրվել: Միևնույն ժամանակ, Սթենֆորդի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք երաժշտություն լսելով միաժամանակ համացանցում զրուցում են չաթերում, դժվարություններ ունեն բազմաֆունկցիոնալ աշխատանք կատարելու հարցում: Այսինքն՝ մեդիայի ոչ բոլոր ձևերն են իրար նման, և տարբեր խաղեր տարբեր կերպ են ազդում մարդու ուղեղի վրա:

Ինչպես նշում է կոգնիտիվ հետազոտող Դաֆնա Բավելիերը, տեսախաղերն ունեն մի շարք բաղադրիչներ, որոնք շատ կարևոր են ուղեղի ճկունության, սովորելու, ուշադրության, տեսողության համար։ Բայց կարևոր է հետևել, որ չարաշահումներ չլինեն: Դաֆնան տեսախաղերը համեմատում է գինու հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ կարմիր գինու չափավոր չափաբաժինը ճիշտ տարիքում դրական ազդեցություն ունի մարդու կյանքի և առողջության վրա։ Բայց բավական է չափն անցնել, և ավելի շատ վնասներ կլինեն: Նույնն էլ տեսախաղերի դեպքում է:

Մեկ այլ շատ հետաքրքիր հետազոտություն էլ ցույց է տվել, որ տեսախաղերը մեծացնում են ուղեղի ծավալը։ Պարզվում է,  որ իրական ժամանակում, այսինքն real time ռեժիմով ռազմավարություն՝ստրատեգիա խաղալը կարող է մեծացնել ուղեղում գորշ նյութի ծավալը: Գիտնականները պարզել են, որ գորշ նյութի քանակն ավելանում է հիպոկամպում, նախաճակատային կեղևում և ուղեղիկում։

Հիպոկամպը պատասխանատու է հիշողությունների ստեղծման, կազմակերպման և պահպանման համար: Այն նաև էմոցիաներն ու զգացողությունները(ինչպիսիք են հոտն ու ձայնը), միացնում է հիշողության հետ:

Նախաճակատային կեղևը ներգրավված է այնպիսի գործառույթներում, ինչպիսիք են որոշումների կայացումը, խնդիրների լուծումը, պլանավորումը, մկանների կամավոր շարժումն ու իմպուլսների վերահսկումը:

Ուղեղիկը օգնում է վերահսկել շարժումների նուրբ համակարգումը, մկանային տոնուսն ու հավասարակշռությունը:

Գորշ նյութի ավելացումը բարելավում է ուղեղի որոշ հատվածների կոգնիտիվ գործառույթը:

Իսկ ի՞նչ կարող ենք ասել մեր պապիկներին ու տատիկներին, երբ նրանք ցանկացած վատ բան փորձում են կապել տեսախաղերի հետ։

Կալիֆոռնիայի համալսարանի Սան Ֆրանցիսկոյում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսախաղերը բարելավում են ճանաչողական գործառույթը տարեցների մոտ: Հիշողության և ուշադրության բարելավումները ոչ միայն նկատելի, այլև տևական էին։

3D վիդեոխաղով մարզվելուց հետո, որը հատուկ նախագծված էր ճանաչողական աշխատանքը բարելավելու համար, 60-ից 85 տարեկան մարդիկ հետազոտության ժամանակ ավելի լավ արդյունք են գրանցել, քան 20-30 տարեկանները, որոնք առաջին անգամ էին մասնակցում խաղին: Նման ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաղը կարող է կանխել տարիքի հետ ի հայտ եկող ճանաչողական խանգարումները:

Առայժմ, թվում է, թե ամեն ինչ չափազանց հարթ է գնում։ Լավ․․․իսկ տեսախաղերը բացասական դրսևորումներ չունե՞ն, իրավացիորեն կհարցնեն մեր ունկնդիրներից շատերը։ Խոսենք նաև այդ մասին։

2010 թվականին Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դաժանություն պարունակող տեսախաղերը որոշ դեռահասների ավելի ագրեսիվ են դարձնում:

Բայց հարկ է նշել, որ խոսքն այն պատանիների մասին է,  ովքեր արդեն իսկ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեն։ Երեխաների ճնշող մեծամասնությունը ագրեսիայի խնդիր չի ունենա նույնիսկ դաժան տեսախաղեր խաղալուց հետո։ Գերմանացի գիտնականները, օրինակ, պարզել են, որ GTA 5 խաղը երկու ամիս շարունակ ամեն օր խաղալը ոչ մի ազդեցություն չի ունեցել օգտատերերի ագրեսիվության վրա։

Եվ այնուամենայնիվ, այն դեռահասները, ովքեր հեշտությամբ են նյարդայնանում, ընկնում են դեպրեսիայի մեջ, քիչ են մտածում ուրիշների մասին և սիրում են կանոններ խախտել,ավելի լավ է չներքաշվեն նմանօրինակ խաղերի մեջ: Սրան անպայման ուշադրություն է պետք դարձնել ու վերահսկել:

Իսկ ի՞նչ խաղալ հոգեկան և էմոցիոնալ բարեկեցությունն ապահովելու համար: Սա գովազդ չէ, սրանք Օքսֆորդի գիտնականների ուսումնասիրության արդյունքներն են։ Նրանք հուզական բարեկեցության համար դրական են համարում Animal Crossing և Plants vs. Zombies խաղերում անցկացրած ժամանակը:

Եվ այնուամենայնիվ գիտնականները չեն շտապում իրենց արդյունքը ներկայացնել որպես ապացույց: Նրանք նշում են, որ հնարավոր է աշխատում է նաև հակառակ տարբերակը, այսինքն մարդիկ, ովքեր այլ հանգամանքներով պայմանավորված իրենց բարեկեցիկ են զգում, կարող են ավելի շատ ժամանակ տրամադրել խաղերին։

Կարող ենք գալ հետևյալ եզրահանգմանը. ընդհանուր առմամբ խաղերի բացասական ազդեցություն կարելի է արձանագրել միայն  չարաշահումների դեպքում։ Արժե անհանգստանալ միայն այն դեպքում, երբ խաղը դառնում է ինքնանպատակ, և մարդը սկսում է խնդիրներ ունենալ ուսման մեջ կամ աշխատանքում, ինչպես նաև դժվարանում է մարդկանց հետ շփվելու ընթացքում: Բայց նույնիսկ այս դեպքում խնդիրների պատճառները ավելի շուտ ոչ թե խաղերի, այլ տվյալ մարդուն շրջապատող միջավայրի հետ են կապված։ Այս դեպքում խաղերը պարզապես խնդիրներից թաքնվելու միջոց են:

Երբ որոշ մարդիկ բարձրագոչ ելույթներ են ունենում այն մասին, որ խաղերը չարիք են և շտապ պետք է դրանք արգելել, ամենայն հավանականությամբ զզբաղվում են պոպուլիզմով։ Այս կերպ մարդիկ ցանկանում են իրենց ունեցած խնդիրների ողջ մեղքը բարդել խաղերի վրա։

Չենք մոռանում, և ևս մեկ անգամ շեշտում ենք, որ համակարգչի առաջ նստած երեխաները՝ պետք է վերահսկվեն ծնողների և ուսուցիչների կողմից:

Այնպես, որ խաղացեք չափի մեջ ու ստացեք այն բոլոր դրական հույզերը, որոնք ապրում եք այդ պահին:

Ցուցադրել ավելի
Back to top button