Զարթուցիչ

Երևանի առաջին տիկնիկավարը. Զարթուցիչ

Այս առավոտը բոլորիդ առաջարկում ենք սկսել ձեր ամենասիրելի բանաստեղծությամբ, այն մեկով, որը միշտ ձեզ հետ է, ձեր մտքում․․.

Իսկ եթե սիրելի բանաստեղծությունները, քառատողերը կամ տողերը մեկը չեն, ուրեմն՝ որով կուզեք։ Բայց նախ ասենք, թե ինչու ենք այս առաջարկությունն անում․ որովհետև այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է․․․

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր համաժողովի նիստերից մեկի  ժամանակ որոշվեց ամեն տարի մարտի 21–ին նշել Պոեզիայի համաշխարհային օրը։ Առաջին անգամ այն նշվեց Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի կենտրոնակայանը, իսկ այդուհետև, արդեն 23 տարի է, օրը նշվում է աշխարհի տարբեր երկրներում։

Պոեզիան միավորում է մարդկանց, ժողովուրդներին, մշակույթները, օգնում է տարբեր լեզուներով խոսող և տարբեր հավատի տեր մարդկանց հասկանալ միմյանց, ունենալ նույն ապրումները, որովհետև երբ մարդկային մտքերն ու հույզերը բանաստեղծական մարմին են առնում, առավել հեշտ են ներթափանցում մեր հոգիները՝ հիշեցնելով այն հավերժական արժեքների մասին, որոնք կարևոր են ողջ մարդկության համար։

Եթե այնտեղ, որտեղ ապրում եք, ձեր տեսադաշտում, շուրջը անտառ կա, շնորհավորեք անտառին, որովհետև այսօր աշխարհում նշվող տոների շարքում մեկն էլ կա՝ Անատառի միջազգային օրը։ Այն նվիրված է անտառների պահպանությանը։ 

Երևի իմաստ էլ չունի հիմա երկար–բարակ խոսել այն մասին, թե որքան կարևոր են մեր մոլորակի, մեր երկրի, մեզնից յուրաքանչյուրի համար անտառները։ Անտառներով շնչում է Երկիր մոլորակը, անտառներով մաքրվում է օդը, որը շնչում ենք մենք, և եթե, իսկապես, ձեր բնակավայրը մոտ է անտառին, ինքներդ ձե՛զ էլ շնորհավորեք, որովհետև ձեզ բաժին է ընկել բնության ամենամեծ բարիքներից մեկի՝ անտառի հարևանը լինելու իրավունքը։

Եվ, չնայած, անտառը նոր է արթնանում ձմռան քնից, հիմա էլ, եթե հյուր գնաք նրան, ձեզ մաքուր օդի այնպիսի չափաբաժնով կդիմավորի, որ չեք էլ հասցնի հասկանալ, թե ոնց միանգամից դարձաք առույգ, առողջ և ուրախ։ Պարզապես պահպանենք անտառը։

Օրացույցը հիշեցնում է, որ այսօր՝ մարտի 21–ին, աշխարհում նշվում է նաև Տիկնիկավարի միջազգային օրը, որը հայտնի է նաև որպես Տիկնիկային գործիչների միջազգային օր։

Սա բոլոր այն մարդկանց տոնն է, որոնք իրենց ներդրումն ունեն տիկնիկային թատրոնի կայացման գործում։

Առաջին անգամ այս տոնը նշվել է 2003 թվականի մարտի 21–ին։ Հիմա սա տոնական օր է ոչ միայն աշխարհի տարբեր երկրներում ապրող և աշխատող տիկնիկային գործիչների համար, այլև բոլոր այն մարդկանց համար, ովքեր պարզապես սիրում են տիկնիկային թատրոնը և տիկնիկների աշխարհը՝ տիկնիկագործների, հեղինակային տիկնիկների վարպետների, տիկնիկային հավաքածուների հավաքորդների համար։

Մեկ տարի առաջ, հենց այս օրը՝ մարտի 21–ին, Տիկնիկավարի միջազգային օրվան ընդառաջ, Երևանի պատմության թանգարանում բացվեց «19–րդ դարի թանգարանային կահույքը տիկնիկային պատմություններով» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը, չնայած ի սկզբանե նախատեսված էր ժամանակավոր ցուցադրություն լինելու համար, բայց դարձավ թանգարանի մշտական և շատ սիրված ցուցադրություններից մեկը։

Ցուցադրության նմուշներից Պետո տիկնիկի նախատիպը Երևանի առաջին տիկնիկային գործիչներից մեկն է եղել, եթե ոչ՝ հենց առաջինը։ Լսենք Երևանի պատմության թանգարանի էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարինա Խաչմանուկյանի պատմությունը, որը, փաստորեն, Երևանի առաջին տիկնիկավարի մասին է։

Ցուցադրել ավելի
Back to top button