Զարթուցիչ

«Դու հո Մյունհաուզենը չե՞ս»․ Զարթուցիչ

Ստի ոտքը կարճ է․ հայտնի ասացվածք է, որը, վստահ ենք, լսել եք հաճախ, գուցե նույնիսկ անձնական փորձով եք համոզվել, որ այդպես է, և այլևս չեք էլ փորձել ստել․․․Ստի ոտքը, այո, կարճ է, բայց ոչ այն մարդու ստերի ոտքը, որի ծննդյան օրն է այսօր․․․

303 տարի առաջ այս օրը՝ մայիսի 11–ին է ծնվել Կառլ Ֆրիդրիխ բարոն ֆոն Մյունհաուզենը, որը, ի՞նչ իմանար, որ իր անունը հավերժանալու է գրականության մեջ, և որ իր ապրած ժամանակից դարեր անց մարդիկ միմյանց ստախոս անվանելու փոխարեն ասելու են՝ «դու հո Մյունհաուզենը չե՞ս»։

Եթե անգամ չեք կարդացել Էրիխ Ռասպեի «Բարոն Մյունհաուզենի արկածները» գիրքը, անհնար է, որ լսած չլինեք այս անունը և եթե, օրինակ, վիկտորինայի ժամանակ հարց հնչի՝ ո՞վ է աշխարհի ամենահայտնի ստախոսը, կպատասխանեք․․․իհարկե բարոն Մյունհաուզենը։

Իսկ գիտե՞ք, որ նա՝ Մյունհաուզենը, ոչ թե հորինված, այլ իրական մարդ է։

Կառլ Ֆրիդրիխ բարոն ֆոն Մյունհաուզենը ծնվել է 1720 թվականի մայիսի 11–ին Գերմանիայում՝ Բոդենվերդեր քաղաքում։ Նա հայտնի տոհմի զավակ էր։

15 տարեկանում Կառլն ընդունվել է հայտնի  հերցոգներից  մեկի թիկնազորում ծառայության։ 2 տարի անց նրան ուղարկել են ծառայության Ռուսաստան, որտեղ էլ ապրել է երկար տարիներ, իսկապես հայտնվել տարբեր արկածների մեջ, անգամ պատերազմի մասնակցել, ապա վերադարձել է հայրական կալվածք, անցել թոշակի և սկսել իր ապրած տարիների և արկածների մասին զարմանալի և անհավանական պատմություններ պատմել հարևաններին։

Պատմություններն, այո, անհավանական էին։ Դե, օրինակ, ոնց հավատաս, որ եղջերուի գլխին բալի կորիզից ծառ կաճի կամ որ մարդն իր կեղծամից բռնած՝ ինքն իրեն ճահճից կհանի, բայց բարոնն այնքան սրամիտ ու հետաքրքիր էր դրանք պատմում, որ աստիճանաբար սկսեց տարածվել պատմողի՝ նրա համբավը, և նրան լսելու համար հեռավոր վայրերից էլ մարդիկ սկսեցին գալ Բոդենվերդեր։

Տան մոտ գտնվող տաղավարը, որտեղ բարոնն ընդունում էր իր հյուրերին, շուտով  հայտնի դարձավ որպես «ստի տաղավար», ինքը՝ բարոնը, ստացավ «սուտասանների արքա» մականունը, իսկ հարազատներն էլ սկսեցին երես թեքել նրանից՝ համարելով, որ նա խայտառակում է իրենց տոհմը։

Եվ չնայած իրականում բարոնն այնքան էլ ուրախ կյանքով չէր ապրում և մահացավ միայնության մեջ՝ բոլոր հարազատներից լքված, բայց գրականության մեջ շարունակեց ապրել այլ կերպար՝ ուրախ, հնարագետ և սրամիտ բարոն Մյունհաուզենը, որի համար անելանելի իրավիճակներ չկան։

Գուցե հենց այս բնութագրման մեջ էլ թաքնված է բարոն Մյունհաուզենի գրական երկարակեցության և, չնայած ստերին, սիրված լինելու գաղտնիքը․ նրա ստերը ուրիշներին չէին վնասում, դրանք պարզապես հորինված արկածներ էին, որոնք ստեղծել էր վառ երևակայությունը և, մի տեսակ, ոնց որ սուտ էլ չլինեին․․․

Ի դեպ, բարոնն այնքան էր ձուլվել այս կերպարին, որ մահից առաջ էլ որոշեց չդավաճանել ինքն իրեն։ Իրեն խնամող միակ սպասուհու այն հարցին, թե ինչպես է կորցրել ոտքի երկու մատը, Մյունհաուզենը պատասխանեց․ «Դրանք որսի ժամանակ սպիտակ արջն է կերել»։ Կարող էր, չէ՞, ճիշտն ասել․ ցրտահարվել են Ռուսաստանում։ Կարող էր, բայց գերադասեց կատակել․․․թե՞ ստել․․․Չգիտենք որ բառն է այս դեպքում ճիշտ ասել․․․

Ի դեպ, Բոդենվերդեր քաղաքում ամենահայտնի տունն այսօր հենց բարոն Մյունհաուզենի տունն է, որը թանգարան է դարձել, հայրենակիցներն էլ կանգնեցրել են նրա արձանը, իսկ Բարոն Մյունհաուզենն այս վայրերում ամենասիրված ու հայտնի մարդն է՝ անգամ իր մահից երեք դար անց։

Մենք, այնուամենայնիվ չենք մոռանում, որ ստի ոտքը կարճ է և չենք ստում, որովհետև, դե, հո բարոն Մյունհաուզենը չե՞նք։

Ցուցադրել ավելի
Back to top button