Ռադիոլաբ

«Գիտությունը 21-րդ դարում լրիվ նոր էմոցիոնալ աշխարհ է ստեղծում մարդկանց մեջ»․ Գարիկ Իսրայելյան

Նախորդ հաղորդաժամին գիտնական, աստղաֆիզիկոս, «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ խոսեցինք այն մասին, թե ինչպես ընտրեց իր մասնագիտական ուղին, անդրադարձ կատարեցինք  նաև կրթական համակարգին: Եթե չեք լսել նախորդ հաղորդումը, առաջարկում ենք լսել այն:

Սթարմուսի թվով 6-րդ փառատոնը, որը կրում է «50 տարի Մարսի վրա» խորագիրը, կկայանա սեպտեմբերի 5-10-ը Երևանում: «Սթարմուսի» շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն: Կհյուրընկալվեն հայտնի գիտնականներ ու երաժիշտներ: Ռադիոլաբը հետևելու է այս անչափ հետաքրքիր միջոցառմանն ու լուսաբանելու է այն հատուկ «Ռադիո Արևիկի» ունկնդիրների համար:

Հարց — Անդրադառնանք «Starmus»-ին։ Գիտության ու երաժշտության համադրությամբ փառատոնի գաղափարն իհարկե արդեն իսկ հետաքրքիր է։ Իսկ որոնք են այն արդյունքները, որոնք կարելի է արձանագրել փառատոնի ստեղծման 11 տարիների ընթացքում։ Գոնե Ձեր առաջ ի՞նչ նպատակներ ունեիք դրված Սթարմուսի հետ կապված։

Գարիկ Իսրայելյան — Համար առաջին խնդիրը դրված էր գիտության մասսայականացման խնդիրը, որ գիտության դռները բացենք բոլորի առաջ ու այն մարդիկ, ովքեր ներսից հետաքրքրություն են ունեցել գիտության նկատմամբ, բայց երբեք առիթ չեն ունեցել աշխարհահռչակ գիտնականների կողմից դասախոսություններ լսել և լսել հասկանալի, մատչելի դասախոսություններ, այդ հնարավորությունն ունենան։ Որպեսզի այդ ամենն ավելի մարսելի լինի, ավելի հեշտ լինի, մենք դրան գումարում ենք նաև արվեստի կոմպոնենտը․ երաժշտություն, գիշերը աստղերին նայել և այլն, և այլն ․․․ ավելի շատ բաներ կարող ենք հետագայում ավելացնել, գնալով ավելի մատչելի սարքենք։ Ու նաև մեր նպատակներից մեկն էր, որ արվեստագետներին ներգրավենք գիտության մեջ, քանի որ գիտությունը 21-րդ դարում լրիվ նոր էմոցիոնալ աշխարհ է ստեղծում մարդկանց մեջ, նամանավանդ արվեստագետների մեջ։ 20-րդ դարում ստեղծվեց գիտաֆանտասիկան ու ինքը մտավ կինոֆիլմեր։ Ու գիտությունը կինոֆիլմերով միանգամից մասսայականություն ստացավ։ Երբեք մարդկության պատմության մեջ գիտությունը տենց մասսայականություն չի ստացել, ոնց ստացավ ֆիլմերի ու գիտաֆանտաստիկայի միջոցով։ Այդ պրոցեսը շարունակվում էր ու մենք մտանք 21-րդ դար, գիտության նոր ճյուղեր ստեղծվեցին ու արվեստագետների մի մեծ բանակ սկսեց ոգեշնչվել գիտության նոր ճյուղերով, նոր հայտնագործություններով։ Այդ արվեստագետների բանակը գնալով շատ արագ մեծանում էր։ Դա թե՛ նկարիչներին էր վերաբերվում, սովորական նկարիչները սկսեցին նկարել բաներ, որոնք կապված են տիեզերքի ու էլեմենտարար մասնիկների աշխարհի հետ, թե՛ երաժիշտներին, որոնք տարբեր բաներով էին ոգեշնչվում, էլեկտրոնային երաժշտություն, արհեստական բանականություն, գենետիկական ինժեներիա ․․․ Փաստորեն մարդկանց զգացմունքները սկսում են ծրագրավորել արդեն, կարելի է մարդկանց գեները փոխել։ Նոր սերնդի անդրոիդներ են ստեղծվելու, որոնք մարդուց չեն տարբերվելու։ Դա լրիվ էմոցիաների հետ ա կապված, արվեստագետների էմոցիոնալ դաշտը 180 աստիճանով փոխվում ա, որովհետև իրենք 5000 տարի սովորել են, որ մարդը կարող ա սիրահարվի կամ ատի, որովհետև բնությունը տենց ա տվել, հիմա գիտությունը գալիս ասում ա «ես դա կծրագրավորեմ ու վաղը չէ մյուս օրը այս մարդիկ կսիրահարվեն»։

Հարց — Այսինքն կարող ենք ասել, որ գոհ եք այն պտուղներից, որոնք Սթարմուսը տվել է։

Գարիկ Իսրայելյան — Ես էդ պտուղներից գոհ եմ։ Կարծում եմ գիտության ու արվեստի այս համագործակցությունը շատ խորը, դեռ ավելի երկար ճանապարհ է անցնելու, ես դա տեսնում եմ արդեն։ Մենք 10 տարում տեսանք թե գնալով ինչքան շատ արվեստագետներ են մեզ դիմում, որպեսզի իրենց գործերը ներկայացնեն ու իրենք երբ որ ծանոթանում են գիտնականների հետ, միանգամից իրենց մոտ ծնվում են շատ հետաքրքիր համագործակցության գաղափարներ ու ես հույս ունեմ, որ այն կօգնի գիտության մասսայականացմանը։

Հարց — Եթե Գարիկ Իսրայելյանը ոչ թե լիներ Սթարմուսի հիմնադիրը, այլ պարզապես գիտնական կամ էլ ուղղակի տիեզերքով ու աստղերով շատ հետաքրքրված մեկը, հատկապես ո՞ր օրերին ու կոնկրետ ո՞ր միջոցառումներին ներկա կգտնվեր առաջիկայում սպասվող բավականին հագեցած ծրագրից։

Գարիկ Իսրայելյան — Ճիշտն ասած ես եթե լինեի 17 տարեկան ու գիտությամբ հետաքրքրված մեկը, որը գալիս է «Սթարմուս» փառատոնին, վրան կդնեի համալիրի մոտ ու գիշերներն այնտեղ կքնեի, որպեսզի ոչ մի բան չկորցնեմ։ Նույնիսկ 2 վրան, մեկը համալիրի մոտ, մյուսը՝ օպերայի։ Արտակարգ հետաքրքիր ծրագրեր են, բոլոր դասախոսությունները։ Չկա մի դասախոսություն, որ կարող եմ ասել ավելի պակաս է մի բանով, ավելի քիչ հետաքրքիր է կամ կարևոր, քան մյուսը։ Չկա։ Մենք ծրագիրը երբ կազմում ենք շատ ենք աշխատում դրա վրա։ Ես դա մենակ չեմ անում, մենք ունենք Սթարմուսի խորհուրդ, որտեղ շատ մեծ գիտնականներ ու արվեստագետներ են, մենք միասին փորձում ենք այդ ծրագիրը սինթեզել, սարքել հետաքրքրություններով ու տենց դեպք չի եղել, որ մեր դասախոսությունների ծրագիրը շոկ չառաջացնի հասկացող մարդկանց և մեդիայի մոտ։ Վերջերս իմեյլ ստացա մեր դասախոսներից մեկից, որն առաջին անգամ է գալիս «Սթարմուս» փառատոնին։ Խոսքը ՆԱՍԱ-ի նախկին նախագահ Չարլի Բոլդենի մասին է։ Երբ որ իրեն վերջին ծրագիրն ուղարկեցի, ինքն ինձ պատասխան ուղարկեց, որ ես դեռ կյանքում նման բան չեմ տեսել։ Պատկերացնու՞մ եք։ Ես տենց իմեյլներ շատ-շատ ունեմ։ Երևի մեր բոլոր դասախոսները, ովքեր հետ են վերադարձել, իմեյլ են արել, որ երբեք նման բան չեն տեսել ու անպայման մյուսին էլ կգան։ Միջազգային մեդիան, որոնք եկել են Սթարմուսին, այնպիսի տպավորություններով ու հոդվածներով են գնացել, որ մենք միշտ գոհ ենք եղել մեր արած աշխատանքից։ Տանջվել ենք, բայց լավ ենք արել։

Հարց — Պարոն Իսրայելյան, դուք կարողանում եք բառիս ուղիղ իմաստով, լսել աստղերին։ Ի՞նչ են ասում նրանք այն պատանիներին ու երիտասարդներին, ովքեր տարված են տիեզերքով ու ցանկանում են ապագայում լրջորեն զբաղվել այս ոլորտով։

Գարիկ Իսրայելյան — Այո, լսում ենք և իրենք ասում են, որ պատանիներն ու երիտասարդները պետք է անընդհատ հարցեր տան։ Փորձեն իրենց հարցերի պատասխանները գտնեն, ոչ միայն դասատուներից, ոչ միայն ծնողներից, որոնք շատ անգամ հնարավոր է չկարողանան, այլ հիմա անսահմանափակ հնարավորություններ կան ինտերնետում։ Բայց ուղղակի ուզում եմ զգուշացնել, որ ճիշտ կարողանան օգտվել թե ինտերնետում էդ ինֆորմացիան որտեղից են վերցնում։ Կարող եմ ասել, որ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ՆԱՍԱՆ, Եվրոպական տիեզերական խորհուրդը, հիմնական մեծ թերթերը՝ The Guardian, New York Times և այլն, բոլոր գիտական նյութերը արտակարգ ճիշտ, լավ սինթեզված են։ Շատ վստահելի աղբյուրներ են։ Բավական շատ անվստահելի աղբյուրներ էլ կան ինտերնետում, որտեղ ուղղակի սուտ ու սխալ, չճշտված բաներ են գրում, որպեսզի մարդկանց հետաքրքրությունը գրավեն։ Դժվար է երեխաների համար կողմնորոշվել որին վստահել, դրա համար ճիշտ կլիներ գոնե 6-7 կամ 10 տեղեր ունենային, որտեղ ճիշտ ինֆորմացիա կա ոչ միայն աստղագիտության, այլև առհասարակ գիտության մասին, ու դա դառնար իրենց այսպես ասած սեղանի վեբկայքը կամ բլոգը։ Երբ որևէ բան լսեին, գնային ու անմիջապես այդ աղբյուրներում ստուգեին։

Հարց — Եվ անպայման նրանց մոտ ամեն ինչ կստացվի։

Գարիկ Իսրայելյան — Անպայման ամեն ինչ կստացվի, անպայման։

Ցուցադրել ավելի
Back to top button