Լուրեր

Քննությունով գիտնական չեն դառնում․աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը կրթական համակարգի մասին

Սթարմուսի համահիմնադիր, Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրայելյանն ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանը, հետո արդեն սովորել ու աշխատել է շատ տեղերում՝ Նիդերլանդներ, Բելգիա, Ավստրալիա ․․․ Հասկանալով, որ ԵՊՀ–ն ավարտելուց հետո արդեն 30 տարուց էլ ավել է անցել, ամեն դեպքում փորձեցինք իմանալ գիտնականի կարծիքը Հայաստանում ու արտասահմանում կրթության կազմակերպման հարցերի վերաբերյալ։ Ի՞նչ էական տարբերություններ ու առանձնահատկություններ կան։

Գարիկ Իսրայելյան – Ճիշտն ասած հիմա չգիտեմ Հայաստանում կրթական համակարգն ինչպես է, բայց կարող եմ համեմատել օրինակ Իսպանիայի հետ, որտեղ իմ տղաներն են ավարտել դպրոցը։ Բացարձակապես չեմ հավանում այնտեղի կրթական համակարգը։ Ես դեմ եմ եղել, հիմա էլ եմ դեմ ու միշտ դեմ եմ լինելու այն բանին, որ երեխաներին, երիտասարդներին պատժեն 1–2 տարի չսովորելու համար։ Հիմա համակարգը հենց դա էլ անում է։ Եթե ինչ–որ մեկը 8–րդ դասարանում լավ չի սովորել, իրեն դրա համար պատժում են, երբ որ ինքը 10–րդ դասարանում է կամ երբ պիտի համալսարան ընդունվի։ Նույնիսկ եթե ինքն արտակարգ գիտելիքներ ունենա, էնտեղ նայում ասում են գիտես 3 տարի առաջ քո գնահատականները վատն են եղել, դու դպրոցը վատ ես ավարտել ու դրա համար քեզ չենք ընդունի և այլն։ Անկախ նրանից, թե տվյալ վայրկյանին, տվյալ րոպեին այդ մարդու գիտելիքները ինչ որակի են։ Կարևոր չի ինքը 20 տարեկան է, 25 տարեկան է, թե 30, ոչ մի սիստեմ իրավունք չունի դռները փակի, եթե տվյալ վայրկյանին դու արտակարգ գիտելիքներ ունես։ Իսկ մեր համակարգերը շատ խայտառակ ձևով փակում են։ Շատ քարացած կապ են ստեղծել դպրոցից մինչև մարդու բարձրագույն ընդունվելը։

Այդ curriculum կոչվածը, որ անընդհատ նայում են հետո ինչ ես արել, բա հետո ինչ ես արել, դա գցում է մարդկանց մի հատ ռիթմի մեջ, որ իրենց թվում է, եթե հիմա չհասցնեն անել դա, վաղը ուշ է լինելու։ Դա այնքան բացասական էֆեկտների է բերում։ Այդ երեխաները, երիտասարդները ցայտնոտի մեջ են ընկնում, շատ մեծ ճնշման տակ են։ Ժամանակ չեն տալիս իրենք կողմնորոշվեն, մի հատ փորձեն, հասկանան, որովհետև նույն ֆիզիկան ժամանակ է, իրեն պետք է կլանես։ Ես ինքս ֆիզիկայի կուրս եմ սովորել, անհնարին բան է, որ ֆիզիկան գծային սովորես։ Ֆիզիկան գծային էֆեկտով չեն սովորում, ֆիզիկան սպիրալով են սովորում։ Գնում ես հետ ես գալիս, գնում ես հետ ես գալիս։ Միշտ նույն բանին հետ ես գալիս։ Դա պետք է նստվածք թողնի քո մեջ, եթե չի թողնում, դու առաջ չես գնում։ Նստվածքի համար ժամանակ է պետք։

Ոնց կարելի է այդ ամեն ինչը ստիպել ու 3 կամ 1 ամսում քննություն, քննություն, քննություն ․․․ քննությունով գիտություն չեն սարքում, քննությունով գիտնական չեն դառնում։ Սա շատ սխալ բան է։ Ու սա ասում եմ ես՝ մի մարդ, որ գիտության մեջ է, գիտությունը զգացել է, տեսել է, հասկանում է ու գիտի ինչ է։

Ես ինքս շատ ասպիրանտներ եմ ունեցել, բոլորը պաշտպանել են, բոլորին ուղարկել եմ տարբեր երկրներ, տարբեր ուղղություններով։ Իմ ուսանող ասպիրանտների մեջ միշտ շատ մեծ տարբերություն եմ տեսել։ Երեխաներ կային, որ կրեատիվ էին, կային, որ ոչ։ Համալսարանից գալիս էին այդ նույն քարացած վախով, ահ ու սարսափով նստում էին իմ դիմաց, սպասում թե իմ բերանը ոնց կբացվի, առաջին բառս ինչ կլինի, որ իրենք վազեն անեն։ Պատկերացնու՞մ եք, հոգեբանորեն ճնշված այդ երեխեքն արդեն եկել են։ Ու ես ամեն բան փորձում էի անել, որ իրենց մեջ կոտրվի դա։ Այդպես չի։ Եթե դու եկել ես գիտությամբ զբաղվես, ուրեմն պիտի նյարդերդ լրիվ թուլացնես, պետք է շատ հանգստանաս ու հասկանաս, որ մտել ես ստեղծագործական աշխատանքի մեջ։ Պետք է հանգիստ հասկանաս, հարցեր տաս, եթե ինչ որ բան չես հասկանում, դա ամոթ չէ։

Մի ուսանողուհի ունեի ամաչում էր հարցեր տալուց։ Ես խոսում էի, զգում էի աչքերից, որ ինքը չի հասկանում, հարցեր էի տալիս, համոզվում էի, որ իրոք չի հասկանում։ Ասում էի բա ինչու՞ չես հարցնում։ Վախենում էին։ Երեխաները վախենում են հարց տալ, որպեսզի հիմարի կամ անհասկացողի տեղ չդնեն իրենց։ Դրանից ավելի ահավոր, վտանգավոր բան չկա։ Եվ այդ վախը ստեղծում է համակարգը, դասատուները։ Իրենց մոտ այդ կոմպլեքսը չկա, երբ փոքր են։ Փոքր ժամանակ ամեն ինչ հարցնում են։ Բա չե՞ք հարցնում ի՞նչ է լինում, որ հասնում են 16–18–20 տարեկան ու ստոպ․ հարցեր չկան։ Ինչի՞։ Որովհետև արդեն դպրոցից կոմպլեքսավորման պրոցես է գնում։

Ընդհանրապես դա գլոբալ մարդկության համար շատ վատ բան է։ Մարդը ստեղծագործ էակ է, և մենք միշտ մոռանում ենք ամենակարևոր բանը, որ պետք է մարդուն տանք ստեղծագործական ազատություն, չճնշել դրա վրա։ Ես ինչքան տեսնում եմ սիստեմները լավ ճնշում են, դրա համար ինչ–որ չափով օնլայն կրթությունը դրական բան էր։ Երբ մարդը ժամանակ ունի, ինքնուրույն ընտրի ինչ է ուզում ու սովորի։ Քննությունները, թվանշային համակարգը ․․․ դրանից խայտառակ բան ես ուղղակի չգիտեմ։

Երբ որ հասարակության մեջ ունես 80% մարդիկ, որոնք երջանիկ չեն, որովհետև սխալ մասնագիտություն են ընտրել, ի՞նչ է լինելու այդ հասարակության վիճակը։ Եթե երաժիշտը երազում է գիտնական դառնալու մասին, գիտնականն էլ մեկ ուրիշ բանի մասին քաոսային բան է դառնում։ Դա շատ մեծ պրոբլեմների է բերում։

Ցուցադրել ավելի
Back to top button