Հայկական էսքիզներ

Միայնակ լեռան գաղտնիքը

Երբ անցնում ենք Երևան-Գյումրի ճանապարհով, նույնիսկ, եթե շատ չենք կենտրոնանում շրջակայքի բնապատկերների վրա, անհնար է, որ թեկուզ մտովի չարձանագրենք այն փաստը, որ ահա, աջ կողմից մեզ սկսեց ուղեկցել Արայի լեռը:

Շատ մեծ երևակայություն չի պահանջվում լեռնազանգվածի վերին հատվածը պառկած տղամարդու առնական կիսադեմի նմանեցնելու համար: Իսկ երբ երևակայությունը մի քիչ էլ սկսում է աշխատել, ողջ լեռնազանգվածը դառնում է հայոց առասպելական արքան՝ Արա Գեղեցիկը: Նա այստեղ այսպես պառկած է արդեն քանի հազարամյակ: Լեգենդի համաձայն, Արա լեռը հենց Արայի սպանված մարմինն է:

Հաճախ լեռը բարձրացող զբոսաշրջիկներից կարելի է լսել՝ բարձրացանք ձեռքերի ուղղությամբ կամ թեքվեցինք դեպի ոտքերը:

Ձեռքերը լեռան միջնամասն է, ոտքերը՝ արևելյան մասը: Ամենաբարձր կետը՝ քիթը, գագաթի արևմտյան մասում ցցվող ժայռազանգվածն է, որն անվանում են նաև Աքլորաքար:

Արայի լեռը վերին երրորդական ժամանակաշրջանի հանգած հրաբուխ է: Բարձրությունը 2577 մ է: Արայի լեռը մյուս լեռնաշղթաների համեմատ բավական մեկուսի է և հետաքրքիր է նրանով, որ այս առանձնացած տարածքում կարելի է տեսնել մեր հայրենիքի բուսական աշխարհի գլխավոր տեսակները՝ կիսաանապատային, տափաստանային, մարգագետնային բուսածածկույթ, անտառ, թփուտներ: Լեռան տարածքը հարուստ է նաև կենդանական աշխարհով: Այստեղ բնակվում են բազմաթիվ թռչնատեսակներ, սողուններ, կրծողներ, կաթնասուններից՝ արջեր, գայլեր, աղվեսներ:

Արայի լեռը հայտնի է նաև Ծաղկեվանք անունով, որովհետև լեռան այրերից մեկում է գտնվում ժայռափոր Ծաղկեվանք մատուռը:

Ցուցադրել ավելի
Back to top button