Զարթուցիչ

Ժամանակի կառավարումը՝ արդյունավետ օրվա բանալի. Զարթուցիչ

Ի՜նչ լավ կլիներ, որ ժամանակն ավելի շատ լիներ, ու ամեն բան հասցնեինք։ Պարզվում է, որ դա հնարավոր է, եթե մենք ունենում ենք ժամանակի ճիշտ կառավարում։ 

Թայմ մենեջմենթ-ի (Time Management)՝ նույն ինքը ժամանակի կառավարման մասին, հավանաբար, շատերս ենք լսել։ Բայց գիտե՞նք արդյոք, թե ժամանակի կառավարումը ի՞նչ կարևոր հմտություն է։ 

Այդ հմտություններից մի քանիսին էլ այսօր ուզում ենք անդրադառնալ։ Եթե հետաքրքրի, կարող եք ծանոթանալ ու կիրառել։ Որոշ ժամանակ անց կնկատեք, որ կարողանում եք և՛ ձեր օրը վերահսկել  և՛ հասցնում եք գրեթե բոլոր գործերը՝ դասերը, պարապմունքները, նույնիսկ հասցնում եք լիարժեք հանգստանալ։

Մինչ կպատմենք ժամանակի կառավարման մի քանի հմտությունների մասին, նախ պարզենք, թե ինչո՞ւ է այն կարևոր։

Ժամանակի կառավարումը օգնում է հասնել նպատակներին ավելի արագ ու արդյունավետ։ Օգնում է սահմանել հստակ նպատակներ, կենտրոնանալ ու ծրագիր կազմել անհրաժեշտ քայլերի և փուլերի վերաբերյալ։

Այն պահից, երբ մենք հստակ պատկերացնում ենք, թե ի՞նչ ունենք անելու և ինչպե՞ս ենք դա անելու, գրեթե վերանում են անհանգստությունն ու այլ խանգարող գործոնները։ Դրան զուգահեռ՝ մեծանում է ծրագրերն իրականացնելու ցանկությունն ու ներքին ուժ է կուտակվում։

Դե, ուրեմն, ծանոթանանք ժամանակի կառավարման ամենահայտնի ձևերին։ 

Սկսենք Պարետոյից, որը հայտնի 80/20 կանոնն է։ Այս տեխնիկան  ցույց է տալիս, որ ջանքերի 20%-ը տալիս է արդյունքի 80%-ը: Իսկ, եթե ձերբազատվենք մեր արդյունավետությանը խանգարող այլ հանգամանքներից, կարող ենք բարելավել գրեթե ցանկացած արդյունք։ Այսինքն, դասական տրամաբանությամբ, գործոնների 20%-ը ապահովում է հաջողության 80%-ը։ 

Դե․․․ չենք կարող խոսել ժամանակի կառավարման մասին՝ առանց Պոմոդորոյի մեթոդին անդրադառնալու։ Սա ևս ժամանակի կառավարման տարածված տեխնիկաներից մեկն է։ Հիմքում՝ կենտրոնացված աշխատանքի և հանգստի հավասարակշռումն է: Պոմոդորոյի դասական մեթոդի համաձայն՝ աշխատում ենք 25 րոպե, հանգստանում՝ 5 րոպե և այդպես շարունակ՝ կախված առաջադրանքի բարդությունից։ 

Եվ վերջում՝ ևս 2 հմտություն, որոնք   նպաստում են աշխատանքի վրա կենտրոնանալուն, իսկ որտեղ  կենտրոնացում, այնտեղ էլ՝ հաջողութուն։ 

Այսպիսով, արագ կենտրոնացման համար կարևոր է ժամանակի կառավարման մեջ պարբերաբար ներառել վերջնաժամկետներ, մեզ հայտնի՝ դեդլայնները։ Այդպես մոտիվացիան միշտ առաջին տեղում կլինի, քանի որ ունենալու ենք ժամանակի սահմանափակում։ 

Եվ կենտրոնացման ու ժամանակի կառավարման վերջին տեխնիկան, որն  ուզում ենք ներկայացնել, կոչվում է՝ առնվազն X րոպե։ Տեխնիկան շատ պարզ է։ Պատկերացնենք, որ մենք պետք է լուծենք մաթեմատիկայի 5 խնդիր։ Եթե չունենք կենտրոնացում, ուրեմն՝ առաջադրանքը սկսելու համար մեզ պետք է տրամադրենք X րոպե։ 

Օրինակ՝ խոստանանք ինքներս մեզ, որ 15 րոպեից սկսում ենք։ Արհեստականորեն ստեղծելով մոտիվացիա ու վերջում էլ մի քիչ կամքի ուժ գործադրելով՝ մենք կարող ենք հաշված որպեների ընթացքում այդ առաջադրանքը սկսել ու արդյունավետորեն ավարտին հասցնել։ 

Ցուցադրել ավելի
Back to top button