Հայկական էսքիզներ

1300-ամյա որմնանկարներով տաճարը

Եթե Հայաստանը ճանաչելու համար շրջագայությունների նոր ուղղություններ ու հասցեներ եք փնտրում, անպայման ձեր ցանկում ներառեք այս մեկը՝ Արագածոտնի մարզ, գյուղ Արուճ: Այստեղ է գտնվում վաղմիջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կառույցներից մեկը՝ Արուճի չքնաղ տաճարը: Բայց սա միակ հրաշքը չէ, որ կտեսնեք…
Եվ այսպես, ուղղությունը՝ Արուճ:

Այն, որ այս գյուղի տարածքը և դրա մերձակայքը հնագույն բնակավայր են եղել, ապացուցել են հնագիտական պեղումները: Դրանց արդյունքում հայտնաբերված հնագույն ամրությունների փլատակներն ու պեղածո այլ նյութերը Արուճում մարդու բնակվելու ժամանակը հասցնում են մինչև մ. թ. ա. 2-րդ հազարամյակ: Բայց այս տարածքում առավել հաճախ հանդիպում են 3-ից 17-րդ դարերին վերաբերող հնագիտական շերտեր և պատմամշակութային հուշարձաններ, իսկ Արուճի մասին առաջին մատենագիտական հիշատակությունը մեզ հասել է 5-րդ դարից՝ Եղիշեից, որն իր աշխատության մեջ գրում է, որ Արուճը Արշակունի արքաների ձմեռային զորակայաններից մեկն է եղել:
7-րդ դարում, երբ սկսվեցին արաբական ներխուժումները, Հայաստանն այլևս մեկ ամբողջական պետություն չէր, և նրա առանձին հատվածները ղեկավարում էին իշխանները: Սակայն այն իշխանը, որը խալիֆայության կողմից ստանում էր հայոց իշխանի տիտղոսը, փաստացի համարվոմ էր Հայաստանի կառավարիչը: 661 թվականին արաբ խալիֆի համաձայնությամբ հայոց իշխանի կոչումը տրվում է Գրիգոր Մամիկոնյան իշխանին, որն իր նստավայրն է դարձնում Արուճը, այստեղ կառուցել տալիս Սուրբ Կաթողիկե անունով վանական հսկա համալիրը և նրան կից պալատը, ուր և տեղափոխվում է ապրելու: Եվ Արուճը, փաստորեն, դառնում է երկրի վարչական կենտրոնը:

Ինչպես ասացինք, իշխան Գրիգորն իր կառուցած տաճարն անվանել է Սուրբ Կաթողիկե, ինչի մասին տեղեկանում ենք նաև վիմագրից, բայց այն առավել հայտնի է Սուրբ Գրիգոր անունով: 13 դարի պատմություն ունեցող տաճարն այսօր էլ, չնայած ժամանակի ավերիչ հետքերին, վեհատեսիլ է. սև ու կարմրաշեկ քարերով շարված նրա պատերն օրվա տարբեր ժամերին արևի ու երկնքի կապույտի հետ ասես խաղում են՝ մեկ կարմիրն է ավելի ջերմ դառնում, մեկ՝ սևն ավելի մուգ, մեկ գույները պարզապես խաղաղվում են արևի համբույրից: Իսկ ներսում տաճարի մեծ ու ընդարձակ տարածությունն է՝ մուգ պատերով, 1300-ամյա որմնանկարներից մնացած ուրվագծերով ու երկինք-գմբեթով. տաճարի գմբեթը, ցավոք, չկա, բայց նրա հիմքի շրջանից տաճար լցվող երկինքն էլ ուրիշ հրաշք է:

Արուճի ս. Գրիգոր եկեղեցին բարձրարվեստ կառույց է` միասնական ու վեհաշուք ներքին տարածությամբ: Լուսավորվել է 41 պատուհաններից և երեք լայնադիր դռներից ներթափանցող առատ լույսով: 7-րդ դարի որմնանկարներից միայն հատվածներ են պահպանվել Ավագ խորանում: Հատկապես տպավորիչ է եղել Քրիստոսի մեծադիր պատկերը, որը 7 մ բարձրություն է ունեցել, պահպանվել է դրա փոքր մի հատվածը միայն: Քրիստոսի պատվանդանի տակ երկաթագիր տառատեսակով գրված է նկարչի անունը՝ Ստեփաննոս:

Գրիգոր իշխանի պալատը տաճարի հարավ-արևելյան կողմում է եղել: Ցավոք, դրանից միայն ավերակներ են մնացել, որոնք բացվել են 1948-1951 թթ-ի պեղումների ժամանակ։
Իր պալատը Գրիգոր իշխանը կառուցել է Դվինի ավերված կաթողիկոսական պալատի նմանությամբ:
Բուն պալատը սյունազարդ դահլիճն է եղել, ուր այժմ էլ կարելի է տեսնել գահասրահը զարդարող 2 հսկա, քանդակազարդ խոյակներ։
Այստեղ, այս ավերակների մեջ կանգնած, կարող եք երևակայել, որ իշխանական պալատի հյուրն եք. իր տեսակի մեջ Հայաստանում միակ պահպանված իշխանական քարե գահը ձեզ կհամոզի դրանում:

Քիչ այն կողմ գերեզմանոց է՝ հին տապանաքարերով, որոնց վրա դժվար է թիվ ու տառ տարբերակելը: Ովքե՞ր են թաղված այստեղ. հավանաբար՝ ոչ միայն իշխանական ընտանիքի անդամներն ու մտերիմները: Չէ՞ որ շատ ջրեր են հոսել այն ժամանակներից, բայց դրանց մեջ, հաստատ, եղել են մարդիկ, ովքեր տեսել են Արուճի տաճարն իր փառքի օրերին, երբ իշխանական ընտանիքը դուրս էր գալիս պալատից, մտնում տաճար՝ խոնարհվելու Աստծուն, հետո մոտենում կիրճի եզրին՝ հիանալու շրջակայքի գեղեցկությամբ և մի բուռ ջուր խմելու այն աղբյուրից, որի մասին հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին և որն այսօր էլ բխում է այստեղ:

Ցուցադրել ավելի
Back to top button