Հայկական էսքիզներ

Հին Հայաստանի այցեքարտը աշխարհում

Հիշում եմ՝ երբ սովորում էի երրորդ դասարանում, ուսումնական տարվա վերջում մեր ուսուցչուհին որոշեց, որ մեզ էքսկուրսիա կտանի Մատենադարան։ «Ի՞նչ են հասկանալու նրանք Մատենադարանից»,–դժգոհեցին շատ ծնողներ, բայց ուսուցչուհիս պնդեց, և մենք՝ երրորդցիներս, հայտնվեցինք Մատենադարանում։

Մեր ծնողները ինչ–որ առումով ճիշտ էին, որովհետև ասել, թե մենք հասկացանք ու գնահատեցինք մեր տեսած ամեն ինչը, սխալ կլինի։ Բայց, իհարկե, չէր սխալվել նաև  ուսուցչուհին, որովհետև վեհության, ակնածանքի, հրաշքի հետ հանդիպման այն զգացումը, որ ունեցանք մենք, աննկարագրելի էր։

Եթե հիմա հարցնեք՝ ի՞նչն է տպավորվել այդ այցելությունից, ես կասեմ՝ Մատենադարան անունով հոյակերտ պալատը, որում հայտնվել էի, այնտեղ պահվող ամենամեծ ձեռագիրը՝ Մշո ճառընտիրն իր հեքիաթանման պատմությամբ, ապակիների տակ ապրող ձեռագրերի էջերի ոսկին, կապույտն ու կարմիրը և իմ փոքրիկ հայտնագործությունը ա՛յդ կարմիրի՝ որդան կարմիրի մասին․ ոչ միայն գույնի, այլև այն միջատի մասին, որից ստացվում է ներկը և որը նույնպես հայտնի է որդան կարմիր կամ արարատյան որդան կարմիր անունով։

Որդան կարմիրը կամ կարմրորդը փոքրիկ միջատ է, աշխարհում դրա երեք տեսակ է հայտնի՝ հայկական, մեքսիկական և լեհական։ Հայկական որդան կարմիրը էնդեմիկ տեսակ է, ապրում է միայն Արարատյան դաշտավայրի աղուտներում և ներկատու միջատներից ամենախոշորն է։ Ցավոք, հիմա այն գրանցված է Կարմիր գրքում՝ որպես անհետացող տեսակ, բայց հազարամյակներ շարունակ եղել է հայկական պետությունների խորհրդանիշն ու այցեքարտն աշխարհում։ Հայերը հավաքում էին այդ որդերը, եփում և ստանում մուգ ու պայծառ կարմիր գույնի ներկ, որ կոչվում էր որդան կարմիր կամ Հայկական ներկ։ Օտարները հաճախ «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին Որդան կարմիրի երկիր արտահայտությունը։

«Հայերն ունեն մի շատ տարօրինակ միջատ, որը ոչ մի տեղ չկա՝ բացի Հայաստանից: Սա մի կարմիր միջատ է, որն ապրում է հողում և հայտնվում է տարվա մեջ միայն տասը օր` վաղ առավոտյան, որի ընթացքում պետք է հասցնել հավաքել»,–գրել է 10–րդ դարի արաբ հեղինակներից մեկը՝ փոքր–ինչ սխալվելով․ որդան կարմիրն, իսկապես, կյանքի հիմնական մասն անցկացնում է հողում և հողի մակերևույթ է դուրս գալիս իսկապես էլ տարվա մեջ մեկ անգամ՝ սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին, բայց ոչ թե 10, այլ՝ 35–40 օրով։ Բայց արաբ հեղինակի սխալվելն էլ պատահական չէ․ որդանի մասին տեղեկությունները մեր նախնիները գաղտնի էին պահում և նույնիսկ Հայաստանում բոլորը չէ, որ գիտեին որդանից ներկ ստանալու տեխնոլոգիան, մշակման գաղտնիքները․ չէ՞ որ որդան կարմիրի արտադրությունը եղել է Հայ թագավորների մենաշնորհը։

Որդան կարմիրը, որը նաև «արևելքի հրաշք» էին անվանում, կիրառվում էր թե՛ արվեստներում ու արհեստներում, թե՛ բժշկության մեջ: Ազնվազարմ տիկնայք իրենց գեղեցկությունն ու երտասարդությունը պահպանելու համար օգտագործում էին որդան կարմիրից պատրաստված յուղեր:

Որդան կարմիրից ստացած ներկը օգտագործվում էր ոչ միայն բուրդ կամ այլ գործվածքներ ներկելու համար, այլ նաև մանրանկարչության, որմնանկարչության մեջ: Մեզ հասած հազարավոր ձեռագրերն ու որմնանկարները որդան կարմիրի բացառիկ որակի և նշանակության ապացույցն են: Որդան կարմիր ներկը շատ պայծառ է, չափազանց կայուն` լույսի, ժամանակի և այլ գործոնների նկատմամբ:

Որդան կարմիրն այնքան հայկական է, որ նրանով նաև շատ պեղածոների ծագումնաբանությունն է ճշտվում։ Օրինակ, 1949թ-ին Ալթայի Պազիրիկ կուրգանի դամբարանից հայտնաբերված և բազմաթիվ գորգագետների ու գիտնականների բուռն քննարկման առարկա հանդիսացող «Պազիրիկ» կոչվող խավավոր գորգը, որը 4500 տարեկան է, շատ մասնագետների կարծիքով հենց հայկական լեռնաշխարհում է ծնվել՝  ուրարտական ծագում ունի։ Գորգի հայկականության վարկածի հեղինակներից մեկը՝ հայտնի գորգագետ Գանցհորնն է, որը որպես գորգի արտադրության հավանական վայր նշում է Արտաշատի մերձակայքը։ Ըստ մասնագետների, այդ մասին են վկայում ոչ միայն գորգի՝ հայկական կրկնակի հանգույցով գործված լինելը, այլ նաև այն փաստը, որ այն ներկված է հայկական որդան կարմիրով։

Ցավոք, ժամանակի ընթացքում որդան կարմիրի բնակության տարածքն սկսել է սահմանափակվել, որդան կարմիր ներկի արտադրությունը, բնականաբար՝ նվազել այնպես, որ վերջին 400 տարիների ընթացքում ներկի ստացման գաղտնիքն անգամ անհետացել էԼ

Շատերն են փորձել վերականգնել որդան կարմիրի բաղադրությունը, սակայն դրա համար միայն ձեռագրեը կարդալու հմտությունը քիչ է. պետք է իմանալ, թե այս կամ այն տերմինն ինչ է նշանակել, ժամանակային ինչ միավորներ են կիրառվել:

1987թ-ին ՀՀ Արմավիրի մարզում՝ Արարատյան դաշտում՝ Արգավանդ, Արազափ և Ալաշկերտ գյուղերի միջև՝ ծովի մակարդակից 900-950 մ բարձրություններում ստեղծվել է որդան կարմիրի արգելավայր՝ անհետացման վտանգի տակ գտնվող այս հազվադեպ միջատների տեսակը պահպանելու համար։ Իհարկե, ափսոս է որդանը, որը հազարամյակներ պատմություն ունի և իհարկե լավ կլինի, որ շարունակի ապրել մեր կողքին։

Ցուցադրել ավելի
Back to top button