Զարթուցիչ

Հետաքրքիր տեղեկություններ «մինչդեռով» ․․․ Զարթուցիչ

Մի քիչ անսպասելի խորագիր է, չէ՞։ Երբ լսեք մեր ներկայացրած տեղեկությունները, կարծում ենք, կհասկանաք, թե ինչու ենք դրանք այսպես անվանել․․․

Եվ այսպես, «մինչդեռ» առաջին․․․

Սառցե երկիր․ ո՞րն է այն։ Մի պահ ի մի բերեք ձեր ողջ գիտելիքը, ուզու՞մ եք՝ քարտեզին նայեք։ Չէ, Արկտիկայի մասին չէ խոսքը և ոչ էլ Անտարկտիդա մայրցամաքի։ Պետություն է՝ տեղակայված կղզու վրա։

795 թվականին, ուղղություն վերցնելով դեպի հյուսիս–արևմուտք, նորվեգացի վիկինգ Ֆլոքի Վիլհերդարսոնի նավը հասավ մինչև այդ անծանոթ մի կղզու։ Առաջինը, ինչը գրավեց Ֆլոքիի և նրա ուղեկիցների ուշադրությունը, սարերի սպիտակ, ձյունապատ գագաթներն էին, ափամերձ սառցաբեկորները։ «Օ՜, սառցե երկիր է, iceland », – որոշեցին վիկինգները։

Մինչդեռ ․․․ հետագայում պարզվեց, որ այդ կղզում սառցադաշտերն ամենևին էլ մեծ մակերես չեն գրավում, և, չնայած դրան, կղզին շարունակեց կոչվել Իսլանդիա։ Իրենք՝ իսլանդացիները, հաճախ կատակում են՝ ասելով․ «Մեր երկրում ամենասառցեն իր անունն է»։

Եվ իսկապես էլ, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում, օրինակ, տարեկան միջին ջերմաստիճանը, 5 աստիճան է ըստ Ցելսիուսի, իսկ ամռանը ջերմաստիճանը հասնում է մինչև 20 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի։

Իր՝ Ֆլոքիի հայրենիքում, ի դեպ, հաճախ ավելի ցուրտ է լինում։

Եթե հարցնեն՝ ինչ գիտեք կոլիբրիի մասին, ինչ կասեք․ նախ, որ դա աշխարհի ամենապստլիկ թռչունն է և երկրորդ, որ կոլիբրիի փետուրները բազմագույն են։

Ի դեպ, այս երկրորդը հիմնավորելու համար, հնարավոր է, նաև մեջբերեք  ֆրանսիացի հայտնի բնախույզ Բյուֆֆոնի հետևյալ գրառումը․ «Բոլոր կենդանի արարածներից կոլիբրին ամենաչքնաղն է իր փետրավորման հոյակապ գույների շնորհիվ։ Ոչ թանկարժեք քարերը, ոչ մետաղները, որոնց մարդկային արվեստը փայլ է տալիս, չեն կարող համեմատվել բնության այս գանձերի հետ։ Այս փոքրիկ թռչնակը բնության գլուխգործոցն է»։

Մինչդեռ․․․Պարզվում է կոլիբրիների մեծ մասը իրականում սև է։ Եվ իրենց չքնաղ գույները այս թռչուններն ստանում են միայն թռիչքի պահին, երբ լույսը արտացոլվում և բեկվում է նրանց թևերի մակերևույթի որոշ շերտերում։

Ի դեպ, այն, որ կոլիբրին աշխարհի ամենափորիկ թռչունն է, այնքան էլ ճիշտ չէ։ Այո, 2 գրամ քաշով կոլիբրի–իշամեղուն մոտ 3 սմ երկարություն ունի, բայց կան նաև խոշոր կոլիբրիներ՝ մինչև 20 սմ երկարություն ունեցող։ Դրանց փոքրիկ, իհարկե, չես անվանի։

Ո՞վ է Միքի Մաուսի կերպարի հեղինակը։ Այս հարցին շատերդ վստահ կպատասխանեք․ «Դիսնեյը»։ Մինչդեռ ․․․ սա հայտնի մոլորություն է։

Բանն այն է, որ Միքի Մաուսին առաջին անգամ նկարել է, այսինքն՝ մկնիկի այդ կերպարն ստեղծել է ոչ թե Դիսնեյը, այլ նրա առաջին գործընկեր և օգնական Յուբ Այվեքեն։

Եվ քանի որ կերպարն ստեղծվել է Ուոլթ Դիսնեյի ստուդիայում, մուլտընկերության տիրոջ անունն ավտոմատ կերպով անցել է նորաստեղծ կերպարին։ Իսկ իսկական հեղինակի անունը մոռացվել է դիսնեյան աշխարհի անցուդարձի մեջ։ Ահա այսպիսի անարդարացի «մինչդեռ»։

Ցուցադրել ավելի
Back to top button